Հայաստանը մի շարք ոլորտներում որոշակի առաջընթաց է ապրել, սակայն եղել են բնագավառներ, որտեղ հետնընթաց է գրանցվել՝ կապված Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշման հետ։ Այս մասին ասված է «Արևելյան գործընկերության երկրների եվրոպական ինտեգրացիայի ցուցիչ 2014» զեկույցում։
Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում արված զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ Հայաստանն ընդհանուր առմամբ 6 երկրների (Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Վրաստան և Ադրբեջան) շարքում ամենաակտիվն է մասնակցում ԵՄ֊ի կողմից առաջարկվող ծրագրերին։ Դա, սակայն, չի վերաբերում էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին, որտեղ Հայաստանն ամենացածր մասնակցությունն է դրսևորել։
ԵՄ-ի գնահատմամբ՝ Հայաստանն աննշան հաջողություններ է գրանցել իր օրենսդրությունը, պետական համակարգը ԵՄ-ի չափանիշներին համապատասխանեցնելու հարցում, բայց շարունակական խնդիրներ ունի մամուլի ազատության, հավաքների ազատության ոլորտներում։
Երկրները գնահատվել են 3 անվանակարգերում, որոնցից յուրաքանչյուրը ենթաոլորտների է բաժանված։
Ոլորտներից առաջինում՝ «Կապ»֊ում, գնահատվում են Արևելյան գործընկերության վեց երկրներից յուրաքանչյուրի և Եվրամիության միջև քաղաքական, տնտեսական ու սոցիալական կապերը։
«Մերձեցում» անվանակարգում գնահատվում են Արևելյան գործընկերության երկրների օրենսդրության, գործունեության (պրակտիկայի) ու հաստատությունների՝ Եվրամիության չափանիշներին ու պահանջներին համապատասխանեցումը։
«Կառավարում» անվանակարգում գնահատվում է Արևելյան գործընկերության երկրների կառավարման կառույցների ու քաղաքականության զարգացումը՝ ուղղված հետագա եվրաինտեգրմանը։
«Կապ» և «կառավարում» անվանակարգերում Հայաստանը 2014 թվականին զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ 0,51 (2013-ին՝ 0.49) և 0,48 (2013-ին՝ 0.51) միավորով համապատասխանաբար, իսկ «մերձեցում» անվանակարգում կիսել է երրորդ֊չորրորդ տեղը Ուկրաինայի հետ՝ 0,60 միավորով (2013-ին՝ 0.59)։ Բոլոր անվանակարգերում Հայաստանից հետ են միայն Բելառուսն ու Ադրբեջանը։
Զեկույցի հեղինակները նշում են, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումից հրաժարվելու որոշումը կայացվել է Մոսկվայի ճնշման տակ, իսկ Ռուսաստանի նախաձեռնած ԵՏՄ-ն թույլ չի տալիս անդամ երկրներին ազատ առևտրի համաձայնագիր կնքել ԵՄ անդամ երկրների հետ:
ԵՄ-ն շարունակելու է «ավելին՝ ավելիի դիմաց» մոտեցումը, նշված է զեկույցի մեջ, այն է՝ ավելի մեծ ծավալներով քաղաքական և ֆինանսական օգնություն է ցուցաբերելու նրանց, ովքեր լայն թափով կշարունակեն բարեփոխումները։