Պատերազմից հետո Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ «թմրամոլները», «հարբեցողները» և «աղանդավորները» տեղ չունեն Արցախում։
«Մեր ժողովրդին եմ դիմում՝ զերծ մնալ բոլոր թմրամիջոցներից ու ալկոհոլ օգտագործելուց։ Արցախի հանրապետության տարածքում յուրաքանչյուր մարդ պարտավոր է լինել կարգապահ։ Նրանք, ովքեր թմրամիջոցներ են օգտագործում, տեղ չունեն Արցախում, րոպե առաջ կամ թող դրանք շպրտեն, կամ լքեն Արցախի Հանրապետության տարածքը», – ՀԸ-ի հետ զրույցում հայտարարել է նախկին ընդդիմադիր գեներալը։
Բալասանյանը կոչ է արել նաև անհապաղ փակել «աղանդավորական» կենտրոնները ու «լքել Արցախի տարածքը», հակառակ դեպքում իր ծառայությունների հետ միասին թույլ չի տալու, որ Արցախում աղանդավորական բաները շարունակեն»
«Մենք Հայ Առաքելական եկեղեցու հետնորդներն ենք, մենք այդ հոտի մասնակիցներն ենք։ Այլ շարժումներ Արցախում չպետք է լինեն», – նշել է պաշտոնյան։
ԱԱԽ քարտուղարը հայտնել է, որ հունվարի 1-ից ուժեղացվելու են բոլոր ծառայությունները կարգազանց, ալկոհոլ, թմրամիջոցներ օգտագործող քաղաքացիներին, վարորդներին հայտնաբերելու համար։ «Բոլորը պատասխան են տալու, բոլորը», – նշել է Բալասանյանը, հավելելով, որ սա վերաբերում է նաև ռուս խաղաղապահներին։
Պաշտոնյան խոստացել է, որ եթե իմանա ռուս խաղաղապահներից որևէ մեկի ալկոհոլ կամ թմրամիջոցներ օգտագործելու մասին, ապա խաղաղապահ ուժերի հրամանատարի հետ միասին կզբաղվի կարգազանցներով, ընդհուպ մինչև հեռուստատեսությամբ ցույց տալը։
«Արցախի հանրապետության տարածքը սրբավայր է։ Ցանկացած մարդ պետք ընդունի այն որպես սրբավայր և ապրի այնտեղ ինչպես սրբավայրում»
Բալասանյանը մտադիր է նաև փակել Արցախում բարձրաստիճան պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերը՝ սկսած Հանրապետության նախագահից․ պետական աշխատողները աշխատանքային ժամին չեն կարողանալու Ֆեյսբուքում գրառումներ անել, անելու դեպքում էլ հեռացվելու են աշխատանքից։
«Մինչև սեպտեմբեր մոտ 15 միլիարդ այսպես կոչված ինտերնետային ու հեռախոսային ծառայությունների համար փող էր ծախսել մեր ժողովուրդը։ Արցախի բյուջեն 120 միլիարդ դրամ է, դա ծիծաղելի՞ է, թե՞ չէ։ Արցախի Հանրապետության քաղաքացիները 15 միլիարդի խոսում են, ի՞նչ են խոսում, հետաքրքիր է ինձ»։ Արցախի ԱԽ քարտուղարը հիշել է խորհրդային տարիները, երբ «բոլորի տանը, հիմնարկներում լարային հեռախոս կար, ու կարգապահ վիճակ էր»։