Այս տարի արդեն երկրորդ անգամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) մասնակցությամբ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի Խոշտանգումների դեմ պայքարի աշխատանքային խումբը հրապարակեց ԵԱՀԿ տարածաշրջանի 8 երկրների խոշտանգումների արգելքի համաթիվը։
Հայաստանը, ըստ համաթվի, 2020 թ․-ի տվյալներով բարելավել էր դիրքերը 2019-ի նկատմամբ և 8 երկրների շարքում 3-րդն է։
ՀՔԱՎ-ը նշում է, որ այս համաթվի հիմքում հստակ չափանիշներ են ընկած, այդ թվում՝ տեղեկատվություն տրամադրելու հարցում պետական կառույցների պատրաստակամությունն ու քաղաքացիական հասարակության կառույցների հետ համագործակցության հակված լինելը, որոշ թվական տվյալներ, ՀՔԾ քննիչների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև խոշտանգումների դեպքերով քննված քրեական գործերն ու դրանց արդյունքները։
Չնայած Հայաստանի Հանրապետությունն այս սանդղակում նույնիսկ առաջընթաց ունի, բայց պետք է արձանագրենք, որ սա խոշտանգումների դեմ պայքարի վիճակի ամբողջական պատկերը ցույց չի տալիս։
Իրավապաշտպան, ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունց․ «Խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի բնագավառում պետության ջանքերում արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել նաև հեղափոխությունից հետո։ Ավելին՝ հստակ է, որ խոշտանգման վերաբերյալ ահազանգերով զբաղվող քննչական մարմինը՝ Հատուկ քննչական ծառայությունը, դադարեցնելու է գործունեությունը։ Այսպիսով՝ խոշտանգման վերաբերյալ ահազանգերով զբաղվող անկախ քննչական մարմինը այլևս չի գործելու, որը ակնհայտ հետընթաց է վերցրած պարտավորություններից՝ այն է, որ պետք է դրանով զբաղվի ինստիտուցիոնալ մարմին»։
ՀՔԱՎ-ը շարունակում է արձանագրել, որ խոշտանգումների դեմ պատշաճ պայքար չի տարվում, խոշտանգում իրականացրած պաշտոնատար անձինք շարունակում են անպատիժ մնալ։ Խոշտանգման քրեականացումից ի վեր՝ 2015 թ. հունիսի 9-ից մինչ օրս, 309.1 (Խոշտանգում) հոդվածի հատկանիշներով մեղադրական դատավճիռ չի կայացվել:
Հայաստանում խոշտանգումների կանխարգելման և խոշտանգման դեպքերի արդյունավետ քննության համար մարտահրավեր են թե օրենսդրական բացերը, թե օրենքի կիրարկումը։
Շարունակվում են չբացահայտված մնալ խոշտանգումների դեպքերը, խոշտանգումների դեպքերով հաղորդումները, որպես կանոն, չեն հանգեցնում քրեական գործերի հարուցմանը, իսկ քրեական գործ հարուցվելու դեպքերում չի ապահովվում գործերի արդյունավետ քննությունը: Խոշտանգման դեպքերում հարուցված գործերը կարճվում են հիմնականում խոշտանգման փաստը չհիմնավորվելու հիմքով, և կասեցվում են՝ քրեական հետապնդման ենթակա անձի բացակայության հիմքով:
– Մտահոգության առարկա են դատարանների կողմից սահմանված պատիժների համաչափությունը և համարժեքությունը։
– Տարածված խնդիր է նաև վարույթ իրականացնող մարմնի կողմից խոշտանգման դեպքի ոչ պատշաճ փաստաթղթավորումը, որի հիման վրա խոշտանգում արարքը որակվում է որպես պաշտոնեական լիազորություններն անցնել, արդյունքում չի ճանաչվում խոշտանգման, կամ վատ վերաբերմունքի փաստը: Ստացվում է, որ խոշտանգում կատարած անձը կրում է ավելի մեղմ պատիժ, քան սահմանված է խոշտանգում արարքի համար:
Խոշտանգումը քրեականացվել է 2015 թ.-ին, և եթե խոշտանգումը կատարվել է այս նորմի՝ ուժի մեջ մտնելուց առաջ, ապա նախկինում տեղի ունեցած գործերի քննությունն իրականացվում է այդ պահին գործող՝ «Պաշտոնեական լիազորությունների չարաշահման» հոդվածով: Այս հոդվածով վաղեմության ժամկետը սահմանափակված է, և առավելագույն պատիժը՝ «Խոշտանգում» հոդվածով սահմանված պատժից պակաս: Չնայած իրավասու պետական մարմինները չեն անտեսում իրենց հայտնի դարձած՝ նախկինում տեղի ունեցած խոշտանգման փաստերը, և հարուցում են քրեական գործեր:
Խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի պաշտպանության վիճակի պատկերը հուսադրող չէ նաև Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ ՀՔԱՎ-ի մշտադիտարկումների արդյունքներով։
Համադրելով վերջին երկու տարվա Հատուկ քննչական ծառայության և ԶԼՄ հրապարակումները, ինչպես նաև ՀՔԱՎ ստացած ահազագերն ու դիմումները՝ կարող ենք փաստել, որ մասնավորապես ոստիկանության բաժանմունքներում մարդու իրավունքների խախտման դեպքերը շարունակվում են, սակայն պատասխանատու մարմնի՝ այդ դեպքերը կանխելու, իսկ տեղի ունենալու դեպքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործողությունները կամ բացակայում են, կամ դրանք պատշաճ չեն ներկայացվում հանրությանը։ Այսինքն՝ ոստիկանության բաժանմունքների ներսում տեղի ունեցող իրադարձությունները էլ ավելի անհասանելի են դարձել հանրությանը։