Home / Շուկա / «Այն, ինչ չարեցինք 2014-ին՝ կանենք հիմա». Պուտինի և Բայդենի բանակցությունները

«Այն, ինչ չարեցինք 2014-ին՝ կանենք հիմա». Պուտինի և Բայդենի բանակցությունները

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները երեկ անց են կացրել այս տարվա արդեն երկրորդ բանակցությունները՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է, որ Արևմուտքը «խիստ տնտեսական և այլ միջոցների» կդիմի, եթե Ռուսաստանն Ուկրաինայի վրա հարձակում գործի։ Վլադիմիր Պուտինն իր հերթին երաշխիքներ է պահանջել, որ ՆԱՏՈ-ն չի ընդլայնի արևելքում իր ազդեցության գոտին։

Տեսակապի միջոցով երկու ժամ տևած խոսակցությունից հետո կողմերը հայտարարություններ են տարածել։ Այս անգամ Կրեմլի և Սպիտակ տան հրապարակած ռելիզներում անհամապատասխանություններ և հակասություններ գրեթե չկային։ Միացյալ Նահանգների հայտարարության մեջ մեծ ուշադրություն էր հատկացվում Ուկրաինայի վրա հարձակման դեպքում Ռուսաստանի նկատմամբ գործադրվելիք հնարավոր պատժամիջոցներին։ Ռուսական կողմը սանկցիաների մասին խոսակցությունները հաստատում է՝  ընդգծելով, որ Ուկրաինայի հետ հակամարտության հարցերը ներպետական բնույթ ունեն։

Երկու երկրների զեկույցներում էլ խոսվում է այն մասին, որ նախագահները որոշ հրահանգներ են տվել իրենց թիմերին՝ Ուկրաինայի սահմանին իրավիճակի լարման հետ կապված։ 

Պաշտոնական Մոսկվայի համաձայն, նախագահ Պուտինը «զգայուն» հարցեր է քննարկել ՆԱՏՈ-ի կողմից Ուկրաինայի տարածքի յուրացման, Ռուսաստանի սահմաններին մոտ ռազմական պոտենցիալի կուտակման և այլ նմանատիպ թեմաներով։ Այս ամենի հետ կապված ռուսական կողմը «հուսալի և իրավական ուժ ունեցող երաշխիքներ է պահանջել, որոնք կբացառեն ՆԱՏՈ-ի առաջխաղացումն արևելյան ուղղությամբ»։

Ամերիկայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Բայդենն այսօր պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Սալիվանն ընդգծել է, որ Միացյալ նահանգների նախագահը հրաժարվել է Պուտինի առաջ պարտավորություններ ստանձնել ՆԱՏՈ֊ի՝ Ուկրաինայի տարածքում հնարավոր գործողությունների մասին։ Պաշտոնյայի պնդմամբ, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ոտնձգությունների դեպքում, ամերիկյան կողմը պատրաստ է լրացուցիչ ռազմական ռեսուրսներ կենտրոնացնել Ուկրաինայի արևելքում։

«Այն, ինչ չարեցինք 2014-ին՝ կանենք հիմա», – նշել է Սալիվանը՝ նկատի ունենալով Արևմուտքի արձագանքը Ղրիմի բռնակցմանը։

Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հատուկ նշել է, որ բանակցությունների ժամանակ երկու նախագահները չեն խոսել «Հյուսիսային հոսք-2»-ի, հակահամաճարակային քաղաքականության, էներգետիկայի, բնապահպանական և այլ ընդհանուր խնդիրների մասին։

Սպիտակ տան հաղորդագրությունում նշված է, որ Բայդենն ու Պուտինը երեկ քննարկել են նաև ռազմավարական կայունությունը, վերջին կիբերհարձակումների շուրջ բանակցությունները և համատեղ աշխատանքը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին Իրանն է:

Փորձագետների կարծիքով, երեկ տեղի ունեցած բանակցությունների իրական արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Եթե Ռուսաստանը դադարեցնի ռազմական ռեսուրսների կուտակումը կամ զորքերը հետ քաշի՝ ուրեմն, այնուամենայնիվ, պայմանավորվել են։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ տեղեկություններ կան դեկտեմբերի 1-2-ին Ռուսաստանի մասնակցությամբ Ուկրաինայում սպասվող հեղաշրջման փորձի մասին։ Իշխանության բռնազավթումը, ըստ Զելենսկու, նախատեսվում էր իրականացնել ուկրաինացի բիզնեսմեն, Դոնբասի վառելիքաէներգետիկ ընկերության սեփականատեր Ռինատ Ախմետովի օգնությամբ։ 

Պաշտոնական Կրեմլը Զելենսկու հայտարարությունը զրպարտանք է որակել, նշելով, որ Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մասնակցություն ունենալ Ուկրաինայի հիպոթետիկ հեղաշրջման մեջ։

Ավելի ուշ, սակայն, լուրեր էին շրջանառվում Ուկրաինայի արևելքում ռուսական զորքերի տեղաշարժերի և նոր ռազմական ռեսուրսների կենտրոնացման մասին։ Սրան ի պատասխան Ուկրաինական կողմը ևս հզորացնում էր սահմանային զորքերի սպառազինությունն ու նոր զորքեր էր կուտակում։