Մոսկվայում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս տարի արդեն չորրորդ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ երկու առաջնորդները հեռախոսով մշտական կապի մեջ են, և «անձնական հանդիպումները միշտ արդյունավետ են անցնում՝ ցանկալի արդյունքի հասնելու համար» և հույս հայտնել, որ «այս անգամ էլ այդպես կլինի»։
«Կխոսենք թե ֆորմալ, և թե ոչ ֆորմալ միջավայրում, կճաշենք, կքննարկենք ընթացիկ գործերը, կխոսենք հեռանկարների մասին: Շուտով մեզ մոտ ԱՊՀ գագաթնաժողովն է, կցանկանայինք ձեզ հետ «համաձայնեցնել ժամացույցները» նաև այդ ուղղությամբ և, բնականաբար, մեր համագործակցության հիմնական հարցերով, այդ թվում՝ այսօրվա դրությամբ և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կարգավորման հարցով: Շատ ուրախ եմ ձեզ տեսնել, բարի գալուստ»,- նշել է Պուտինը:
Հայաստանի վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ ընդգծելով, որ նման հաճախակի հանդիպումները վկայում են Երևանի և Մոսկվայի «հարաբերությունների բարձր դինամիկայի» և «ռազմավարական դաշնակցային հարաբերությունների կարևորության երկուստեք ընկալման մասին»։
«Իհարկե, ներկայումս մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում տեղի են ունենում դինամիկ գործընթացներ, և շատ կարևոր է, որպեսզի դաշնակիցները հաճախ հանդիպեն, զրուցեն, «համաձայնեցնեն ժամացույցները»: Իհարկե, ցավոք առայժմ չի կարելի ասել մեր տարածաշրջանում իրավիճակի լիարժեք կայունացման մասին: Ինչպես Դուք նկատեցիք, ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված, և հասկանալի է, որ հակամարտության կարգավորման ու ընդհանրապես՝ մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում առանցքային դեր է խաղում Ռուսաստանը, որ հանդիսանում է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր: Իհարկե, այս բոլոր հարցերը շատ կարևոր են, առանցքային հարցեր են, և ես շատ ուրախ եմ այս ամբողջ օրակարգը ձեզ հետ քննարկելու առիթի համար»,- ասել է Հայաստանի ղեկավարը: