«Ռուսաստանը ոչ մի երկրի դեմ հարձակում չի ծրագրում: Ներկայումս ռուսական զորքը չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա», – գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում ասել է Եվրամիությունում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չիժովը:
Ռուսաստանի նախագահը հարցին ուղիղ պատասխանելուց մեծամասամբ խուսափում է․ երեկվա մամլո ասուլիսին Դոնբասում հավանական պատերազմի հարցը մի քանի անգամ է հնչել, Պուտինն ի պատասխան խոսել է 2014-ին Ուկրաինայում տեղի ունեցած «արյունալի հեղաշրջման», ռուսների և ռուսերեն լեզվի նկատմամբ ճնշումների, Ռուսաստանի սահմանների մոտ «Հակառուսաստան ստեղծելու», ԱՄՆ-ի, ԱՄՆ հրթիռների, ԱՄՆ ազդեցության, ՆԱՏՕ-ի ընդլայնման, «մեր տան շեմի» և անգամ այն մասին, որ Ուկրաինան ստեղծել է Վլադիմիր Իլիչ Լենինը։ Պատերազմի հավանականությունը նա ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել։
Զորքեր սահմանին, հավանական պատերազմ
Միջազգային մամուլն առնվազն հոկտեմբերի վերջից ահազանգում է Ուկրաինայի արևելյան սահմանի երկայնքով ռուսական զորքերի մասշտաբային կուտակման մասին։ Ամերիկյան հետախուզությունը հայտարարում է, որ Մոսկվան նախապատրաստվում է լայնածավալ հարձակման։ Ռուսաստանն ի պատասխան մեղադրում է Միացյալ Նախահանգներին և ՆԱՏՕ-ին՝ իր սահմանի երկայնքով ռազմական ենթակառուցվածքներ տեղակայելու, դեպի Արևելք ընդլայնվելու համար և ակնարկում պատասխան գործողությունների մասին, որոնց բովանդակությունը մեծամասամբ չի սահմանվում։
Դեկտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը տեսակոնֆերանս էին կազմակերպել, որը նվիրված էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։ Պուտին-Բայդեն բանակցություններից հետո Պենտագոնը հայտարարեց, որ ռուսական կողմը շարունակում է զորքերի կուտակումը, Մոսկվան հանդես եկավ պատասխան մեղադրանքներով։
Ռուսաստանը վերջնագիր է ներկայացնում
Իրավուճակը էսկալացվեց դեկտեմբերի 17-ին՝ բանակցություններից տասը օր անց, երբ Ռուսաստանի արտգործնախարությունը հրապարակեց («անվտանգության երաշխիքների մասին») ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև պայմանագրի, նաև («անվտանգության միջոցների ապահովման մասին») ՌԴ-ի և ՆԱՏՕ անդամ երկրների միջև համաձայնագրի նախագծերը։
Փաստաթղթերը ներկայացնում են ռուսական կողմի պահանջները․ դրաց զգալի մասը պարտավորություններ են, որոնք, ըստ Մոսկվայի, պետք է ստանձնի ԱՄՆ-ն։
Առանցքային պահանջը հետևյալն է․ իրավականորեն ամրագրել, որ ՆԱՏՕ-ն հրաժարվում է դեպի Արևելք հետագա ընդլայնումից, և բացառել Դաշինքին նախկին ԽՍՀՄ երկրների անդամակցությունը։ Փաստաթղթերից մեկում առանձին հիշատակվում է Ուկրաինան և ընդհանուր՝ «Արևելյան Եվրոպայի, Անդրկովկասի և Միջին Ասիայի մնացած երկրները»։
Ամերիկյան առաջատար մամուլը սա որակեց որպես «վերջնագիր», որը կարող է նախանշել Ուկրաինայի նկատմամբ հարձակումը․ պահանջների մի մասը հռչակվեց որպես միտումնավոր անիրատեսական։ Ռուսական պետական մամուլը բարձր գնահատեց «պաշտոնական Մոսկվայի հռետորաբանության աննախադեպ կոշտությունը»՝ չբացառելով, միևնույն ժամանակ, ռազմական էսկալացիայի հեռանկարը։
ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն հայտնած Վրաստանը Մոսկվայի պահանջները անընդունելի որակեց։ «Փոխադարձ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունը որոշելու իրավունք ունեն միայն Կիևն ու ՆԱՏՕ-ի ադամները», – հիշեցրեց Ուկրաինան։ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին վերահաստատեց՝ երկրներն իրե՛նք պետք է որոշեն իրենց ապագան։
Արտահայտվեց նաև Հյուսիսատլանտյան դաշինքը․ «ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի հարաբերությունները վերաբերում են միայն Ուկրաինային և ՆԱՏՕ-ի անդամ 30 երկներին։ Մենք կտրականապես մերժում ենք դաշնակիցների անվտանգությունը տարանջատելու ցանկացած փորձ», – հայտարարեց Դաշինքը՝ ի պատասխան պահանջելով Ուկրաինայի տարածքից դուրս բերել ռուսական զորքերը, որոնց ներկայությունը Դոնբասում Մոսկվան հերքում է։ Ընդգծվեց նաև Ռուսաստանի հետ «կոնստրուկտիվ երկխոսության» կարևորությունը, վերահաստատվեց «մոտակա ապագայում Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստ անցկացնելու» առաջարկը։
Մումուլը սա մեկնաբանեց որպես ՆԱՏՕ-ին Ուկրաինայի, Վրաստանի և հետխորհրդային այլ երկրների անդամակցությունը բացառելու պահանջի կանխատեսելի մերժում։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն սեղանին դրված փաստաթուղթը մեկնաբանեց այսպես․ «Մենք պատրաստ ենք խոսել այն մասին, որ հակամարտության ռազմական սցենարը կամ ռազմատեխնիկական սցենարը բերվի որոշակի քաղաքական պրոցեսի»։
Վաշինգտոնն առաջարկում է շարունակել երկխոսությունը, Ռուսաստանը՝ կողմնորոշվել, ոչ թե շատախոսել
Երկխոսությունը շարունակելու մասին Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի հաստիքային հայտարարությունների ֆոնին աչքի են ընկնում Ռուսաստանցի պաշտոնյաների ուլտիմատիվ հայտարարությունները։
Փոխարտգործնախարար Գրուշկոն, օրինակ, շեշտում է՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները հասել են մի կետի, երբ հարկավոր է «սկզբունքորեն կողմնորոշվել»․ «Մենք այս քայլն արդեն արել ենք և ելնում ենք այն բանից, որ դրանից այլևս հնարավոր չի խույս տալ, հնարավոր չէ զուտ շատախոսել»։
«Մեզ համար կարևոր է ոչ թե բանակցությունների ընթացքը, այլ դրանց արդյունքները», – ընդգծում է Ռուսաստանի նախագահը։
«Մեզ ֆը-ռա-ցրել են», – երեկվա ասուլիսին Պուտինն այսպես էր մեկնաբանում ՆԱՏՕ-ն դեպի Արևելք չընդլայնելու մասին արևմտյան գործընկերների խոստումները, որ տրվել են դեռ 90-ականներին։ Դրանցից հետո, ըստ ռուս պաշտոնյայի, ՆԱՏՕ-ն ընդլայնվել է շուրջ 5 անգամ․ «Մենք չեն գնացել, մեզ մոտ են եկել»։
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներն, ըստ նրա, Ռուսաստանին երաշխիքներ պետք է տան՝ «անհապաղ, հիմա՛», ոչ թե «տասնամյակներով շատախոսեն»։
