Home / Շուկա / «Արցախից Պաղեստին տապալենք օկուպանտին». երթ Երևանում

«Արցախից Պաղեստին տապալենք օկուպանտին». երթ Երևանում

Հոկտեմբերի 25-ին Երևանում մի խումբ երիտասարդներ երթ էին կազմակերպել ի սոլիդարություն Պաղեստինի։ Հիմնականում նրանք ներկայանում էին որպես մարքսիստ-կոմունիստներ:

Ակցիան մեկնարկեց Մաշտոցի պուրակից և ավարտվեց ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։ Երթի մասնակիցները կոչ էին անում ՄԱԿ-ին և Հայաստանի Հանրապետությանը կանգնել Գազայի կողքին և դատապարտել Իսրայելի ցեղասպան գործողությունները։

«Բոլորս գիտենք, որ կա Իսրայելի և Պաղեստինի բաց հարց, բոլորս գիտենք, որ այդ պատերազմը չի ավարտվում։ Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ չի ավարտվելու Թրամփի ցանկացած պայմանագրով», – ակցիայի մասնակիցներից մեկը վստահ էր, որ ճգնաժամի միակ լուծումը հեղափոխությունն է:

Իսրայելը և Համասը հոկտեմբերի 9-ին համաձայնխգրեր են ստորագրել, որոնցով մեկնարկել է «Թրամփի առաջարկած հրադադարի ծրագրի առաջին փուլը՝ փոխանակել գերիներին, դադարեցնել սպանդը Գազայում, հումանիտար օգնություն տրամադրել երկու տարի պաշարված և սովի մատնված բնակչությանը։ Բայց ընդամենը մի քանի օր անց՝ հոկտեմբերի 19-ին, Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Գազային․ առնվազն 11 պաղեստինցի է մահացել։ Արդեն հոկտեմբերի 20-ին Իսրայելական ուժերը 153 տոննա ծանրությամբ ռումբ են նետել անկլավի ուղղությամբ։ Ավիահարվածների հետևանքով զոհվել է 26 մարդ:

Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով, Իսրայելի ներխուժումից ի վեր սպանվել է ավելի քան 67 հազար պաղեստինցի։

2023-ից հետո անկլավը զրկվել է սննդի մատակարարման գրեթե բոլոր ուղիներից՝ մնալով իսրայելական բանակի թույլատրած հումանիտար օգնության հույսին։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայում արդեն վաղուց մասսայական սով է։ ԶԼՄ-ները պարբերաբար հաղորդում են, որ իսրայելական բանակը կրակ է բացում նաև հումանիտար օգնության համար հերթ կանգնած մարդկանց վրա (վերջին չորս ամսում սննդի հերթերում մոտ հազար հինգ հարյուր մարդ է սպանվել՝ հայտնել են ՄԱԿ-ի առաքելությունները)։