Հայաստանի իշխանությունների ընտրած քաղաքական ուղին սխալ է համարում ՀՀ քաղաքացիների մոտ 60 տոկոսը։ Այս մասին վկայում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության անցկացրած «Ազատության և անվտանգության միջև» խորագրով հարցումը, որի թեման է՝ «Ինչպես են հայաստանցիները գնահատում ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը»:
Ուսումնասիրությունն իրականացվել է 2014թ. hուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում բնակվող 18-25 տարեկան 480 երիտասարդների շրջանում՝ Երևանում, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի շարք քաղաքային և գյուղական համայնքներում, մասնավորապես, Վանաձորում, Իջևանում, Գավառում, Գորիսում, Աչաջուրում, Սարիգյուղում, Սևքարում, Մարգահովիտում, Սարալում, Նորատուսում, Գանձակում և Շինուհայրում:
«Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումները» հարցին պատասխանելով՝ ընդամենը 4.2%-ն է գնահատել, թե դրանք ճիշտ ուղղությամբ են ընթանում, ևս 26.5% համարել է, որ արտաքին քաղաքականությունն «ավելի շուտ ճիշտ» ուղղությամբ է ընթանում, մինչդեռ հարցվածների 30.4 %-ը նշել է, որ Հայաստանի ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղին սխալ է, իսկ 28.5֊ն այն գնահատել է որպես «ավելի շուտ սխալ»։
Աղյուսակ 1․
Արդյոք Հայաստանը պետք է միանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), թե Եվրոպական միությանը (ԵՄ) հարցի առնչությամբ կարծիքները գրեթե կիսվել են։ ԵՏՄ֊ին անդամակցելու օգտին արտահայտվել է հարցվածների 48.3%-ը, իսկ Եվրոպական միության հետ ասոցացվելու օգտին՝ 42.9%-ը:
Եթե այս երկու կառույցների նկատմամբ նախընտրությունը գրեթե հավասար է բաշխվել, ապա այդ ընտրության հիմքում ընկած հիմնավորումները զգալի տարբերություններ են դրսևորում: Այսպես, ԵՄ-ին ինտեգրումը նախընտրողների շրջանում ամենաորոշիչ գործոնը մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներն են (43.2%), մինչդեռ ԵՏՄ֊ն ընտրողների շրջանում այս հիմնավորումը կարևորել է գրեթե 5 անգամ ավելի քիչ թվով հարցված (9.1%): ԵՏՄ֊ի դրական վերաբերվողների 27.6% համարում է, որ այդ կառույցին անդամագրվելով Հայաստանն ավելի մեծ հեռանկարներ է ստանում, 25%֊ը ԵՏՄ֊ին անդամակցելու կարևորությունը պայմանավորում է անվտանգության երաշխիքներով, 24.1% երկրի աշխարհագրական դիրքով։
Աղյուսակ 2․
«ԵՏՄ֊ի ընտրության հիմնավորումների մեջ զգալի է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ (ինչպիսիք են, օրինակ, գազի գնի թանկացումը, հայ աշխատողներին վտարելը) կիրառելու մտավախությունը: Այս տեսանկյունից, խոսքը ոչ այնքան զարգացման, որքան Հայաստանի տնտեսական վիճակն էլ ավելի չվատթարացնելու մասին է», ֊ նշում են հարցման հեղինակները:
Հարցումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում