Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները վերջին երկու ամիսներին պարբերաբար հայտարարություններ են անում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասով փոխադարձ «դրական ազդակների» մասին։ Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանից և Ռեջեփ Թայիփ Էրդողանից բացի այս թեմային անդրադառնում են նաև երկու երկրների ակլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մինչ Երևանը խոսում է հիմնականում հարաբերությունների կարգավորման գործընթացին «առանց նախապայմանների» սկիզբ դնելու մասին, թուրքական կողմից նախապայմանների մասին առնվազն ակնարկներ նկատվում են։
Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ «օգտակար կլիներ բանակցություններ սկսել» Բաքվի՝ Երևանին առաջարկած խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։
«Նիկոլ Փաշինյանը, վարչապետի պաշտոնում ընտրվելուց և Կառավարության կազմավորումից հետո, դրական ազդակներ է հնչեցրել։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանք դրական է գնահատել», – ասել է Չավուշօղլուն՝ ադրբեջանական Report գործակալությանը տված իր հարցազրույցում։
Նախարարը նշել է, որ այս հարցում առաջիկա քայլերի մասով՝ Անկարան Բաքվի հետ համընթաց է գործելու։
«Մեր ցանկությունն է կարգավորել հարաբերությունները։ Բնականաբար, Հայաստանը ևս պետք է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկի։ Ադրբեջանն առաջարկել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր [կնքել]։ Կարծում եմ՝ օգտակար կլիներ քննարկումներ սկսել այս հարցով։ Պարզ է, որ մենք այս հարցում Ադրբեջանի հետ համաձայնեցված կգործենք, և, եթե նախապայմանները կատարվեն, թե Ադրբեջանը, թե Թուրքիան կարող են բացել սահմաններն ու կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Բայց այս հարցում, Հայաստանը պետք է գործի ոչ միայն խոսքերով, այլև արդյունավետ և շոշափելի քայլերով», – եզրափակել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 19-ին հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանն իրեն Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպելու առաջարկ է հղել՝ ընգծելով, որ որպեսզի այդ հանդիպումը կայանա՝ հայկական կողմը պետք է հստակ քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Արդեն երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Հայաստանի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն «Ազատության» ուղիղ եթերում հայտարարեց, որ Էրդողան-Փաշինյան հանդիպում «նախատեսված չէ»։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ևս անդրադարձել է երկու երկրների հարաբերությունների կարգավորման թեմային ու հիշեցրել՝ հայկական կողմը, այդ թվում՝ նախկին իշխանության տարիներին, բազմիցս հայտարարել է, որ կողմ է հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների․
«․․․Երբ նախապայմաններ են լինում, դժվար է լինում որևիցե հարցում առաջ գնալ։ Եվ հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների, և հնարավորություն կլինի երկխոսություն սկսել առանց նախապայմանների։ Բոլոր գոյություն ունեցող հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի», – լրագրողների հետ զրույցում ընդգծել է պաշտոնյան։
Թեմային այսօր անդրադարձել է նաև Էրդողանը՝ կրկին նշելով, որ Փաշինյանից դրական ուղերձներ է ստանում․ այս անգամ՝ Թուրքիայի նախագահի կողմից դեռևս անցյալ տարի առաջարկված «Վեցի (կամ Հինգի) հարթակի» հարցում, որն ըստ Էրդողանի պետք է ներառի Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը, Ադրբեջանն ու, «ցանկության դեպքում», Հայաստանը։ Նա նշել է նաև, որ այդ հարցը կքննարկվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում այս ամիս կայանալիք բանակցությունների ժամանակ։
«Մենք հնարավորություն կստանանք լավ զարգացնել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը։ Սա ներառված է այն հարցերի օրակարգում, որոնք ես կքննարկեմ պարոն Վլադիմիր Պուտինի հետ ամսվա վերջին։ Այսպիսով ռուս-թուրքական հարաբերությունները նոր հզոր խթան կստանան», – նշել է նախագահը։
Հիշեցնենք նաև, որ դեռևս օգոստոսի 18-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս նշեց, որ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար էական է թշնամության մթնոլորտի կառավարումն ու հաղթահարումը, հավելելով, որ դրական ազդակներ են ստացվել Թուրքիայից՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Օգոստոսի 29-ին արդեն էրդողանը հայտարարեց՝ ««Չնայած կարծիքների և ակնկալիքների տարբերություններ կան, բայց վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու անկեղծ ջանքերի գործադրումը պատասխանատու մոտեցում կլինի հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա»։
Իսկ սեպտեմբերի 7-ին Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին խոսակցության։