Home / Մարզեր / Քոչարյանին կարոտող ղարաբաղյան պաշտոնյաները գոնե զուսպ լինեին

Քոչարյանին կարոտող ղարաբաղյան պաշտոնյաները գոնե զուսպ լինեին

Հայաստանի Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը lragir.am-ին տրված հարցազրույցում մեկնաբանել է Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունները պետք է հարգեին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը՝ մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու համար Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

«Տարօրինակ է Արցախի բարձրաստիճան պաշտոնյայից լսել նման մեկնաբանություններ: Նման կարգի պաշտոնյան իր խոսքում պետք պահպաներ անհրաժեշտ զսպվածություն, կարծում եմ: Նաև, եթե չեմ սխալվում, վերջին մի քանի տարիներին, երբ Ռոբերտ Քոչարյանը կատարյալ ազատության մեջ էր, հաղթանակի շքերթներում չի նկատվել։ Միգուցե, դա պայմանավորված է նրանով, որ լինելով իր իսկ պնդմամբ Հայաստանի բնակչության կես տոկոս էլ չկազմող հարուստների շարքում, իսկ որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ դոլարային միլիարդատեր, որևէ ներդրում չի արել իր հայրենի Արցախում: Փոխանակ այս քանի տարվա մեջ հորդորեր [Քոչարյանին] ներդրումներ անելու, անտեղի հայտարարություններ է անում»։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու համար երեկ Լեռնային Ղարաբաղ էր մեկնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ստեփանակերտ էր ժամանել նաև Սերժ Սարգսյանը, ով հանդիսավոր երթին, սակայն, չէր մասնակցել, փոխարենը՝ ԼՂ ուժային կառույցների նախկին ղեավարների և անվտանգության խորհրդի գործող քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ առանձին այցելել էր Ստեփանակերտի պանթեոն։

Ղարաբաղյան այցից հետո վարչապետ Փաշինյանն այսօր՝ մայիսի 10-ին, ֆեյսբուքում գրառում է կատարել։ «Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»։