Վերջին տարիներին Հայաստանում կեղծ բարեպաշտական, կեղծ ավանդական հարաբերությունների մշակույթ է ձևավորվել, որին խառնվել է քրեական աշխարհի «կանոնագիրքը»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը (լուսանկարում՝ աջից)՝ անդրադառնալով քաղաքական դաշտում տիրող մշակույթի առանձնահատկություններին։
Ըստ բանախոսի՝ դրա վառ ապացույցն է այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հակամարտությունը լուծվեց «գողական ռազբորկայի» օրենքներով։
«Հայտնվեց մի միջնորդ, բավական հեռվից, հաշտեցման եզրեր գտնվեցին կողմերի միջև։ Մեկին նվաստացնելով հեռացրին, մյուսը մեծահոգաբար հաղթողի իր բոլոր իրավունքները չօգտագործեց», ֊ ասել է Մարտիրոսյանը։ Նա նաև ընդգծել է, որ, այնուամենայնիվ, օդում մնացին երկու կողմից միմյանց հասեին հնչած բազմաթիվ մեղադրանքներ, և այդ ամենը առնչություն ունի Հայաստանում ձևավորված «քյարթ մշակույթի» հետ։
Արդյոք Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո իրավիճակն էլ ավելի է վատանալու հարցին, Վահրամ Մարտիրոսյանը դրական պատասխան է տվել՝ նշելով, որ Միության նախաձեռնող Ռուսաստանի քաղաքական մշակույթի ազդեցությունը Հայաստանի վրա բացասական է։
Ասուլիսի մեկ այլ մասնակից մշակութաբան Վարդան Ջալոյանը (լուսանկարում՝ ձախից) ընդգծել է, որ Ռուսաստանից եկող բացասական ազդեցությունը մեկ օրում չի սկսվել և կապված չէ միայն ԵՏՄ մտնելու հետ։ Նա հիշեցրել է, որ ռուսաստանյան իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության կարգախոսը՝ «Առաջ, Ռուսաստան»-ը կրկնօրինակվել էր Սերժ Սարգսյանի թիմի կողմից 2008 թվականին՝ դառնալով «Առաջ, Հայաստան»։ Ջալոյանի գնահատմամբ՝ Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցությունը նույն կերպ կրկնօրինակում է «Միասնական Ռուսաստանի» կառուցվածքը․ «Երկուսն էլ պատկանում են կուսակցությունների նույն տիպի՝ ամեն ինչի կուսակցություն։ Այնտեղ կարող եք գտնել ամեն ինչ, եթե, իհարկե, մարդը կաշառակեր է, այդ տիպի մի թերություն ունի»։ Դա, ըստ բանախոսի, կապվում է Սերժ Սարգսյանի սկզբունքային մոտեցման հետ՝ ոչինչ չանել և ոչինչ չասել, վերցնել այն, ինչ տրվում է, ու դա սեփական երկիրը գաղութացնելու քաղաքականությունն է։
Անդրադառնալով «ոչինչ չանել» ձևակերպմանը՝ Վահրամ Մարտիրոսյանն այն կապել է Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի խորհրդային անցյալի հետ։
«Եվ Սերժ Սարգսյանը, և Ռոբերտ Քոչարյանը եղել են միջին օղակի կուսակցական գործիչներ։ Իրենք սովոր են եղել ուղղահայաց համակարգում աշխատել։ Եվ հիմա, որ էս ԵՏՄ֊ի պատմությունը ծագեց, դա էդ տիպի գործիչների համար հոգեկան բարձրագույն հարմարավետություն է, որովհետև իրենց գլխի վերևում մարդ կա», ֊ ասել է Մարտիրոսյանը։