Home / Առողջապահություն / Մեղսունակ մարդասպան ոստիկանը ազատության մեջ է, կինը և երեխաները թաքնվում են

Մեղսունակ մարդասպան ոստիկանը ազատության մեջ է, կինը և երեխաները թաքնվում են

 

Հունիսի 8-ին սոցիալական ցանցերով և մեդիահարթակներով տեսանյութ է տարածվել, որում երիտասարդ կինը պատմում է ամուսնու սպառնալիքների և նրա կողմից հետապնդումների ենթարկվելու մասին, գրում է Կանանց աջակցման կենտրոնը։

Լիանա Մարգարյանի և նրա երեխաների լուսանկարները տարածվում են «որոնվում են» վերտառությամբ, կինը, սակայն, պնդում է, որ իրենք անհետ կորած չեն, այլ ստիպված են թաքնվել, քանի որ ամուսինը՝ նախկին ոստիկան Գոռ Տեր-Եսայանը, որը սպանել է իր հորը, այժմ ազատության մեջ է։

2020 թվականին Տեր-Եսայանը, որը ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից էր, ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ հրազենի գործածմամբ (կնոջ և երեխաների ներկայությամբ) սպանել է իր աներոջը՝ Լիանայի հորը։ Քրեական գործ են հարուցել սպանության հոդվածով, բայց սպանողը, երկու տարի գտնվելով Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, ազատ է արձակվել։

Կնոջ խոսքով, Գոռ Տեր-Եսայանի հոգեբուժական փորձաքննությունների է ենթարկվել։ Առաջին երկուսը նրան անմեղսունակ են ճանաչել, իսկ երրորդ փորձաքննությունը ոչ միայն հիմնավորել է տղամարդու մեղսունակությունը հանցանքը կատարելիս, այլև հիմնավոր կասկածներ հարուցել նախորդ երկու փորձաքննությունների վերաբերյալ։

Երկու տարի անց ազատության մեջ հայտնվելով՝ տղամարդը շարունակում է կնոջ նկատմամբ բռնությունները։ Ամուսնալուծության գործընթացում նա դատարանի կողմից ստացել է երեխաների հետ տեսակցության իրավունք։ Դատարանը բավարարել է նաև կնոջից խոշոր ֆինանասական գումար բռնագանձելու ամուսնու պահանջը։ Կինը պնդում է, որ ստեղծված իրավիճակում ստիպված է թաքնվել։ Նա հանրային պաշտնապություն է հայցում և ահազանգում տևականորեն ընտանեկան բռնության ենթարկվելու վերաբերյալ։

Կանանց աջակցման կենտրոնը շեշտում է՝ իր աշխատանքային պրակտիկայում բախվել է բազմաթիվ դեպքերի, երբ իրավապահ մարմիններում աշխատող ամուսինները բռնություն են գործադրել կնոջ և երեխաների նկատմամբ, իսկ կնոջ բողոքը իրավական ընթացք չի ստացել։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ կանայք նշում են, որ իրենց ամուսիններն ունեն հրազեն և այդ զենքով սպառնում են իրենց։

Կազմակերպությունը դիմել է պատկան մարմիններին․

— Ուշադրության կենտրոնում պահե՛ք Լիանա Մարգարյանի կողմից բարձրացրած խնդիրները,
— Կիրառե՛ք պաշտպանական միջոց՝ կնոջ և երեխաների անվտանգության ապահովման համար։

«Ավելացնենք նաև, որ Լիանա Մարգարյանը երբևէ չի դիմել Կանանց աջակցման կենտրոն և չի եղել մեր շահառուն, սակայն պատրաստ ենք աջակցություն տրամադրել թե՛ նրան, թե՛ նմանատիպ իրավիճակում հայտնված բոլոր կանանց», – հավելել է կազմակերպությունը։