«Ուզում եմ հաստատել, որ շատ պոզիտիվ հանդիպում ենք ունեցել, պոզիտիվ խոսակցություն։ Քննարկել ենք փաստացի օրակարգի բոլոր հարցերը։ Սա հանդիպում չէր՝ խնդիրները թաքցնելու համար, սա հանդիպում էր, որում մենք բաց քննարկում էինք բոլոր հարցերը։ Ուզում եմ նշել, որ շատ հարցերի շուրջ մենք հստակեցրեցինք մեր դիրքորոշումները, և պարզվեց, որ որոշ հարցերի շուրջ մենք ոչ մի տարընթերցում չունենք՝ ինչպես թվում էր մինչև այս հանդիպումը», – Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցություններին հաջորդած ասուլիսին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Վլադիմիր Պուտինը մինչ այդ ներկայացրել է ձեռք բերված պայմանավորվածությունները․
«Առաջինը՝ մինչև տարեվերջ մենք պայմանավորվել ենք մշակել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացման և դեմարկացման մեխանիզմները։ Հույս ունեմ՝ դա հնարավորինս շուտ տեղի կունենա, այդ մեխանիզմները ստեղծելու համար որևէ խոչընդոտ չկա։
Երկրորդը՝ կա մի շատ զգայուն պահ՝ կապված հումանիտար բնույթի հարցերի հետ։ Այստեղ մենք ևս նկատելիորեն առաջ ենք գնացել։
Երրորդը՝ մենք շատ մանրամասն խոսել ենք տնտեսական բնույթի հարցերի, տնտեսական կապերի զարգացման մասին, նախևառաջ՝ իբրև առաջին քայլ, խոսել ենք տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին։ Դա վերաբերում է և՛ երկաթգծին, և՛ ավտոմոբիլային ճանապարհներին։ Այստեղ հարկավոր է շնորհակալություն հայտնել մեր վարչապետներին, որոնք այս ուղղությամբ արդեն բավականին երկար ժամանակ է՝ աշխատում են։
Չորրորդը՝ հաջորդ շաբաթ, և սա մեր հերթական պայմանավորվածությունն է, վարչապետները կհանդիպեն Մոսկվայում, որպեսզի ամփոփեն որոշ արդյունքները և հայտարարեն այն լուծումների մասին, որոնք մենք այսօր համաձայնեցրել ենք», – ասել է Պուտինը։
Փաշինյանը հավելել է․ «Ուզում եմ նշել, որ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման հարցով մենք իսկապես ֆիքսեցինք, որ ընդհանուր պատկերացում ունենք այն բանի շուրջ, թե ինչպես են այդ կոմունիկացիաները գործելու։
Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկը նոր թեմա չէ։ Մենք քննարկեցինք այս հարցը և ընդունեցինք նաև եռակողմ հայտարարություն, որում ֆիքսեցինք, որ հարկավոր է մինչ այդ ստեղծել անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ կայունության և անվտանգության մեխանիզմներ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին․․․»
Վարչապետը հավաստիացրել է, որ անդրադարձ է արվել նաև հումանիտար հարցերին։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները եռակողմ հայտարարություն են ստորագրել։