Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը նախարարների պաշտոնանակությունների, նոր նշանակումների և կառավարության կազմը վերաձևելու մասին հրամանագրեր է ստորագրել։
Ռազմահայրենասիրության նախարարությունը լուծարվեց
Նախկին 12-ի փոխարեն Ղարաբաղի կառավարությունում 10 նախարարություն կլինի։
Կառավարության նոր կառուցվածքի համաձայն՝ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը միացվել է Գյուղատնտեսության նախարարությանը և դարձել Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն։ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջություն նախարարություն կառավարության նոր կազմում այլևս չկա․ սպորտը միացել է կրթության, գիտության և մշակույթի նախարարությանը։
10 նախարարություններն են՝ *Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի, *Առողջապահության, *Արդարադատության, *Արտաքին գործերի, *Էկոնոմիկայի և գյուղատնտեսության, *Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, *Պաշտպանության, *Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, *Քաղաքաշինության, Ֆինանսների նախարարություն։
Արցախի պետական նախարարի լիազորությունները Գրիգորի Մարտիրոսյանի փոխարեն կիրականացնի Արցախի ֆինանսների նախարարը։
Կրճատվել է նաև կազավարման այլ մարմինների կազմը․ պետմարմինների նոր ցանկում այլևս չկան Հայաստանի և սփյուռքի հետ ինտեգրման կոմիտեն, Բնապահպանության կոմիտեն, Պետական վերահսկողական ծառայությունը։
Պաշտոնանկություններ և նոր նշանակումներ
Մեկ այլ հրամանագրով՝ Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար՝ ազատվելով նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Իսկ Ժիրայր Միրզոյանն ազատվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից։ Նոր նախարարը նախկին ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը:
Հարությունյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով էլ՝ Արթուր Պետրոսյանն ազատվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արայիկ Հարությունյանը հանդես էր եկել ուղերձով՝ խոստանալով, որ մոտ ժամանակներում կառավարությունում կադրային փոփոխություններ են նախատեսվում։ Ավելի ուշ Ղարաբաղի նախագահը խմբագրել էր ուղերձի տեքստը՝ ավելացնելով ևս մեկ խոստում՝ «Առաջին իսկ հնարավորության պահին վայր է դնելու նախագահական լիազորությունները, ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու է արտահերթ ընտրություններ, որի ժամանակ չի առաջադրվելու և դուրս է գալու քաղաքականությունից»։