հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ոստիկանություն / Խոշտանգումների համար 6 ոստիկան է կալանավորվել․ գործերն արդեն դատարանում են

Խոշտանգումների համար 6 ոստիկան է կալանավորվել․ գործերն արդեն դատարանում են

Ոստիկանների կողմից քաղաքացիներին խոշտանգելու երկու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերն ուղարկվել են դատարան․ նախաքննությունն ավարտվել է, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Դրանցից մեկով Նոր Նորքի ոստիկանական բաժնի երեք օպերլիազորներին մեղադրանք է առաջադրվել ՔրՕրի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը)։

Ըստ հաղորդագրության, 2020թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 01:00-ին, վերջիններս փաստացի բերման են ենթարկել Երևանի բնակիչ Վ. Օ.-ին և նրա ծանոթին՝ ծանրամարտիկ Ա. Ղ.-ին [Արմեն Ղազարյան – խմբ․], և խոշտանգել նրանց։

Դեպքը տեղի է ունեցել «Դրիմլենդ» դիզայնի խանութում վաճառողուհու և հաճախորդի միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ Վաճառողուհու ամուսինը՝ Նորքի օպերլիազորներից մեկը, երկու համածառայակիցների հետ եկել է խանութ, ուժի գործադրմամբ Վ. Օ. և նրա հետ նույն տարածք եկած Ա.Ղ.-ին, մտցրել ավտոմեքենա ու փաստացի բերման ենթարկել ոստիկանության բաժին:

«Բերման ենթարկելու մասին» արձանագրություն չի կազմվել, փոխարենը կազմվել են «ոստիկանության բաժին ներկայացնելու մասին» արձանագրություններ։ Թեև Ա. Ղ.-ն, ըստ դատախազության, որևէ առնչություն չի ունեցել խանութում տեղի ունեցած վիճաբանության հետ, վերջինիս «ոստիկանության բաժին ներկայացնելու մասին» արձանագրությունում նշվել է, թե նա կասկածվում է «վիճաբանություն կատարելու» մեջ:

«Իր կնոջ հետ վիճաբանելու և վերջինիս ենթադրաբար հարվածելու համար պատժելու նպատակով Տ. Ա.-ն նույն բաժանմունքի վերոնշյալ երկու օպերլիազորների և գործով չպարզված այլ ծառայողների հետ բաժնի տարբեր աշխատասենյակներում խմբով, հայհոյանքներ հնչեցնելով, խոշտանգելու միասնական դիտավորությամբ բռունցքներով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրանց մարինների տարբեր հատվածներին», – ասված է դատախազության հաղորդագրությունում:

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դեպքի մասին ավելի մանրամասն՝ այստեղ

***

Գլխավոր դատախազությունը նշում է, որ 2020 թվականի օգոստոսի 27-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցված մյուս քրեական գործով Ճանապարհային ոստիկանության 3 տեսուչների մեղադրանքներ են առաջադրվել ՔրՕրի 309-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նրանք, ՃՈ ծառայության պահպանվող հատուկ տարածքում դիտավորությամբ ծեծի են ենթարկել իր ավտոմեքենան այնտեղից դուրս բերելու համար նշված վայր ժամանած, ապա ալկոհոլի ազդեցության տակ ոստիկանության ծառայողների հասցեին հայհոյանքներ հնչեցրած քաղաքացուն և նրա եղբորը:

ՀՔԾ-ն նշված քրեական գործերն ուղարկել է Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ընդհանուր առմամբ, ինչպես դատախազությունն է նշում, 2020թ. ընթացքում Քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածով և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է 142 քրեական գործ։

Հարուցված քրեական գործերից 6-ը՝ 12 անձի վերաբերյալ (ՔրՕրի 309.1-րդ հոդվածով՝ 2 քրեական գործ 4 անձի վերաբերյալ, 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 4 քրեական գործ 8 անձի վերաբերյալ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։