Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ հարցազրույց է տվել Փարիզում լույս տեսնող Nouvelle d’Arménie պարբերականին, որը Օգոստոսի 31-ին թարգմանաբար հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքեջում։ Հարցազրույցում՝ ի թիվս այլ խնդիրների, Փաշինյանն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանն ու Հայաստան-Ղարաբաղ փոխհարաբերություններին։
Nouvelle d’Arménie – Հայերին մտահոգող ամենամեծ հարցը կապված է անվտանգության հետ։ Ի՞նչ կարող եք ասել նրանց հանգստացնելու համար։ Ձեր կարծիքով՝ որտեղի՞ց են գալիս գլխավոր սպառնալիքները երկրի համար։
Նիկոլ Փաշինյան – Քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծում չի ստացել, վաղաժամ է խոսել այդ անհանգստությունները ցրելու մեխանիզմից։ Մենք ունենք հակամարտություն, այդ հակամարտությունը կարգավորված չէ։ Եթե մենք ժողովուրդ ենք՝ օժտված ստրատեգիական մտածողությամբ, իսկ ես վստահ եմ, որ մենք այդպիսինն ենք, ապա մենք չենք կարող խնդիրները լուծել կարճ ժամանակում, մի քանի օրվա ընթացքում։ Մենք պետք է գիտակցենք, որ ունենք խնդիր, որի լուծումը պահանջում է համազգային ներուժի համախմբում։ Դրա համար առաջնահերթ պետք է, որ Հայաստանի հասարակությունը եւ տնտեսությունը լինեն մրցունակ, ներառական եւ մշտապես զարգացման ճանապարհին։ Մենք պետք է մեծագույն լրջությամբ ապահովենք մեր տնտեսական առաջընթացը։ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել միայն դիվանագիտական կամ ռազմական ճանապարհներով առանձին վերցրած։ Անհրաժեշտ է ավելի լայն համակցություն, որի կենտրոնում են ուժեղ եւ մրցունակ տնտեսությունը, հզոր հասարակությունը եւ առաջատար տեխնոլոգիաներով երկիրը։ Ես արդեն բազմիցս ասել եմ՝ մեր ծրագիրը նրանում է, որ կարողանանք հասկացնել մեր բոլոր հնարավոր հակառակորդներին, որ մենք՝ որպես ժողովուրդ այնքան միասնական ենք, որպես հասարակություն՝ այնքան համախմբված, որպես պետություն՝ այնքան հզոր, որ իմաստազուրկ է մեզ հետ պատերազմելը, որովհետեւ միակ ելքը կլինի իրենց պարտությունը։ Կարիք չկա երկուստեք հանգստացնելու կամ վստահեցնելու։ Մենք պետք է հասկանանք, որ ունենք խնդիր, եւ այդ խնդիրը վերաբերում է բոլորիս։ Անկասկած, այդ խնդրի լուծումը կառավարության եւ անձամբ վարչապետի առաջնահերթությունն է։ Ես տեսնում եմ իմ գործը ոչ պարզապես համազգային ուժերը միավորելու մեջ․ պետք չէ համախմբվել սոսկ համախմբվելու համար։ Իմ խնդիրը իրական հնարավորություններ ստեղծելն է մեր ազգային ներուժը միացնելու եւ զարգացնելու համար։
Nouvelle d’Arménie – Եթե ես Ձեզ ճիշտ եմ հասկանում, դուք կապում եք անվտանգության հարցը տնտեսական զարգացման հետ։
Նիկոլ Փաշինյան – Այո, անկասկած։ Ավելին, մենք չենք կարող այն կապել որեւէ այլ ոլորտի հետ այսպես անմիջականորեն։ Զորեղ դիվանագիտություն, հզոր բանակ ունենալու համար անհրաժեշտ են միջոցներ, որ գեներացնում է մեր տնտեսությունը։ Իսկ ինչպե՞ս է կառուցվում մեր տնտեսությունը։ Մենք չենք կարող կարգավորել ռազմական հակամարտությունը և աշխարհաքաղաքական բարդությունները՝ հենվելով միայն ծիրանի արտահանմամբ զբաղվող տնտեսության վրա։ Թյուրըմբռնումներ թող չլինեն․ ես կարծում եմ, որ գյուղատնտեսությունը կարեւոր է, այն կազմում է մեր ՀՆԱ-ի 14 տոկոսը։ Բայց սա հակամարտություն ունեցող երկրի տնտեսություն չէ։ Գյուղատնտեսական արտադրանքի ծավալները պետք է դեռ աճեն, քանի որ մեր երկրում շատ են անմշակ հողատարածքները։ Անհրաժեշտ է մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի քանակը, բայց նվազեցնել նրա մասնաբաժինը ՀՆԱ-ում։ Գյուղատնտեսության ոլորտն արտադրանքի եւ արտահանման քանակով պետք է աճի 10 անգամ, բայց միեւնույն ժամանակ պետք է ՀՆԱ-ում իր կշիռը 14 տոկոսից հասցնի 1-ի՝ հնարավոր բոլոր հետեւանքներով։ Նույնն է նաեւ հանքարդյունաբերության դեպքում։
Nouvelle d’Arménie – Այդ առնչությամբ ի՞նչ եք պատրաստվում անել նվազեցնելու համար հայաստանյան տնտեսության կախվածությունը հանքարդյունաբերությունից։
Նիկոլ Փաշինյան – Միակ հնարավոր ճանապարհը տեխնոլոգիաների եւ վերամշակող տնտեսության զարգացումն է։
