Home / Բանտ / Հայաստանը` ի դեմս սադիստ ոստիկանների, պարտվեց

Հայաստանը` ի դեմս սադիստ ոստիկանների, պարտվեց

Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում 12 տարի առաջ սպանված Վահան Խալաֆյանի գործով Եվրադատարանի վճիռը հրապարակվել է նոյեմբերի 8-ին։ ՄԻԵԴ-ը հաստատել է՝ Հայաստանը խախտել է անօրինական բերման ենթարկված Խալաֆյանի կյանքի իրավունքն և խոշտանգումների արգելքը, մահվանից հետո «առանց հիմնավորման ընդունել է ինքնասպանության վարկածը», որը ո՛չ նախաքննական որևէ փուլում, ո՛չ դատավարության ընթացքում կասկածի տակ չի առնվել։

Հայաստանի կառավարությունը Վահանի մորը և ազգականներին պետք է 50 000 եվրո փոխհատուցում վճարի։ Հարազատները հիշեցնում են՝ 24-ամյա տղային սպանածներն ու սպանությունը կոծկողները պատասխանատվության չեն ենթարկվել։ 


Վահան Խալաֆյան, սքրինշոթ

Ըստ պաշտոնական վարկածի՝ դանակահարել է ինքն իրեն

2010 թվականի ապրիլի 13-ին ոստիկանները անօրինական կերպով բերման են ենթարկել Վահան Խալաֆյանին և երեք անձանց, որոնք, իբր, կասկածվում էին գողության մեջ։ Բերման ենթարկելու մասին արձանագրություն չի կազմվել։ Ժամեր անց Խալաֆյանը մահացել է։

Ըստ պաշտոնական վարկածի՝ 24-ամյա տղամարդը ոստիկանների աչքի առաջ երկու անգամ դանակահարել է ինքն իրեն։ Հարազատները պնդում են, որ Վահանին սպանել են։

Խալաֆյանի մարմնին բռնության բազմաթիվ հետքեր են եղել․ ոստիկանական բաժանմունքում նա դաժան խոշտանգումների է ենթարկվել։ Բռնության հետքերը արձանագրվել են նաև դատաբժշկական փորձաքննության ընթացքում։

(Ինքնա)սպանության գործիքի՝ դանակի վրա, Վահանի մատնահետքերը չեն հայտնաբերվել։ Նրա հագուստը անվնաս էր։

Հարազատները հարցնում էին՝ ինչպե՞ս կարող էր մարդը ինքն իրեն դանակահարել՝ դանակին չկպնելով։ Կամ՝ ինչպե՞ս կարող էր նրա վերնաշապիկն անվնաս լինել։ Ինչո՞ւ է անհետացել տուժողի կրած բաճկոնը։

Այս հարցերի պատասխանը հայաստանյան դատարաններն այդպես էլ չեն տվել։

Կասկածներ են առաջացրել նաև դանակի վերքերը, դրանց բնույթն ու դիրքը։ Փաստաբանները պնդում էին, որ տուժողը չէր կարող այդքան կարճ ժամանակում ինքն իրեն դանակի երկու հարված հասցնել, ընդ որում՝ մեկը 3, մյուսը՝ 12 սմ խորությամբ։ Նրանք խնդրել էին վերարտադրել միջադեպը՝ պարզելու համար, հնարավո՞ր էր արդյոք այդքան կարճ ժամանակում կատարել պաշտոնական վարկածում թվարկված բոլոր գործողությունները։ Խնդրանքը պարզապես մերժվել էր։


Խալաֆյանի մայրը՝ Անահիտ Խալաֆյանը, սքրինշոթ

Խալաֆյանի ընտանիքը և գործում ներգրավված իրավապաշտպանները պնդում էին, որ նա խոշտանգվել է ոստիկանների կողմից, կորցրել է գիտակցությունը գլխուղեղի վնասվածքից:

Հանցագործությունը կոծկելու համար ոստիկանները հապճեպորեն փորձել են ինքնասպանություն բեմադրել։ Անգիտակից վիճակում գտնվող Վահանին դանակահարել են, հետո՝ նաև կեղծ փաստաթղթեր կազմել՝ սպանությանը նախորդող գործողությունները ինչ-որ կերպ «արդարացնելու համար»։

Հակասություններ կային նաև ոստիկանների ցուցմունքներում․ դրանք, ըստ էության, անտեսվել են։

