ՀՀ անվտանգության խորհրդի՝ 1998-ի հունվարյան նիստում, որը փաստորեն ճակատագրական եղավ Հայաստանի ու Արցախի համար, նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը ներկայացրել է իրերի դրությունը՝ նշելով, որ հատուկ այդ նիստի համար հետազոտություն է պատվիրել, որը ցույց է տալիս, որ որքան էլ բարելավենք հարկահանությունը, որքան էլ կրճատենք ստվերը, միևնույն է, ՀՀ զարգացման տեմպերն ունեն մի վերին սահման, որից այն կողմ չեն անցնում, իսկ դա բավարար չէ Ադրբեջանի զարգացման պոտենցյալը հակակշռելու համար։ Այս իրողությունից բխող եզրակացությունն այն է, որ լուծման պետք է գնալ այդ պահին, երբ ուժերի հարաբերակցության առումով գագաթնակետին ենք, որովհետև, բալանսի փոփոխության բերումով, ամեն հաջորդ լուծում ավելի վատն է լինելու:
Հակառակ տեսակետը պնդողները պետք է մատնանշեին արված հետազոտության մեջ ինչ-որ մեթոդական սխալ, ինչ-որ պարամետրերի բացթողում, ինչն օբյեկտիվորեն կարող էր կասկածի տակ դնել հետազոտության եզրակացությունը։ Կարող էին, վերջապես, ներկայացնել իրե՛նց հետազոտությունը, իրե՛նց մեթոդները։ Պատասխանատու մարդիկ այդպես կվարվեին։
Բայց հակադրվողները չունեին վերոնշյալ հետազոտության եզրակացությունը կասկածի տակ դնող ոչ մի փաստարկ։ Վարչապետ Ռ. Քոչարյանը, օրինակ, կարծիք է հայտնել, որ «ինտերնետի հնարավորությունները մաքսիմալ օգտագործելով» կարելի է ներդրումների մեծ հոսք ապահովել։ Սա ոչ թե ճանապարհ է, այլ՝ իրողությունների անտեսում։ Մեր ինտերնետ օգտագործելը որևէ կերպ չէր փոխում երկրների զարգացման պոտենցյալը, մանավանդ, որ ինտերնետ Ադրբեջանում էլ կար։ Այսօր Արցախն ինտերնետով ու «դուխով» «պահողները» միմյանց մեղադրում են դավաճանության մեջ։
Պատերազմից հետո, երբ ՀՀ վարչապետը սկսեց խոսել բալանսային 20-անգամյա տարբերության ու ԵԱՀԿ Մինսկի խմբում «Լավրովի պլանի» շուրջ կոնսենսուսից՝ միաժամանակ հայտարարելով, թե դա անընդունելի տարբերակ էր, ստանում ենք հարցի պատասխանը, թե ինչու եղավ 2020-ի աղետը. անտեսվել էին իրողությունները՝ փոխված ուժային բալանս և համաշխարհային կոնսենսուս։
Իրողությունների անտեսումը շարունակվում է նաև այսօր՝ և՛ իշխանության, և՛ «ընդդիմության» կողմից։ Վերջինիս «ռուսական թևը» խոսում է բանակցություններով Շուշին ու Հադրութը հետ բերելու մասին, իսկ «արևմտամետ թևը», ըստ էության, առաջարկում է առճակատման գնալ Ռուսաստանի հետ և նետվել Արևմուտքի գիրկը։ Բոլորով միասին էլ՝ շարունակում են հայհոյել թուրքերին։
Ի՞նչ է տալու ՌԴ հետ առճակատումը։ Հնարավոր է՞ առհասարակ նման բան Հայաստանում ՌԴ ազդեցության ներկա մակարդակի պայմաններում։ Ինչպե՞ս է պետք թուլացնել այդ ազդեցությունը։ Այս հարցերի պատասխաններն այդ մարդիկ չունեն։ Եթե անգամ մեր պատմությունը մեզ դաս չի լինում, ապա Վրաստանի, Ուկրաինայի այսօրվա վիճակը բավական է՝ հասկանալու համար, որ Արևմուտքը ՌԴ հետ ուղիղ առճակատման չի գնալու հանուն Հայաստանի, ուրեմն՝ ի՞նչ հաշվարկով է առաջարկվում լինել հակառուս և հակաթուրք միաժամանակ։ Երբ չեն տրվում բնական հարցերի պատասխանները, մնում է ենթադրել, որ մարդկանց այդ խմբերն այլ շահեր են սպասարկում, որոնք առնչություն չունեն ՀՀ շահերի հետ։
Հայաստանի շահերը, ըստ իս, պահանջում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ուղիղ երկխոսություն։ Դուրներս գա, թե ոչ՝ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը մեծապես կախված է բոլոր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների որակից։
Թեև ուղիղ խոսելը ձեռնտու է կողմերին, սակայն ակնհայտ է, որ Փաշինյանի դեմքով Հայաստանի հետ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն խոսելու, ինչպես չեն խոսում արդեն վաղուց. պայմանավորվելու են ՌԴ հետ, իսկ Փաշինյանին հիշելու են, երբ ստորագրելու պատրաստ համաձայնություն լինի։ Ինչո՞ւ. որովհետև Փաշինյանը ցույց է տվել, որ կոմպետենտ և ադեկվատ չէ։
Ոչ կոմպետենտության մասին է վկայում օրինակ այն, որ իմանալով ուժերի հարաբերակցության և համաշխարհային հանրության դիրքորոշման մասին, որոշվել է անտեսել իրողություններն ու ապավինել հրաշքի։ Ոչ ադեկվատության մասին խոսել է Փաշինյանն ինքը, ԱԺ ամբիոնից հայտարարելով, թե պատերազմի կեսից, երբ հայկական կողմերը կորցրել էին «Լավրովի պլանով» մեր բաժին փոխզիջման կեսը, երբ հակառակորդը հազարավոր կյանքեր ու բավականաչափ ռեսուրս էր վճարել դրան հասնելու համար, համաձայնել է ընդունել սկզբնական առաջարկը՝ դնելով արդեն կորցրած Հադրութի դեօկուպացիայի պահանջ։
Փաշինյանը դեռևս կարող է ինքնաբացարկ հայտնել, ընտրություններում ՔՊ հաղթանակի դեպքում վարչապետ ընտրել այլ անձի, հեռանալ՝ փոքր ինչ լայնացնելով Հայաստանի հնարավորությունների՝ առանց այդ էլ շատ նեղացած պատուհանը։ Անձամբ Փաշինյանի իշխանության մնալը մեծացնելու է մեր վճարելիք գինն ապագայի համար։
Ռաֆայել Թեյմուրազյան
աղբյուրը՝ ֆեյսբուքի էջ