Ոստիկանապետ Արման Սարգսյանը կարծում է, որ Ոստիկանությունն իր ուժերի ներածին չափով արել է ամեն ինչ, որ պարետատան պահանջները պատշաճ կատարվեն:
«Մենք չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն բակում ոստիկան կարգել, սա ուղղակի անտրամաբանական է: Մենք վարչական մեթոդներ կիառել ենք, շուրջ 20 հազար և ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն ունենք: Վարքագծի կանոն պետք է ձևավորվի` սկսած ինձանից, վերջացրած մեր սիրելի քաղաքացիներով», – Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասել է ոստիկանապետը։
Ոստիկանության համակարգում ևս կան վարակակիրներ՝ 100 հոգի, ասել է Սարգսյանը։ Կան նաև վարակակիրների հետ շփված անձանց մեկուսացման դեպքեր:
Ոստիկանապետ Ազգային ժողով էր եկել 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանը մասնակցելու համար։
Նախորդող տարում ոստիկանության բյուջեն եղել է 68,7 միլիարդ դրամ, որից փաստացի օգտագործվել է 64,5 միլիարդ դրամը, հայտնել էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
47,4 միլիարդ դրամը ծախսվել է աշխատավարձերի վրա, նշել էր Սարգսյանը։ 2019 թվականին միջին աշխատավարձը ոստիկանությունում եղել է շուրջ 277 հազար, ինչը 2017, 2018 թվականների ցուցանիշները գերազանցել է 23 %-ով:
«Ոստիկանության ծառայողների համար 2019-ը վարձատրության առումով բավական արդյունավետ է եղել, պետության տրամադրած միջոցների հաշվին պարգևավճարի տեսքով վարձատրություն ենք տվել: Եթե անգամ դրույքաչափում փոխոխություններ չեն եղել, բայց աշխատակիցները փաստացի ստացել են ավելի շատ գումար ստանալու հնարավորություն», – ասել է ոստիկանապետը:
Տարեվերջում ոստիկանության աշխատողները ամբողջական դրույքաչափով պարգևատրում են ստացել. նման բան, ըստ Սարգսյանի, նախկինում չի եղել։
Ինչ վերաբերում է բացահայտված հանցագործությունների վիճակագրությանը` ոստիկանապետը նշել է՝ պահանջը ոչ թե դրվում է, թե որքան հանցագործության դեպք է արձանագրվել, այլ այդ հանցագործության դեպքերից քանիսն ինչ արագությամբ է բացահայտվել և ինչ մոտեցումներ են ցուցաբերվել։ Սարգսյանը հավաստիացրել է՝ այսօր թվային ցուցանիշների «նկարչություն» այլևս գոյություն չունի։
2019 թվականին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 8․8 տոկոսով կամ 2172 դեպքով։ Արձանագրվել է 26850 դեպք, ինչը գլխավորապես պայմանավորված է ոչ ծանր գողությունների, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և թմրամիջոցների շրջանառության հետ կապված հանցագործությունների աճի հետ։ Տարեվերջին բացահայտման ցուցանիշն, ըստ Սարգսյանի, հասել է 58 տոկոսի։
2019-ին միայն 1280 կոռուպցիոն բնույթի հանցագործություն է արձանագրվել․ «324-ը կաշառակերության դեպքեր են, 225-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ յուրացում, 135-ը՝ պաշտոնեական կեղծիք, 299-ը` լիազորությունների չարաշահում, 60-ը` պաշտոնեական լիազորությունների անցում: Բացահայտվել է պետությանն ու ֆիզիկական անձանց պատճառված շուրջ 497,5 միլիարդ դրամի, 6 միլիոն ռուբլու, 7,3 միլիոն դոլարի, 5 հազար եվրոյի համապատասխան վնաս, միայն ոստիկանությունում՝ նյութերի նախապատրաստման ընթացքում, վերականգնվել է 652 միլիոն դրամ»։