Home / Ազգային ժողով / Սերժ Սարգսյանը միավորել է Ղարաբաղի էլիտար հանցագործներին․ պատգամավոր

Սերժ Սարգսյանը միավորել է Ղարաբաղի էլիտար հանցագործներին․ պատգամավոր

Սերժ Սարգսյանն, այսօր Հայաստանում չլինելով իշխանություն, շարունակում է մեծ ազդեցություն ունենալ Ղարաբաղում կառավարող էլիտայի վրա, «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը։ Նրա խոսքով՝ այսօր ԼՂ կառավարող էլիտայի վարքագիծը մեծամասամբ պայմանավորված է Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի թելադրանքով։

Խանումյան. – Ժամանակին Արցախում այսպիսի հարաբերություններ էին Հայաստանի իշխանությունների հետ՝ կար Սերժ Սարգսյանը, կային Սերժ Սարգսյանի նշանակած իշխանություններն Արցախում, և ոչ մեկն Արցախից ռիսկ չէր անում քննադատել Երևանին։ Այսօր տարբեր հարցերի առումով արցախյան կառավարող էլիտայի կողմից քննադատություններ են հնչում Երևանի նկատմամբ, ինչը ոչ թե վատ է, կամ լավ է, ինչը կարող էր նաև նորմալ լինել, եթե լիներ բնականոն հունի մեջ ամեն ինչ, այսինքն՝ նորմալ է, երբ տարբեր էլիտաներ իրար նաև քննադատաբար են վերաբերվում։ Բայց խնդիրն այն է, որ ես այստեղ տեսնում եմ ուղղորդում և տեսնում եմ, որ այդ ուղղորդումը կապված է կրկին Սերժ Սարգսյանի անձի հետ։ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանում չլինելով իշխանություն, շարունակում է մեծ ազդեցություն ունենալ արցախյան կառավարող էլիտայի վրա, և արցախյան կառավարող էլիտայի վարքագիծը մեծամասամբ պայմանավորված է Սերժ Սարգսյանի թելադրանքով, կամ Սերժ Սարգսյանի գծած շրջանակներով։

«Ազատություն». – Ես Ձեզ ճի՞շտ եմ հասկանում, այսինքն՝ Սերժ Սարգսյանը հրահանգ է իջեցնում և ասում է՝ «քննադատեք Հայաստանի նոր իշխանությունների՞ն»։

Խանումյան. – Ես վստահ եմ դրանում, ինֆորմացիա ունեմ ներսից, նաև տարբեր հանդիպումներից, որոնք իրենք անում են տարբեր վանքերում, էդ թվում՝ գիշերային խարույկների, խորոված կարտոշկայի շուրջ և այլն։

«Ազատություն». – Իրենք՝ ովքե՞ր, պարոն Խանումյան։

Խանումյան. – Նույն Սերժ Սարգսյանը, նույն նախկին ուժայիններ՝ գեներալի ուսադիրներով, մի շարք պաշտոնյաներ, որոնք հավաքված են նախագահի նստավայրում, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և այլն, և այս բոլորն ուղղորդվում են անձամբ Սերժ Սարգսյանի կողմից, դրանում կասկած չի կարող լինել, գոնե ինձ համար, չի կարող։

«Ազատություն». – Այսինքն՝ Սերժ Սարգսյանը համախմբել է իր շուրջ իր իշխանության օրոք Լեռնային Ղարաբաղում անվտանգության, պաշտպանության ոլորտում ղեկավար պաշտոններ զբաղեցրած մարդկանց և փորձում է ինչ-որ թի՞մ ձևավորել Լեռնային Ղարաբաղում, դա՞ եք ասում։

Խանումյան. – Այս մարդկանց, բացի Վիտալի Բալասանյանը, որովհետև իր անցած ճանապարհը մի քիչ այլ է, էդ բոլոր մարդկանց՝ թե՛ Բակո Սահակյանի շրջապատին՝ նեղ շրջանակին, թե՛ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին և Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, նախագահի որոշ խորհրդականներ՝ էլի գեներալի ուսադիրներով, էդ բոլորին միավորում են համատեղ կատարած հանցանքները տարբեր ուղղություններով, այդ թվում՝ կարևոր կոռուպցիոն ուղղություններով: Դրա վերաբերյալ վերջերս ես բազմիցս արձագանքել եմ, թե ինչպես Սերժ Սարգսյանի հարազատները, ընտանիքի անդամները, Արցախի իշխանության տարբեր ներկայացուցիչներ փողեր են լվացել՝ միլիարդավոր դրամների մասին է խոսքը և, բնականաբար, այս մարդկանց միավորում են նախկինում կատարած հանցագործությունները, հսկայական կոմպրոմատները, որոնք կան, և այն ընդհանուր ճակատագիրը, որը կարող է սպառնալ բոլորին, եթե գործերը շարունակվեն այն տեսքով, ինչ որ շարունակվում են այսօր Հայաստանում, այսինքն՝ բացահայտումներ, տնտեսական հանցագործությունների վերհանում, որպես հետևանք՝ տարբեր քրեական գործերի հարուցում և այլն։

Tekali Taxi