հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / Կոտրված ոտքով երեխան Վանաձորի ղեկավարից տիկնիկ է ստացել

Կոտրված ոտքով երեխան Վանաձորի ղեկավարից տիկնիկ է ստացել

Վանաձորում երեխաների պաշտպանության օրվան նվիրված հանդեսի ժամանակ ընկել է բացօթյա բեմի մետաղական կամարը, մանկական պարախմբի անդամներից մեկը կոտրվածներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքից ավելի քան մեկ շաբաթ 6-ամյա երեխայի մայրը դիմել է ոստիկանություն (և պարզել, որ անցած 8 օրերի ընթացքում ո՛չ քրեական գործ է հարուցվել, ո՛չ նույնիսկ ուսումնասիրություն արվել)։ Կնոջ հաղորդումից հետո Քննչականում վարույթ են նախաձեռնել։ «Նախաքննում են»։

Բացօթյա բեմի կահավորման և զարդարման համար, ըստ քաղաքապետարանի, պատասխանատու է եղել Սպիտակում գրանցված «Էնադ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը մասնակցել է մրցույթին և շահել։ Թե ինչու է ամեն ինչ այսպես ստացվել՝ քաղաքային պաշտոնյաները չգիտեն։

«Հունիսի 1-ին Վանաձորի համայնքապետարանի կողմից պատրաստված միջոցառման ժամանակ անվտանգության կանոները չպահպանելու և անփութության պատճառով պարային համարի մասնակիցներից մեկը ոտնաթաթի երեք կոտրվածք է ստացել։ Երջանիկ պատահականությամբ (պարային համարը բավականին շարժային էր) այս դեպքում հաջողվեց խուսափել մեծ աղետից, եղավ ընդամենը ոտքի կոտրվածք։ Ըստ տեղեկությունների՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը [հայտնի է «ԱԿԱ» մականունով] իր կողմից երեխայի համար նվեր տիկնիկ է ուղարկել, իսկ համայնքապետարանից ընտանիքին առաջարկել են օգնություն՝ դեղերի և սննդի տեսքով։

Հունիսի 1-ից մինչ հունիսի 5-ը Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը [սոցցանցերում] վիդիոներ ու նկարներ էր կիսում հունիսի 1-ի այսպես ասած հիասքանչ տոնակատարությունից և իհարկե 0 անդրադարձ այս դժբախտ պատահարին», – գրել էր վանաձորցի իրավապաշտպան Գևորք Քոթանջյանը։

Ստեղծված իրավիճակում քաղաքապետարանի աշխատակիցները կարող էին, օրինակ, այցելել տուժած երեխայի ընտանիքին, համայնքապետի պաշտոնակատարը կարող էր ներողություն խնդրել հանդեսի մասնակիցներից և նրանց հարազատներից, փոխարները՝ նրանք նախընտրել են իմիտացիա ստեղծել, որ ամեն ինչ լավ է՝ հավելել էր իրավապաշտպանը․ «Ի վերջո, ոստիկանությունում էլ քրեական գործ հարուցված չէ, և կարվի ամեն ինչ, որ այս դեպքը ջրվի, գնա կորչի»։

Մեկնաբանություններում «Գայաննա» պարի խմբակի աշխատակիցները «արագ ապաքինում» էին մաղթել միջոցառման ժամանակ վիրավորված իրենց նախկին սանին։ Միջադեպի մասին բարձրաձայնելու փոխարեն՝ «Գայաննայի» ֆեյսբուքյան էջը մինչ այդ կիսվում էր հանդեսի մոնտաժված տեսանյութերով և շնորհակալություններ հայտնում «ևս մեկ կայացած օրվա» համար։

Հունիսի 8-ին տուժած երեխայի մայրը՝ Վեներա Քոչարյանը, դիմել է ոստիկանություն։ Նախօրեին Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ քրեական վարույթ են հարուցել «մարդու կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումք կամ ապրանք պատրաստելով, պահելով, փոխադրելով, առաքելով, ձեռք բերելով, այդպիսի աշխատանք կատարելով կամ ծառայություն մատուցելով անզգուշությամբ մարդու առողջությանը միջին կամ թեթև ծանրության վնաս պատճառելու» հոդվածով։