Հայաստանի նախկին իշխանությունների ընդդիմախոսները հաճախ նրանց մեղադրում էին երկիրը «իզգոյ» պետություն դարձնելու մեջ։ Այժմ էլ նման մեղադրանքներով հանդես են գալիս գործող իշխանությունների ընդդիմախոսները՝ մեղադրելով կառավարությանն արտաքին քաղաքականության մեջ ձախողումների և Հայաստանը մեկուսացնելու մեջ։
Այժմ, ինչպես և նախկինում, որպես դրա ցայտուն ապացույց են բերվում Հայաստանի քվեարկությունները ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում՝ ի օգուտ Ռուսաստանի։ Վիճահարույց հարցերում վերջինիս օգտին քվեարկող երկրների շարքում հիմնականում տեղ էին գտնում ավտորիտար երկրներ, ինչպիսիք են, օրինակ, Զիմբաբվեն, Հյուսիսային Կորեան, Բելառուսը, Սուդանը, Վենեսուելան։
Սակայն որպեսզի ավելի պարզ դառնա, թե երբ և ինչպես են սկսվել Հայաստանի արտաքին ձախողումները, անդրադառնանք դրանց մանրամասնորեն:
Նախ, թերևս, հարկ է նշել էներգետիկ ոլորտը, որում Հայաստանը փաստացի ամբողջովին կախված է Ռուսաստանից և մեկուսացված՝ մնացած աշխարհից։ Դեռևս Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում՝ 2006թ․ ապրիլին, ռուսական պետական «Գազպրոմ» ընկերությանը տրվեցին Իրան-Հայաստան գազատարի կառուցվող 40-կիլոմետրանոց հատվածը և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը։ Այն ժամանակ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը նկատել էր, որ Հայաստանն այդպիսով ավելի մեծ կախվածություն է ստանում Ռուսաստանից և հեղինակազրկվում միջազգային ասպարեզում, ինչի հետևանքով միջազգային կառույցները Հայաստանին լուրջ չեն վերաբերվի։ Ռուսական «Կոմերսանտ» թերթն այն ժամանակ նշել էր, որ Ռուսաստանը Հայաստանում ներդրումներ կատարելու կարիք չունի, քանի որ Հայաստանն ինքն է իր ունեցվածքը հանձնում Ռուսաստանին։
Էներգետիկ դաշտում Ռուսաստանից լիակատար կախվածությունը խորացավ նաև «ՀայՌուսգազարդի»՝ Հայաստանին պատկանող բաժնեմասը «Գազպրոմին» զիջելու հետևանքով։ Եթե 2007թ․ դրությամբ «Գազպրոմին» էր պատկանում «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 57% միայն, ապա 2014 թվականին վերջինս դարձավ «Գազպրոմի» դուստր ձեռնարկություն։
Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի խոշոր ձախողում էր նաև 2008թ․ մարտի 1-ի դեպքերից հետո ԱՄՆ կողմից «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասնակի չեղարկումը։ Հայաստանը, այդպիսով, զրկվեց մոտ 60 միլիոն դոլարից, որը պետք է հատկացվեր գյուղական ճանապարհների շինարարության համար։ Համեմատության համար նշենք, որ Հայաստան համահայկական հիմնադրամը տարեկան հավաքում է միջինում ընդամենը 10-20 միլիոն դոլար։
Ինչ վերաբերում է Եվրամիության հետ հարաբերություններին, ապա դրանք ճգնաժամի մեջ հայտնվեցին 2013 թվականի սեպտեմբերին։ Այն ժամանակ Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության մասին, որը փաստացի ջուրը նետեց Հայաստանի և ԵՄ միջև տարիներ շարունակ բանակցված Ասոցացման համաձայնագիրը։
Հայաստանի նախկին իշխանությունների ամենացավոտ ձախողումը, սակայն, գրանցվել էր ՀԱՊԿ շրջանակում դաշնակից երկրների հետ հարաբերություններում։ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հայաստանի կարևորագույն դաշնակից Ռուսաստանը սկսեց Ադրբեջանին մոտ 5 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ ռազմատեխնիկայի մատակարարումը։ Այս տարիներին մյուս գործընկերները՝ Բելառուսը և Ղազախստանը, բացահայտ աջակցում էին Ադրբեջանին, իսկ արդեն այս տարվա հունիսին՝ Հայաստանում իշխանափոխությունից մեկ ամիս անց, Ադրբեջանը հայտարարեց Բելառուսից «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ գնելու մասին։
Փաստորեն, Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողումները սկսվել են Քոչարյանի օրոք, շարունակվել և խորացել Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, իսկ դրանց հետևանքները շարունակվում են ներկայում։ Թե ինչքանո՞վ կհաջողեն կամ կձախողեն գործող իշխանությունները՝ կերևա առաջիկա ամիսներին և տարիներին, բայց մի բան պարզ է՝ Հայաստանը Սերժ Սարգսյանի հեռանալու ժամանակ արդեն մեծ խնդիրներ ուներ արտաքին հարաբերություններում։ Լինեն դրանք օբյեկտիվ, թե սուբյեկտիվ։
Հովհաննես Նազարեթյան
աղբյուր՝ fip.am