Home / Հայաստան / Վանաձորցի տղերքը վռնդել են իրանցի երաժիշտներին

Վանաձորցի տղերքը վռնդել են իրանցի երաժիշտներին

Օրեր առաջ Վանաձորում հարձակվել են իրանցի փողոցային երաժիշտների վրա, փորձել են ջարդել երաժշտական գործիքները՝ ասելով «դավայ ռադ եղեք ստեղից, հերիք ա սատանայական երաժշտություն նվագեք, գնացեք ձեր երկիրը»։ 

Դեպքի մասին Epress.am-ին պատմել է երաժիշտների հայաստանցի ընկերը, ով անվտանգության նկատառումներով կմնա անանուն։ 

Հարձակվողները՝ 20-25 տարեկան տղաներ, մոտեցել են Տիգրան Մեծ փողոցի վրա նվագող երաժիշտներին, մինչ հարձակմանը լուռ հետևել են ևս 15 հոգի՝ հարևան շենքերի պատերի տակից։

Երաժիշտներից մի քանիսը կիթառները պահել են մեջքի հետևում՝ այսպես բռունցքի հարվածներ ստացել մարմնի վրա։ Խուլիգանները խլել և գետնով են տվել միայն կաշվե պարկապզուկը։

Մեր զրուցակիցը, որը միակն էր, ով հասկանում է հայերեն, վազել է մոտակա հրապարակում կանգնած պարեկներին կանչելու։ Մինչև նրանք եկել են, հարձակվողները հասցրել էին փախչել։

Պարեկները պնդել են՝ երաժիշտներին պետք է տանեն ոստիկանության բաժանմունք։

«Մեզ դրեցին մեքենաների մեջ, միացրեցին սիգնալիզացիան ու բոլոր լույսերը՝ կարծես հանցագործ են տեղափոխում։ Բաժնում առաջին հանդիպած ոստիկանը, որ իմացավ՝ խփել են իրանցիներին, հարցրեց՝ կարո՞ղ ա նամազ էին աղոթում փողոցում։ Այսինքն, բռնությունը բացատրելով, արդարացնելով էր զբաղված։ Հետո մեզ տարան վերևի հարկ։ Ընկերներիս անձնագրային տվյալները գրանցելուց ոստիկանները մի քանի րոպե ծիծաղում էին իրանական անունների վրա։ Ես շոկի մեջ էի։ Ի՞նչ ասեի։ Ուղղակի նայում էի», – պատմել է վկան։

Հարձակման զոհերին ոստիկանները «կոնսուլտացիա են արել»՝ բացատրել են, որ ֆիզիկական բռնության մասին հաղորդման քննությունը կարող է ձգվել ամիսներ, տուժողներն ու վկաներն այդ ընթացքում չեն կարող լքել Հայաստանը։ Այս ընթացակարգային սահմանափակումը հաստատել են նաև անհատ իրավապաշտպաններ։

Տուժողներին ոստիկաններն առաջարկել են հետ վերցնել բողոքը։ Իրանցիները համաձայնվել են։ Վկան ստիպված է եղել փոխել իր ցուցմունքները։ Ֆիզիկական բռնության մասով քրեական գործ չի հարուցվել տուժողների կամքով։ Իսկ խտրական, հակամարդկային հանրային պահվածին ոստիկաններն առանձնապես ուշադրություն չեն էլ դարձրել։

Վերբալ վիրավորանքի, կրոնն ու ազգությունը նսեմացնող արտահայտությունների մասին հաղորդումները մնացել են օդում, խտրականության հոդվածով (Քր. Օր.203) քրեական վարույթ չի նախաձեռնվել։

Փողոցային տեռորը շարունկավել է։ Դեպքից երկու օր անց երաժիշտներից մեկը նորից է դուրս եկել Տիգրան Մեծի վրա նվագելու։ Նրան մի տղամարդ է մոտեցել, և այս անգամ առանց հարվածների սպառնացել է․ «Եթե մինչև վաղը Վանաձորից գնացած չլինես, երաժշտական գործիքներդ ջարդելու ենք»:

Իրանցիները որոշել են հեռանալ Հայաստանից։