Եւ ես կարծում եմ՝ մի օր անհրաժեշտ կլինի նախատեսել օրենք արգելելու համար հումքի եւ հանքանյութերի արտահանումը Հայաստանից։ Բայց դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե հենց երկրում ունենանք խոշոր ձուլարաններ, մոլիբդենի վերամշակման գործարաններ եւ ամբողջական հանքարդյունաբերություն։ Սա է այն ճանապարհը, որ մենք մտադիր ենք եւ պետք է բռնենք։ Դեռ ոչ մի թերզարգացած երկիր չի հաջողել պաշտպանել իր շահերը հակամարտության մեջ։ Ամեն ինչ կապված է տնտեսական առողջության հետ։
2019-ի առաջին եռամսյակում Հայաստանը գրանցել է ամենամեծ աճը եվրոպական բոլոր երկրների մեջ: Շատ ուրախանալու առիթ չունենք, որովհետեւ մենք սկսել ենք շատ ցածրից։ Բայց դա լավ ու իրական նշան է։ Ո՞րն է մեր կառավարության ամենամեծ հաջողությունն այսօր։ Դե, իհարկե, ամենամեծ հաջողությունն այն է, որ մենք օլիգարխիկ տնտեսությունից անցել ենք ներառական տնտեսության, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին զբաղվել ձեռներեցությամբ։ Այսօր տնտեսությունն ազատ է։ Որպիսինն էլ լինի գործունեության ոլորտը, չկան սահմանափակումներ։ Որոշ ժամանակ առաջ արտադրելու, ներկրելու, արտահանելու համար անհրաժեշտ էր ենթարկվել օլիգարխների կողմից խմբագրված կանոններին։ Բայց այդ ժամանակն անցել է, խոչընդոտները հանվել են։ Ներկայում յուրաքանչյուրը կարող է ներդրում անել, աշխատել, ցույց տալ իր տաղանդը։ Քաղաքական առումով որեւէ խոչընդոտ չկա։ Մյուս կողմից, իհարկե, կան այլ արգելքներ՝ գտնել ֆինանսավորման աղբյուր, բարձր տոկոսադրույքներ, թերի ենթակառուցվածքներ, կառուցվելիք ճանապարհներ եւ այլն։ Դա այն էկոհամակարգն է, որ պետք է կառուցենք։ Դա այն է, ինչ մենք փորձում ենք անել։
Nouvelle d’Arménie – Արցախի հետ հարաբերությունների սառեցում է նկատվում։ Որո՞նք են տարաձայնության կետերը։
Նիկոլ Փաշինյան- Կարծում եմ՝ կոռեկտ չէ ասել, թե Արցախի հետ մեր հարաբերությունները սառել են, քանի որ ամեն օր տասնյակ պաշտոնյաներ մշտական կապի մեջ են, աշխատում են միասին։
Պետք է հստակ ասել իրերը․ Արցախի իշխանությունները երկար աշխատել են նախորդ կառավարության հետ՝ բոլոր հետեւանքներով, որ դա կարող էր ունենալ։ Այսօր Հայաստանում նոր իշխանություն է, եւ, բնական է, որոշակի հարցերում կա անհամաձայնություն (ուղիղ խոսք – դիսոնանս)։
Անհրաժեշտ է գործել այդ անհամաձայնությունները վերացնելու համար։ Լավագույն միջոցը դրան հասնելու՝ եկող տարի սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն են Արցախում։ Այդ ընտրությունների արդյունքում, որոնք կլինեն ազատ եւ ժողովրդավարական, այդ անհամաձայնությունները դուրս կգան։
Nouvelle d’Arménie – Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ստատուս քվոն կգերակշռի ձեր հարաբերություններում մինչեւ ընտրություններ։
Նիկոլ Փաշինյան – Մեր հարաբերությունները փոխվում են ամեն օր։ Դրանք լավ են զարգանում։ Ամեն օր մենք ներկայացնում ենք սկզբունքային հարցեր եւ գտնում ենք դրանց պատասխանները։ Մենք կարծում ենք, որ բարելավումները Արցախում պետք է նույն կարգով եւ տեմպով լինեն, ինչ Հայաստանում։ Ի վերջո, մենք միասնականության մասին ենք խոսում, այնպես չէ՞։ Այդ միասնականությունը պետք է մարմնավորվի նախեւառաջ քաղաքական ու հանրային ներդաշնակությամբ։ Այժմ, անհրաժեշտ է հաստատել ներդաշնակություն քաղաքական ոլորտում, Հայաստանի եւ Արցախի միջեւ քաղաքական բովանդակության մեջ ես պետք է ասեմ, որ համոզված եմ՝ Հայաստանի եւ Արցախի հասարակություններն ներդաշնակության մեջ են, մնում է ներդաշնակեցնել կառավարման համակարգերը։ Եվ այդ ներդաշնակությունը պետք է խորանա ամեն օր, ամեն կատարված քայլի հետ։ Այս գործընթացում, բնական է, կա մոտեցումների տարբերություն։ Բայց ի՞նչ ենք ուզում անել։ Արդյո՞ք ուզում ենք վարվել, ինչպես առաջ։ Թաքցնե՞լ խնդիրները։ Խուսափե՞լ դրանցից խոսել։ Բարձրագոչ կենացներ խմե՞լ եւ ձեւացնել, թե ոչինչ չկա՞։ Մենք կշարունակենք կենացներ ասել միայն սեղանի շուրջ։ Մնացյալ դեպքերում, մենք խոսում ենք ուղիղ, ամենայն անկեղծությամբ եւ գործում ենք։