Իսրայելցի ծայրահեղական վերաբնակների կողմից Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափին տեղակայված Ջիթ գյուղի վրա հարձակման արդյունքում առնվազն մեկ պաղեստինցի է զոհվել։
Օգոստոսի 15-ի լույս 16-ի գիշերը տասնյակ դիմակավորված իսրայելցի վերաբնակներ ներխուժել են Ջիթ, քարեր ու այրվող նյութերով շշեր են նետել գյուղի տների ու մեքենաների վրա։ Հարևան Նաբլուս քաղաքից ծխի ամպեր են երևում։
Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ներխուժման արդյունքում սպանվել է գյուղի 23 ամյա բնակիչը, ևս մեկ քաղաքացի կրծքավանդակի շրջանում ծանր վիրավորում է ստացել։
Իսրայելի Պաշտպանության բանակի հայտարարությունում ասվում է, որ իրենց ուժայինները հարձակման մասին լուրերից «րոպեներ անց» եկել են Ջիթ։ Դեպի օդ կրակ է բացվել ամբոխը ցրելու համար։ Հարձակվողներին գյուղից տարել են, Իսրայելի մեկ քաղաքացի ձերբակալված է։
ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչները նշել են, որ «այս լուրջ միջադեպի» առիթով իրենք, իսրայելական Շին-Բեթ անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը համատեղ հետաքննություն են սկսել։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ «կատարվածի մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»։ Նախագահն ու այլ պաշտոնյաները ևս հրապարակայնորեն դատապարտում են միջադեպը։ Պաշտոնական Վաշինգտոնն Իսրայելի իշխանություններին կոչ է արել «լուրջ վերաբերվել այս գործի քննությանը»։
Պաղեստինցիները պարբերաբար իսրայելական անվտանգության ուժերին մեղադրում են ագրեսիվ տրամադրված վերաբնակների համար ամենաթողության միջավայր ստեղծելու մեջ։ Իրավապահների անգործության պատճառով ծայրահեղական խմբավորումները պարբերաբար հարձակվում են պաղեստինական գյուղերի վրա։ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով բաժնի տղյալներով, հոկտեմբերից ի վեր ավելի քան 1000 նմանատիպ հարձակում է եղել, ինչի արդյունքում նվազագույնը 1390 մարդ, այդ թվում՝ 660 երեխա, ստիպված է եղել թողնել իր տունն ու տեղափոխվել վերաբնակներից ավելի հեռու տեղակայված պաղեստինական բնակավայրեր։ Հարձակումները հիմնականում ուղեկցվում են բռնությամբ։ ՄԱԿ-ի տվյալներով դիտարկված 107 ներխուժումների արդյունքում սպանվել կամ վիրավորվել են տեղի բնակիչներ, 859 դեպքերում վնաս է հասցվել բնակելի շինություններին։
Գյուղի վրա հարձակումն իրականացվել է Քաթարում ընթացող բանակցային պրոցեսների երկրորդ օրվա նախօրեին։ Իսրայելական կողմի ցեղասպան պատերազմական գործողությունները Գազայում և Արևմտյան ափին շարունակվում են։