Դեպքի առթիվ անմիջապես քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սպանության վարկածը երբևէ չի էլ հետաքննվել։

Ոստիկանները արդարացվել են և համաներվել

Դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Աշոտ Հարությունյանին, քրեական հետախուզության բաժնի օպերլիազոր Մորես Հայրապետյանին, ավագ օպերլիազորներ Գարիկ Դավթյանին  և Գագիկ Ղազարյանին: Ըստ մեղադրական եզրակացության` նրանք «ակնհայտ դուրս են եկել պաշտոնական լիազորությունների շրջանակներից»,  «բռնություն գործադրել բերման ենթարկված անձի նկատմամբ», ինչն «անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2010 թվականին Աշոտ Հարությունյանին դատապարտել է  8 տարվա, իսկ Մորես Հայրապետյանին՝ 2 տարվա ազատազրկման։ Գարիկ Դավթյանն ու Գագիկ Ղազարյանը պարզապես արդարացվել են:


Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, սքրինշոթ

Աշոտ Հարությունյանը պնդում էր, որ քննիչները Մորես Հայրապետյանին ստիպել են իր դեմ կեղծ ցուցմունքներ տալ։ Փաստաբան Արտակ Զեյնալյանը՝ Խալաֆյանի իրավահաջորդների ներկայացուցիչը, հայտարարել էր, որ սպանողը հենց Մորես Հայրապետյանն է եղել։ Հարությունյանի մայրը նշում էր, որ սպանության մեջ ներգրավված է եղել Չարենցավանի փոխոստիկանապետ Սամվել Տոնոյանը։ 


օպերլիազոր Մորես Հայրապետյանը, սքրինշոթ

Վերաքննիչը Խալաֆյանի իրավահաջորդների և մեղադրող դատախազի բողոքները մերժել է։

Մորես Հայրապետյանի նկատմամբ կիրառվել է համաներում (ազատվել է պատժից), իսկ Աշոտ Հարությունյանի պատիժը կրճատվել է 1/3-րդով (վաղաժամկետ ազատ է արձակվել): Չնայած ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝ խոշտանգման համար դատապարտված մարդը չի կարող վաղաժամկետ ազատ արձակվել կամ համաներման արժանանալ, հայաստանյան օրենսդրությունը նման «խստություն» չէր պահանջում։

Վճռաբեկ դատարանը տուժողի իրավահաջորդների բողոքները վերադարձրել է։

Դատավճռի հիմնվել է խոշտանգողների ցուցմունքների վրա

Եվրոպական դատարանը փաստել է՝ Խալաֆյանի ինքնասպանության վարկածն ամբողջովին կառուցվել է երկու ոստիկանների ցուցմունքների հիման վրա, որոնք ներգրավված են եղել միջադեպին և «չէին կարող համարվել անաչառ վկաներ»։

«Իշխանությունների կողմից ոչ մի կարևորություն չի տրվել սուտ և ապակողմնորոշիչ ցուցմունքների փաստին։ Հակասությունները ճշտելու իրական փորձեր նույնպես չեն արվել», – գրված է վճռում։

Խալաֆյանի մահվան իրական պատճառը պարզելու ուղղությամբ Հայաստանի իշխանություններն ոչինչ չեն արել՝ շեշտել է ՄԻԵԴ-ը․

«Խալաֆյանը գողության կասկածանքով տարվել է ոստիկանության բաժին, որտեղ մնացել է մոտ ութ ժամ։ Ի՞նչ վերաբերմունքի է արժանացել, ի՞նչ հանգամանքներում է մահացել։ Այս հարցերը Հայաստանի իրավապահներին ու դատարաններին չեն հետաքրքրել»։

Եվրադատարանը շեշտել է՝ Խալաֆյանի ինքնասպանության վարկածը իշխանությունների կողմից հապճեպ և առանց որևէ հիմնավորման ընդունվել է քննության հենց առաջին օրը: Փորձագետներին մշտապես ներկայացվել է ինքնասպանության վարկածը՝ որպես հաստատված փաստ, որևէ այլ սցենար չի էլ դիտարկվել։

ֆիլմը թողարկվել է 2014 թվականին՝ eTV-ով (Epress.am-ի և Հելսինկյան ասոցիացիայի համատեղ նախագիծ)