Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին խոսակցության, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության այսօրվա նիստում։
«Հայաստանի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը: Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն: Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրվածի ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ: Մեծ հաշվով, խոսքը մեր տարածաշրջանը արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է»,- ասել է պաշտոնյան:
Վարչապետն «ուրախությամբ արձանագրել է», որ գործընթացին ակտիվորեն աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանը: Գործընթացով հետաքրքրված են նաև ԵՄ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, իսկ Չինաստանն ու Հնդկաստանը, ըստ վարչապետի, շահագրգռված են «կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ»։
«Մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ խնդրի լուծման համար: Խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի և ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ, մտածված, պրագմատիկ ջանքեր են պահանջվում, և Հայաստանը պատրաստ է նման ջանքեր գործադրել»,- նշել է Հայաստանի ղեկավարը ընդգծելով, որ տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը կառավարության երկարատև ռազմավարությունն է:
Փաշինյանը վերահաստատել է, որ կարևորում է տարածաշրջանում կոմունիկացիաների վերաբացման հարցը։