Հինգշաբթի Լիբանանի խորհրդարանը երկրորդ փուլով երկրի նախագահ ընտրեց զինված ուժերի հրամանատար Ժոզեֆ Աունին։ Քվեարկության առաջին փուլում նա չէր կարողացել հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ 86 ձայնը (128-ից)՝ ստանալով միայն 71 խորհրդարանականի աջակցությունը։
Առաջին և երկրորդ փուլերի ընթացքում լիբանանցի օրենսդիրները ակտիվ խորհրդակցություններ են անցկացրել տարբեր մակարդակներում։ Աունի կողմնակիցների համար առավել որոշիչ էին շիա պատգամավորների ձայները: Նրա նշանակումը, սակայն, համարվում էր ամենահավանականը, քանի որ Աունը ձեռք է տալիս Լիբանանի գրեթե բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում՝ Հեզբոլլահին։
Լիբանանում նախագահի պաշտոնը թափուր էր ավելի քան երկու տարի, և մի երկրի համար, որը թուլացել էր տևական տնտեսական ճգնաժամի և Իսրայելի հետ պատերազմի պատճառով, շատ կարևոր էր լրացնել իշխանության վակուումը:
Լիբանանի համայնքային կառավարման բարդ համակարգում նախագահի պաշտոնն ավանդաբար զբաղեցրել են մարոնի-քրիստոնյաները: Այս անգամ, սակայն, Աունի թեկնածությունը պաշտպանել է նույնիսկ քրիստոնյա աջ կենտրոնամետ «Մարադա» կուսակցության առաջնորդ, Լիբանանի ներքին գործերի նախկին նախարար Սուլեյման Ֆրենժերը։
Խորհրդարանում որպես նախագահ իր առաջին ելույթում Աունն ասել է, որ իր առաջնահերթությունը զենք կրելու պետության բացառիկ իրավունքին հասնելն է, նկատի ունենալով Հեզբոլլահի ռազմական զինանոցը, որը պետական ռազմական կառույց չէ։
Այս ընտրությունները համարվում են վերջին տարիների ամենալուրջ քաղաքական փորձությունը Լիբանանի համար։ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ընտրությունը ազդանշան է, որ Լիբանանում իրանական ազդեցությունը նկատելիորեն թուլացել է։
Քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Աունը հավատարմության երդում է տվել Լիբանանին։
«Ես խոստանում եմ հարգել լիբանանյան ազգի սահմանադրությունն ու օրենքները և պահպանել լիբանանյան ազգի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը», – ասել է նա։
Իրադարձությունների այս զարգացումը բնական շարունակությունն է Մերձավոր արևելքում Իրանի տևական ձախողումների։
Իսրայելի հետ զինված հակամարտությունից հետո «Հեզբոլլահ» խմբավորումը հսկայական մարդկային և ռազմական կորուստներ է ունեցել: Նրա դիրքերը երկրում նույնպես թուլացել են, չնայած այն հանգամանքին, որ Հեզբոլլահի քաղաքական թևը շարունակում է իր մոտ պահել լիբանանյան քաղաքական դաշտի մեծ մասը: