«Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ Արցախի ողջ բնակչությունը բոյկոտելու է Հայաստանի կառավարության հատկացրած միջոցներով ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելությունը, քանի որ այն խիստ կասկածի տակ է դնում մեր ինքնիշխանությունը։ Արդյոք ինքը լիազորված է խոսելու Արցախի ողջ բնակչության անունից», ֊ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում անդրադարձել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանի խոսքերին այն մասին, որ նա վտանգավոր է համարում ՀՀ կառավարության որոշումը` պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ տրամադրել Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար: Արցախյան ընտրությունները կդիտարկեն երկու ՀԿ-ներ`«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակը (տրամադրվել է 16 մլն 200 հազար դրամ) եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (տրամադրվել է 17 մլն 480 հազար դրամ)։ «Դա անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանը: «Նրանք, ովքեր խոսում են, որ Արցախի բյուջեի այսքան տոկոսը ՀՀ-ն է տալիս, կամ տնտեսագիտությունից, կամ թվաբանությունից շատ հեռու մարդիկ են. թող հաշվարկ անեն եւ տեսնեն, թե որտեղի՞ց է գոյանում այն 150-160 միլիարդ դրամը, որը Արցախը ՀՀ-ից ստանում է իբրեւ միջպետական վարկ: Թող հաշվարկեն այն ապրանքների մաքսատուրքերը, որոնք ներկրվում են Հայաստանի միջոցով արտերկրից, կտեսնեն, որ դեռ մի բան էլ ԱՀ-ն պակաս է ստանում: Այդ մարդիկ թող ականջներին խորը օղ անեն եւ ճիշտ խոսեն»:
Սույն հայտարարությունն, ըստ Բաղդասարյանի, ոչ մի քննադատության չի դիմանում․ «Եվ միգուցե նաև անիմաստ է այն մեկնաբանելը, այնուամենայնիվ՝ երկու հարց տամ պրն Բալասանյանին։ Առաջին՝ արդյո՞ք ինքը լիազորված է խոսելու Արցախի ողջ բնակչության անունից, և երկրորդ՝ նա տեղյա՞կ է տարբեր տարիների տարատեսակ ընտրությունների ժամանակ Արցախի իշխանությունների ջանքերին՝ հայաստանյան և միջազգային կազմակերպություններին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին` ԺՀՄԻԳ-ին դիտորդական առաքելության մեջ ներգրավելու և համագործակցության այլ եզրեր գտնելու ուղղությամբ։
Էլ չեմ ասում, որ ժամանակին ինքը պնդում էր, որ մեր ինքնիշխան ընտրություններն ազատ էին, բայց ոչ արդար, և որ «գործող նախագահը եւ նրա թիմը ի վիճակի չեղան ապահովել արդար ընտրություններ»։
Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով էլ՝ Բալասանյանի պահվածքը վերջին շրջանում որևէ տրամաբանական բացատրության ենթակա չէ․
«Նա այն եզակի գեներալներից է, ով պատերազմից հետո կարողացել է արժանապատիվ կյանքով ապրել: Թալանչի ու հանցագործ երբեք չի եղել: Իհարկե, նրա քաղաքական կենսագրությունը շատ փոփոխական ու ոչ միանշանակ էր, բայց մարդկային առումով նրան չի կարելի Արցախի վերնախավում գտնվող որևէ ուժայինի հետ համեմատել: 2012 թվականին, երբ նա նախագահի թեկնածու էր, Նիկոլ Փաշինյանի այսօրվա թիմի մի շարք անդամներ, որոնք հիմա նախարարներ ու պատգամավորներ են, հրապարակայնորեն աջակցել էին նրան: Փաշինյանի հետ էլ մինչև հեղափոխությունը շատ ջերմ հարաբերություններ ուներ: Ապրիլյան պատերազմից հետո Բալասանյանը երևի հայության մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցող անհատն էր: Եվ պարզապես զարմանալի է, թե ինչպես էր կարելի 3 տարում մսխել այդպիսի հեղինակությունը:
Այսօր պարոն Բալասանյանը, ցավոք սրտի, հայտնվել է թալանչիների ու հանցագործների շրջապատում: Այդ մարդիկ, իրենց ողջ կյանքով ու կենսագրությամբ Բալասանյանին պարտական լինելով, 2012 թվականին ու դրանից հետո ինչ ստորություն ասես չեն արել իր նկատմամբ: Բալասանյանը, չգիտես ինչու, որոշել է այդ խմբի հրապարակային դեմքը դառնալ ու ողջ հարվածը իր վրա վերցնել: Դա առնվազն խելամիտ չէ:
Կարծում եմ՝ ՀՀ իշխանություններն էլ իրենց գործողություններում պետք է ավելի նրբանկատ լինեին: Ղարաբաղը շատ բարդ վայր է: Տարբեր մարդկանց բնավորության առանձնահատկությունները չիմանալով՝ չարժեր բարոյական դատավճիռներ կայացնել: Այդ առումով խուզարկության մասին որոշումը, անշուշտ, սխալ էր:
Ինչ վերաբերում է դիտորդական առաքելության մասին Բալասանյանի մեկնաբանություններին, ապա դրանք պարզապես զավեշտալի են: Նա 2012 թվականին սեփական կաշվի վրա է զգացել Արցախի «արդար» ու «ժողովրդավարական» ընտրությունների ողջ այլանդակությունը և բոլորից լավ է գիտակցում Արցախում ընտրությունները վերահսկելու կարևորությունը: 2012 թվականին այն շրջաններում, որտեղ Բալասանյանի թիմը կարողացել է վերահսկել քվեարկության ընթացքը, նա հաղթել էր: Իսկ այն շրջաններում, որտեղ վստահված անձինք ու դիտորդներ չկային, Բալասանյանը ջախջախիչ պարտություն էր կրել»։