Հարցին՝ երաշխավորում է արդյո՞ք Ռուսաստանը, որ որևէ դեպքում չի ներխուժի Ուկրաինա կամ ցանկացած այլ երկիր, Պուտինը պատասխանել է․ «Ի՞նչ ա՝ մե՞նք ենք ԱՄՆ սահմանների կողքին հրթիռներ դնողը։ Ո՛չ։ ԱՄՆ-ն է իր հրթիռներով եկել մեր տան մոտ։ Արդո՞ք դա ավելորդ պահանջ է՝ մեր տան մոտ հարվածային համակարգեր էլ մի դրե՛ք։ Ինչպե՞ս ամերիկացիք կվերաբերվեին, եթե մենք Ամերիկայի և Մեքսիկայի սահմանին հրթիռներ դնեինք։ Ի՞նչ է՝ Մեքսիկան և Ամերիկան տարածքային տարաձայնություններ չունե՞ն։ Բա Կալիֆորնիան ու՞մն էր։ Իսկ Տեխասը՞։ Մոռացե՞լ են»։
Պատերազմ կլինի՞, թե՞ չի լինի․ Պուտինը հստակ չի որոշել
Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ ղեկավարի խորհրդական Ջեյկոբ Սալիվանը հայտարարեց, թե, ամերիկյան հետախուզության տվյալների համաձայն, Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են Ուկրաինայի տարածք ներխուժելու հեռանկարը, բայց վերջնական որոշում դեռ չունեն։ «ԱՄՆ կառավարության այսօրվա գնահատականը հետևյալն է․ [Պուտինը] դեռևս որոշում չի կայացրել»։
Այսօրվա ասուլիսին Պուտինը նշել էր, որ ԱԳՆ հայտարարության հրապարակումից հետո դրական շարժ է տեսնում․ «Մենք առանց որևէ խորամանկության հարց էինք դրել․ դեպի արևելք ՆԱՏՕ-ի առաջխաղացում չպետք է լինի։ Եվ, մեծ հաշվով, հիմա դրական արձագանք ենք տեսնում»։
ԱՄՆ ավելի վաղ կոչ է արել իր քաղաքացիներին Ուկրաինա չգնալ
Մի քանի օր անց՝ դեկտեմբերի 20-ին, Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը կոչ արեց Միացյալ նահանգաների քաղաքացիներին վերանայել Ուկրաինա մեկնելու որոշումը։ Պատճառների շարքում հիշատակվում էր քովիդն ու «Ռուսաստանից օրեցօր աճող սպառնալիքները»։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է տեղյակ լինեն, որ Ռուսաստանը ծրագրում է ռազմական գործողություններ իրականացնել Ուկրաինայի դեմ։ Անվտանգության պայմանները, մասնավորապես՝ Ուկրաինայի սահմանների երկայնքով, Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում և Ռուսաստանի կողմից վերահսկվող Արևելյան Ուկրաինայում, անկանխատեսելի են և կարող են վատթարանալ», – ասվում էր հայտարարության մեջ։
Ռուսաստանում վարձկաններ են հավաքագրում․ «Գնացեք ազատագրելու Նովոռոսիան»
Ռուսաստանը սկսել է վարձկանների հավաքագրել՝ Դոնբաս գործուղելու համար, դեկտեմբերի 22-ին գրել է ռուսական «Մեդուզան»։
Պարբերականը զրուցել է հավաքագրողների և Սիրիայում, Աֆրիկայում, Դոնբասում նախկինում ծառայած վարձկանների հետ, ովքեր մերժել են «գործուղման» առաջարկը։ Զինվորականներից մեկը պատմել է խոստացված աշխատավարձի (ամսական մոտ 240 հազար ռուբլի) և ապագա ջոկատի մարզման բազայի (Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ուսումնական կենտրոն Դոնի Ռոստովի մերձակայքում) մասին։
Ըստ «Մեդուզայի», սկսած 2021 թվականի նոյեմբերից «Ուկրաինա վարձատրվող գործուղման» առաջարկ ստացել են ոչ միայն պրոֆեսիոնալ վարձկանները, այլև Դոնբասի շարքային վետերանները և Լուգանսկի, Դոնեցկի՝ զինվորական փորձ ունեցող բնակիչները, նախկին բանտարկյալները։ «Գնացեք ազատագրելու Նովոռոսիան», – պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով, այսպես է պաշտպանության նախարարության հավաքագրողը նկարագրել գործուղման նպատակը։