Համացանցում այսօր տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, ինչպես են ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ առանց դիմակ մարդուն բերման ենթարկում․ երեք ոստիկաններ՝ խեղդելով, ձեռքերը ոլորելով, վզից բռնած՝ փորձում են պարկացնել նրան գետնին և ձեռնաշղթաներ հագցնել՝ ընթացքում պարբերաբար հրելով և ոտքերով սեղմելով։ Գետնին պարկած մարդը գոռում է՝ «թողեք՝ գալիս եմ, խեղդվում եմ, մի արա»։ Ոստիկանները նրա խնդրանքներն պարզապես անտեսում են։
Ոստիկանների գործողությունները ոստիկանապետ Արման Սարգսյանն որակել է որպես «շատ իրավաչափ»։
«Ոստիկանն ունի ուժ կիրառելու լիազորություն։ Շատ իրավաչափ եմ համարում։ Քաղաքացուն ասում են՝ կատարիր պարետի որոշման պահանջները, և այն քաղաքացին, որը չի կատարում այդ պահանջները և փորձում է ոստիկանին հրահրելով ներքաշել ինչ-որ բանի մեջ, պետք է ոստիկանն այդպես գործի: Ճիշտ են անում։ Եթե այդ գործողությունը կատարեն մեկի նկատմամբ, որը ոչինչ չի արել, անպայման ոստիկանության աշխատակիցը կպատժվի», – Ազգային ժողովում՝ պատասխանելով պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, ասել է Սարգսյանը։
Իսկ ճեպազրույցի ընթացքում՝ հայտարարել․ «Ոստիկանության նպատակը ուժ կիրառելը չէ, կյանքեր փրկելն է: Ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով ֆիզիկական ուժ կիրառել է և կիրառելու է»։
https://www.facebook.com/362792704514776/videos/588455938454535/
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գնահատմամբ՝ ոստիկանների գործողություններն անհամաչափ են եղել։
«Չնայած ոստիկանության ծառայողների քանակական գերակշռությանը, ոստիկաններին ուղղված քաղաքացու հորդորներին առ այն, որ ենթարկվում է ոստիկանի պահանջին և կհետևի նրանց, Ոստիկանության ծառայողները շարունակել են անձի նկատմամբ ֆիզիկական ուժի և հետո նաև հատուկ միջոցի գործադրումը:
Օրենքն, իհարկե, ոստիկանությանը վերապահում է ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց, այդ թվում՝ ձեռնաշղթա գործադրելու լիազորություն, սակայն դա պետք է լինի հետապնդվող նպատակին և կոնկրետ իրավիճակին համաչափ՝ նաև հաշվի առնելով այն ենթադրյալ իրավախախտումը [այս պարագայում՝ դիմակ չկրելը], որի կապակցությամբ ֆիզիկական ուժը կամ հատուկ միջոցը գործադրվում է:
․․․Իրավախախտում թույլ տված յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի պատասխանատվության, սակայն այդ կապակցությամբ պետական մարմնի գործողությունները պետք է լինեն համաչափ», – ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունը, որն ավարտվում է կորոնավիրուսի կանխարգելման կաննոները անվերապահ պահպանելու կոչ-հետգրությամբ։