հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Իրանի մուռը կրկին ձախողվեց. Իսրայելի մեծացնում է ներխուժումը Լիբանան

Իրանի մուռը կրկին ձախողվեց. Իսրայելի մեծացնում է ներխուժումը Լիբանան

Իրանը հայտարարել է Իսրայելի վրա իր հրթիռային հարձակման օպերացիայի ավարտի մասին։ Մինչ այդ Իսրայելն ու Ամերիկան սպառնացել էին հակահարված հասցնել։

«Մենք կավարտենք մեր գործողությունները, քանի դեռ Իսրայելի ռեժիմը հետագա պատասխան գործողություններ հրահրելու որոշում չի կայացրել: Պատասխանի դեպքում մեր արձագանքն ավելի ուժեղ և խիստ կլինի»,- X հարթակի իր ուղերձում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Նա նշել է, որ իրենց հոկտեմբերի 1-ի գործողությունները համապատասխանել են ՄԱԿ-ի կանոնադրությանը. թիրախավորվել են բացառապես ռազմական նշանակության օբյեկտները, որոնք Իսրայելի կողմից կիրառվում են Գազայում և Լիբանանում ցեղասպանությունների համար։

Իրանի հետ հակամարտությանը զուգահեռ Իսրայելը շարունակում է ցամաքային հարձակումը Լիբանանի վրա։ Լրատվական գործակալությունները գրում են սահմանին մեծ թվով իսրայելական զրահատեխնիկայի կուտակման մասին։ Իսրայելական Ցախալը հայտարարել է Հեզբոլլահին պատկանող մեծ թվով ռազմական օբյեկտների և ավելի քան 150 «ահաբեկչական ենթակառուցվածքների» ոչնչացման մասին։

Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը հրթիռակոծել է Իսրայելը։ Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ դա իրենց պատասխանն է Հեզբոլլահի, Համասի և Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի առաջնորդների սպանությանը։ 

Նախնական հաշվարկներով իրանական կողմը շուրջ 180 բալլիստիկ հրթիռ է արձակել։ Պատճառված վնասի մասին հստակ տեղեկություններ չկան։ Իսրայելական կողմը պնդում է, որ հարձակման հետևանքով ոչ մի ռազմական օբյեկտ չի տուժել։ Կան վիրավորներ։ Times Of Israel-ը գրում է մեկ հաստատված զոհի մասին. Նուեյմա գյուղում բեկորային հարվածից մահացել է պաղեստինցի մեկ տղամարդ։ 

Jerusalem Post-ը Magen David Adom փրկարար կազմակերպության ղեկավարին հղվելով գրել է, որ հրթիռներից մեկը հարված է Թել Ավիվի հյուսիսում գտնվող բնակելի շենքին։ Իսրայելական Հաարեթզ թերթի փոխանցմամբ, ուժեղ պայթյուններ լսվել են Երուսաղեմում, Թել Ավիվում, Իսրայելի կենտրոնական շրջաններում, Նեգև անապատում։

Իրանի Իսլամական հեղափոխության կորպուսն իր հայտարարության մեջ նշել է, որ այս հրթիռակոծության որոշումը կայացվել է երկար զսպվածությունից հետո. «Իսմայիլ Հանիայի, Հասան Նասրալլայի և Աբբաս Նիլֆորուշանի մարտիրոսական սպանությանն ի պատասխան, մենք հարվածներ ենք հասցրել սիոնիստների օկուպացրած հողերի հենց սրտին»։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին թվիթերի իր էջում եբրայերենով գրել է, որ Իսրայելը նոր ու ավելի դաժան հարվածների պետք է սպասի։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիան գրել է, որ հրթիռակոծության նպատակն էր ցույց տալ Իսրայելին, որ Իրանը զինված հակամարտություն չի ուզում, բայց պատրաստ է պաշտպանել իր քաղաքացիների շահերը։

Հրթիռային հարվածների մեկնարկից հետո Լիբանանն ամբողջությամբ փակել էր օդային սահմանը։ Թեհրանի օդանավակայանը ևս չի գործում։

Առաջին անգամ Իրանն իր տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակել էր ապրիլի 13-ին։ Իսրայելական հակաօդային պաշտպանությանը հաջողվել էր որսալ դրանց մեծ մասը։ Այն ժամանակ էլ էսկալացիան անսպասելի չէր։ Ապրիլի 1-ին Իսրայելը ավիահարված էր հասցրել Դամասկոսում գտնվող Իրանի հյուպատոսությանը. 13 զոհերից առնվազն 7-ը  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնյաներ էին։ Զոհերի ցանկում էին նաև ԻՀՊԿ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին։ Թեհրանը հայտարարել էր, որ պատասխան գործողությունների է դիմելու։