«Ցանկացած զինավարժություն մտահոգության առիթ է տալիս։ Մենք մի կողմից տեսնում ենք նման դրսևորումներ, մյուս կողմից տեսնում ենք Թուրքիայից եկող տարբեր մեսիջներ», – այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ։
44-օրյա պատերազմի ավարտից հետո «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գոռ Գևորգյանի մոտ տպավորություն է ստեղծվում, որ զարգացումները, որոնք պետք է հստակության դաշտ տեղափոխվեին, իր խոսքով, շարունակում են անորոշություններ ստեղծել։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա փետրվարի 1-ին Կարսում Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին հիշատակելով, ինչպես նաև հղում անելով Ռուսաստանի հայտարարությանն այն մասին, որ Թուրքիան այլևս գործոն է Հարավային Կովկասում և պետք է հաշվի առնել այդ երկրի կարծիքը, հարց բարձրացրեց․ ի՞նչ ռազմավարական-մարտավարական տեսլական ունի Հայաստանն այս դեպքում։
«Ցանկացած զինավարժություն մտահոգության առիթ է տալիս, – ասաց Այվազյանը, բայցև նշեց, որ վիճակն, անշուշտ, շատ բարդ է։
«Վիճակն, անշուշտ, շատ բարդ է, և մեր հիմնական նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի։ Դա հեշտ հարց չէ, որովհետև սա աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակի արտացոլումն է, և բնականաբար, որպես պետություն, որպես կառավարություն, որպես հասարակություն մենք պետք է ձգտենք բոլոր ջանքերը գործադրել, որ իրավիճակը գնա դեպի դեէսկալացիա, ինչը կբերի նաև Հայաստանի շուրջ անվտանգության մթնոլորտի ամրապնդմանը։
Անվտանգության ամրապնդումը շատ տարրեր ունի՝ սկսած ներքին անդորրի ամրապնդումից մինչև շատ տարբեր հարթակներ։ Դրա մեջ մտնում է նաև Հայաստանի շուրջ բարենպաստ մթնոլորտի ձևավորումը։
Ցանկացած զինավարժություն մտահոգության առիթ է տալիս։ Մենք մի կողմից տեսնում ենք նման դրսևորումներ, մյուս կողմից տեսնում ենք Թուրքիայից եկող տարբեր մեսիջներ։
Դիվանագիտության մեջ ընդունված է մեսիջներով ինչ-որ ուղերձներ հասցնել, բայց հաշվի առնելով հենց Թուրքիայի հանգամանքը, կարծում եմ, ժամանակն է եկել, որ մենք ուղղորդվենք ոչ թե ուղերձներով, այլ, նախևառաջ, գործողություններով։
Վստահ եմ, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացին։ Այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակումը․․․ Ինչպես գիտեք, շրջափակումը, սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյով, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի Հայաստանի ուղղությամբ սահմանը փակ պահել»։
Հայաստանյան դիվանագիտությունն, ըստ նախարարի, գործուն ջանքեր է գործադրելու, որպեսզի «մեր շուրջը, մեր անմիջական շրջապատը» նպաստավոր լինի ՀՀ անվտանգության ամրապնդման համար։
Պատգամավորը, հիշելով պատմության փորձը, կարծիք հայտնեց, այնուամենայնիվ, որ սահմանների ապաշրջափակումը կարող է այլ «բարդ խնդիրների» պատճառ դառնալ, «քանի որ մենք գործ ունենք Թուրքիայի հետ»․ «Դուք ձեր պատասխանի հիմքում դնում եք էնպիսի մի ձևակերպում, առ որի, մենք չունենք խնդիր այս դեպքում, բայց մենք խնդիր ունենք, մեր խնդիրները շարունակում են մնալ չկարգավորված։ Եթե հարևան երկու պետությունները թշնամական հռետորաբանությամբ անցկացնում են նման ծավալի զորավարժություններ, դա անմիջական սպառնալիք է»։
«Ես, կարծեմ, նշեցի, որ ցանկացած զորավարժություն մտահոգության առիթ է, – ասաց նախարարը։ – Ես հատուկ ընդգծեցի, որ մեր նպատակն է ամրապնդել Հայաստանի և Արցախի անվտանգային մթնոլորտը․․․
Բնականաբար, ապագայում ապաշրջափակումն ինչպես հնարավորություններ է ընձեռելու, այնպես էլ՝ լուրջ մարտահրավերներ։ Մենք որպես պետություն, որպես հասարակություն պետք է պատրաստ լինենք և՛ մարտահրավերներին դիմակայելուն, և՛ հնարավորություններից օգտվելուն։
Ես ամբողջովին հասկանում եմ ձեր հարցի տրամաբանությունը, բայց կարծում եմ, որ Հայաստանի համար, մեր դիվանագիտության համար, մեր ժողովրդին պետք է մեր շուրջը ձևավորել բարենպաստ մթնոլորտ, բնականաբար, չխախտելով կարմիր գծերը և պաշտպանելով մեր պետական և ազգային շահերը»։