Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայողների ծնողները այսօր Հանրապետական զինվորական հավաքակայանի մոտ էին։
Ծնողները պնդում էին, որ պատերազմի ընթացքում վիրավորված զինվորները դեռևս լիրաժեք չեն ապաքինվել, բայց ռազմական ղեկավարությունը նրանց հոսպիտալներից արդեն իսկ հանում և վերադարձնում է ծառայության։ Նրանք պահանջում էին, որ իրենց որդիները ծառայությունը շարունակեն Հայաստանի Հանրապետության տարածքում․ ասում էին՝ թույլ չեն տա, որ նրանք կրկին Ղարաբաղ տարվեն:
Զինվորի հայր․ — Մենք բոլորս դեմ ենք, որ երեխեքին Ղարաբաղ տանեն։ Թող շարունակեն ծառայությունը հայաստանում։
Մյուս ծնողները․ — Մեր պահանջը էտ ա, ուրիշ բան ենք չենք պահանջում։
Զինվորի հայր․ — Իմ երեխեն ահավոր վիճակում է։ Մի երկու-երեք ամիս պետք է էդ երեխաներին, որ հոգեբանեորեն վերականգնվեն։ Իմ երեխեն չի կարողանում գիշերը քնել, խոսում է, ատամները կռճտացնում է։ ․․․Թոքերը պետք է բուժեն։
Զինվորի հայր․ – Ռազմական ոստիկանության պետը եկավ, հետո տեղակալը, հետո դատախազը։ Մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին, գնացին։ Մենք էլ մեր երեխաներին վերցրեցինք, ամեն մեկս գնացինք մեր տներով։ Ասեցինք՝ մենք երեխա չունենք ձեզ տալու․․․
Զինվորի հայր․ – Մենք դեմ չենք, որ մեր երեխեքը ծառայեն, բայց ծառայեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ասում ենք, որ մեր երեխաները պետք է ծառայեն Հայաստանի Զինված ուժերում, ոչ թե Արցախում։
Զինվորի մայր․ — Մեր երեխեն չի խուսափում։ Ինքը «Ես եմ» ծրագրով էր ծառայում։ Բայց իմ երեխուն երկուշաբթի տարել են ռազմական ոստիկանություն։ Վիրավոր էր։ Երկուշաբթի օրվանից ռազմականում է։ Մենք չենք խուսափում։ Բայց մեր երեխեքին թող բերեն Հայաստան․ նրանք հոգեկան խնդիր ունեն, շատ վատ վիճակում են։ Երեխեքը նույնիսկ դեմ չեն, որ գնան Ղարաբաղ, բայց մենք՝ ծնողներս, չենք թողնելու․․․
Ծնողներ հետ «բանակցություններից» հետո հավաքակայանից հայտնեցին, որ հոսպիտալում բուժում ստացած զինծառայողներից 40-ը ծառայությունը կշարունակեն Հայաստանի տարածքում: Վաղը ծնողները և զինվորները կհանդիպեն հրամանատարների հետ, կներկայացվեն ՊՆ նոր հրամանի մասնրամասները։
Հիշեցնենք, որ Հայաստանում հաշվառված և Ղարաբաղում ծառայող ժամկետային զինվորների հարազատները տարբեր խմբերով պարբերաբար բողոքի ակցիաներ են անում․ պահանջում են, նախ, որ իրենց երեխաները ուղարկվեն արձակուրդի (դեկտեմբերի 1-ից սկսած այս գործընթացը արդեն իսկ իրականացվում է), շատերը պնդում էին, որ թույլ չեն տա, որ իրենց որդիները շարունակեն հետագա ծառայությունը Ղարաբաղում և պահանջում են, որ նրանք տեղափոխվեն Հայաստանի զորամասեր։