Բելգիայի ոստիկանական բաժանմունքում սպանված Սլովակիայի քաղաքացու այրին ամուսնու մահվան հանգամանքների վերաբերյալ նոր հետաքննություն է պահանջել։ Ավելի վաղ ԶԼՄ֊ներում տեսանյութ էր հայտնվել՝ տղամարդու բանտախցի կադրերով։
2018 թվականի փետրվարին 38-ամյա սլովակ Յոզեֆ Խովանեցը Բրյուսել֊Շարլերուա օդանավակայանից Բրատիսլավա էր թռչում, ռեյսից հեռացվել էր խուլիգանական պահվածքի համար ու տեղափոխվել օդանավակայանի տարածքում գտնվող ոստիկանական բաժանմունք։
Մեկուսարանում Խովանեցը սկսել է գլուխը պատին խփել, ինչի արդյունքում նրա արնահոսություն է սկսվել։ Խուց են մտել ոստիկանները, որից հետո հայտարարվել է, որ տղամարդու մոտ սրտի կաթված է գրանցվել։ Յոզեֆին տեղափոխել են հիվանդանոց․ մի քանի օր կոմայի մեջ մնալուց հետո նա մահացել է։
Վերջերս բելգիական լրատվականներում մի տեսանյութ էր հայտնվել, որում երևում է՝ ինչպես են ոստիկաններից մի քանիսը ոլորում Խովանեցին, պարկացնում գետնին։ Մյուս ոստիկանը նստում է պարկած տղամարդու կրծքին։ Կտաննքը տևում է մոտ 18 րոպե։ Խցում գտնվող ոստիկանները ծիծաղում են, նրանցից մեկը աջ ձեռքն առաջ է մեկնում՝ նացիստական ողջույնի պես։
Միջադեպն արդեն համեմատում են Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ։ Այն ժամանակ ոստիկանը 8 րոպե ծնկով սեղմել էր տղամարդու վիզը։
Ֆլոյդի սպանությունից հետո աշխարհի տարբեր երկրներում ոստիկանական ամենաթողությունների դեմ բողոքի ցույցերի ալիք էր սկսվել։
«Ուզում եմ իմանալ՝ ինչ է կատարվել, և ինչու են ոստիկաններն իրենց այդպես պահել», – տեսանյութն առաջինը հրապարակած Het Laatse Nieuws թերթի հետ զրույցում ասել է Խովանեցի այրին՝ Հենրիետան։
Տղամարդու հարազատները պնդում են, որ չգիտեն նրա՝ ինքնաթիռում և ոստիկանական բաժանմունքում ագրեսիվ պահվածքի պատճառները։ Փորձագիտական հետազոտությունների արդյունքների համաձայն, նրա օրգանիզմում ալկոհոլ կամ թմրանյութեր չեն հայտնաբերվել։ Օրինապահ մարմինների հետ խնդիրներ Խովանեցը նախկինում չի ունեցել։
Նա ընկերություն ուներ, որը սլովակ շինարարների էր աշխատանքի ընդունում՝ Բելգիայում աշխատելու համար։ Պարբերաբար այցելում էր Բելգիա։
SudInfo թերթի փոխանցմաբ, Բրյուսելից թռչելիս Խովանեցը կորցրել է կտրոնն ու փորձել է ինքնաթիռ բարձրանալ առանց դրա՝ հրելով հսկիչ աշխատակցուհուն։ Ինքնաթիռի անձնակազմի վկայությամբ, նա նյարդային տեսք է ունեցել։
Հենրիետան պատմում է, որ թռիչքից առաջ հեռախոսազրույց է ունեցել ամուսնու հետ․ «Նորմալ էր խոսում։ Չէի կարող պատկերացնել, որ ինչ֊որ բան այն չէ։ ․․․Երևի իրեն վատ է զգացել, ուշադրություն չեն դարձրել։ Երբ տեսել են, որ գլուխը պատին է խփում, պետք է բժշկական օգնություն տրամադրեին։ Փոխարենը՝ բոլորով լցվել են վրան, շնչել չէր կարողանում»։
Այժմ Բելգիայի իշխանությունները շարունակում են Խովանեցի գործի քննությունը։ Օդանավակայանի ներկայացուցիչները հայտնել են, որ միջադեպին մասնակցած ոստիկանները հարցաքննվում են, իսկ նացիստական ողջույն արած կինն աշխատանքից հեռացվել է։