հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանը պատրաստ է բացվել, բանակցել և սպասում է կոնկրետ առաջարկների

Հայաստանը պատրաստ է բացվել, բանակցել և սպասում է կոնկրետ առաջարկների

«Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույյն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների», – ասել է հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության այսօրվա նիստին։

Փաշինյանը հիշեցրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հուլիսի 29-ի հայտարարության մասին,  «որի առանցքային ուղերձը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերի ձեռնարկումն էր, սադրիչ քայլերից և հայտարարություններից զերծ մնալու՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված կոչը»։ Փաշինյանը հիշեցրել է նաև ԱԳՆ-ի հուլիսի 30-ի հայտարարության մասին, որով կառույցը ողջունում էր համանախագահողների հայտարարությունը՝ «այդպիսով արտահայտելով ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո խաղաղ բանակցությունները վերսկսելու ՀՀ հանձնառությունը»։

Վարչապետը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ «հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա կայունացման համար»։

Այսուհանդերձ, ըստ Փաշինյանի,  այդ գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման։ Հայաստանի ղեկավարի կարծիքով՝ դա պիտի լինի ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, ապա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դիտորդական առաքելություն։

«Վերադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կոչի՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների։

Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն։ Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է լինենք առավելագույնս ակտիվ և ճկուն, մեր տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը․ առավելագույնն անել օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար։ Իհարկե, կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ, հարցեր կան, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց մեր տրամադրվածությունը, կրկնում եմ, պիտի լինել հետևյալը՝ գնալ լուծումների», – ասել է Փաշինյանը։

Արագ լուծելի հարցերից մեկն, ըստ պաշտոնյայի, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է և տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը։ Վարչապետի կարծիքով՝ պետք է օր առաջ սկսվեն աշխատանքները փոխվարչապետների եռակողմ (Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան) ձևաչափում, և «լինենք առավել ակտիվ և նախաձեռնող տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից»։

«Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումը անփոփոխ է, և կարծում ենք՝ այս ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվանան։

Թշնամության և թշնամանքի հետագա խորացումը մեր տարածաշրջանում անթույլլատրելի է։ Դա սպառնալիք է ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության համար։ Թե թշնամության մթնոլորտի խորացումը ինչպիսի դրսևորումների կարող է բերել, տեսանք Բաքվում բացված, այսպես կոչված, «ավարի պուրակի» օրինակով, որը, կարծում եմ, անարգանք է մեր տարածաշրջանի և տարածաշրջանային քաղաքակրթության հասցեին։ Սա ընդգծում եմ ցույց տալու, թե որքան հրատապ է տվյալ հարցի կառավարումը։ Թշնամության հաղթահարումը կարող է և պետք է դառնա մեր տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակագի կարևորագույն բաղադրիչներից մեկը», – նշել  է Փաշինյանը։

Տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար առանցքային են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և/կամ զարգացումը, պնդում է Հայաստանի վարչապետը և հավաստում՝ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ զարգացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։

«Այս համատեքստում հարկ եմ համարում նշել, որ, ցավոք, որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել ՀՀ մտադրությունները՝ ասելով՝ ՀՀ-ն ԶՈՒ բարեփոխումները առաջնահերթություն է հռչակել սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականության վարելու համատեքստում։

ՀՀ-ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն ԶՈՒ-ն զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք։ Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է։ Մենք ագրեսիվ որևէ մտադրություն չունենք, և տարածաշրջանի կայունությունը մեր  երկարատև ռազմավարությունն է։ Մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն սկսել այս օրակարգի շուրջ միջազգային մեր գործընկերների աջակցությամբ, ըստ անհրաժեշտության՝ նաև ուղիղ շփումների միջոցով», – եզրափակել է Փաշինյանը։