թարմացում (21:00) — Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը ձերբակալվել է: Քննչական կոմիտեի խոսնակի փոխանցմամբ՝ նրան մեղադրանք է ներկայացվել ՔՕ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը։
11։40 — Սոցցանցերում բարձրացված աղմուկից հետո վերադաս դատախազը վերացրել է անչափահաս մատուցողին ծեծած Դիլիջանի քրեականի պետին մեղադրանք չառաջադրելու որոշումը։ Այս մասին երեկ երեկոյան գրել է վարչապետի ընտանիքի հետ կապվող «Հայկական ժամանակ» օրաթերթը, տեղեկությունն ավելի ուշ՝ հղվելով իրենց աղբյուրներին, հաստատել են նաև տեղական այլ լրատվամիջոցները։
Գլխավոր դատախազությունը այս տեղեկությունը առ այժմ պաշտոնապես չի հաստատել։ ԶԼՄ-ները գրում են, թե գործը վերադարձվել է քննիչին, որը դեռ պետք է որոշում կայացնի՝ արբած վիճակում երեխային ծեծող ոստիկանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնի, թե ոչ։
Ապրիլի 10-ին տեղի ունեցած միջադեպի մասին հայտնի է դարձել նախօրեին՝ դեպքից երկուսուկես ամիս անց հրապարակվել է ծեծի տեսանյութը, որում երևում է՝ ինչպես է Դիլիջանի քննչականի պետը մտնում Հաղարծին հյուրանոցի և ընդունարանում ծեծի ենթարկում անչափահաս մատուցողին։
տե՛ս Պատանուն ծեծող ոստիկանը չի պատժվելու
Տուժողը 16-ամյա Արազ Ամիրյանն է։ Նրա փաստաբան Սասուն Ռաֆայելյանը պատմել է՝ ոստիկանը հարբած է եղել, մեքենան կայանել է հյուրանոցի բակում, մոտեցել է տղային, փորձել է հյուրանոցում սենյակ վերցնել, երբ լսել է, որ սենյակի համար պետք է նաև վճարի, հարձակվել է տղայի վրա և ծեծել նրան։
Քննչականից արդարացել են՝ միջադեպից մեկ ամիս անց քրեական վարույթ են նախաձեռնել, հետո քննչականի պետը դիմում է գրել, ներողություն խնդրել, «հասկացել և գիտակցել», ուստի՝ նրա նկատամամբ քրեական հետապնդում չի հարուցվել «գործուն զղջալու հիմքով»։
«ՀՀ քրեական օրենսգրքի 81 րդ հոդվածը որպես քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք է սահմանում ոչ թե զղջալը, այլ գործուն զղջալը։ Հանցանք կատարած վախկոտ ու անբարոյական անձը (անզեն երեխային ծեծելը վախկոտություն ու անբարոյականություն է) ապացույցների ճնշման տակ բնականաբար կհայտարարի, որ ինքը զղջում է ու ներողություն կխնդրի՝ պատժից խուսափելու նպատակով․․․
․․․Գործուն զղջալը ենթադրում է, որ անձը իրապես զղջում է իր արարքի համար, որը հաստատվում է գործով, այլ ոչ թե խոսքով։ Օրինակ՝ եթե դեպքից անմիջապես հետո հանցանք կատարած անձը տեղում ներողություն խնդրեր երեխայից, իր արարքից ամաչելով, ոստիկանի պատիվը հարգելով, հասկանալով, որ դրանով վնասում է ոստիկանության հեղինակությանը՝ ծառայությունից ազատվելու դիմում գրեր, այնուհետև ինքնախոստովանական ցուցմունք տար, ես դա կհասկանայի որպես գործուն զղջալ։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, իսկ հաղորդումը գրանցվել է մայիսի 10-ին, մի ամսվա ընթացքում հանցանք կատարած անձը որևէ գործողություն չի կատարել, իսկ երբ հաղորդում է ներկայացվել ու ենթադրաբար իմացել է տեսաձայնագրության մասին, նոր «զղջացել» է իր արարքի համար։
Հետաքրքիր է նաև ՆԳՆ-ի պահվածքը։ Փաստացի մայիսի 10-ին ՆԳՆ տեղյակ էր արդեն դեպքի մասին, բայց ծառայողական քննության անհրաժեշտություն չի տեսել։ Ավելին՝ նույնիսկ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո, էլի ծառայողական քննություն չի հարուցել։
Համակարգային կոռուպցիա որ ասում են, էտ միայն կաշառք ստանալը չի ու դրանից տոկոս փոխանցելը վերադասին։ Համակարգային կոռուպցիան նաև համակարգի հովանավորչությունն է յուրայիններին։
Այս դեպքը, թքելու դեպքը ու նմանատիպ այլ դեպքերը, որոնց մեծ մասին երևի տեղյակ էլ չենք, վկայում են, որ հայտարարած համակարգային կոռուպցիայի բացակայությունը հերթական միֆն է, ինչպես ժողովրդավարությունը, մարտունակ բանակը ու նման այլ բաները», – միջադեպը մեկնաբանել է փաստաբան, Իրազեկ քաղաքացիների միավորման փորձագետ Վաղարշ Աղաբեկյանը։
Երեկ համացանցում բարձրացված աղմուկի ֆոնին Ոստիկանությունից հաղորդեցին, թե ապրիլի 14-ին ՆԳՆ-ն դեպքի առթիվ ծառայողական քննություն է նախաձեռնվել, մայիսի 5-ին Դիլիջան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի հիշատակված պետի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Այս հաղորդագրությունը մասամբ հերքում է փաստաբանի մեղադրանքը, թե ՆԳՆ-ն ծառայողական քննություն նույնիկս չի նախաձեռնել։ Միևնույն ժամանակ՝ այն ենթադրյալ չարաշահումների մասին նոր կասկածների տեղիք է տալիս։
Ստացվում է, որ Ոստիկանությունը դեպքի մասին իմացել են ապրիլի 14-ին, բայց վարույթը նախաձեռնվել է մայիսի 10-ին։
«Այսինքն, այդ ընթացքում ՆԳՆ հստակ գիտեր դեպքի մասին, բայց հաղորդում չի ներկայացրել <․․․> Իրավապահ համակարգի ծառայողի կողմից հանցագործության դեպք հայտնաբերելուց անմիջապես հետո, պիտի անմիջապես հաղորդում ներկայացվի դատախազություն։ 20 օր եսիմ ինչ ուսումնասիրելը, հետո նոր ուղարկելը առերևույթ կոծկելու փորձ է», – գրել է Աղաբեկյանը։