ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը Ոստիկանության բարեփոխման օրենսդրական փաթեթ է պատրաստում։ Փոփոխությունը միտված է կանխել ոստիկանների կողմից ուժի չարաշահումը, ռասայական խտրականությունը (racial profiling), վերացնել ոստիկանական անձեռնմխելիությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Նա նշել է, որ օրենքով սահմանված անձեռնմխելիության պատճառով ոստիկանության բռնությունից տուժածները հաճախ չեն փորձում բողոքել նույնիսկ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ տարբեր նահանգներում օրեր շարունակ բացմահազարանոց բողոքի ցույցեր են ընթանում ոստիկանական ամենաթողության և համակարգային ռասիզմի դեմ։ Ցույցերը սկսվել են մայիսի 25-ին՝ Մինեապոլիս քաղաքում չորս սպիտակ ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։
Ցուցարարները պահանջում են պատասխանատվության ենթարկել Ֆլոյդին սպանած ոստիկաններին, վերացնել ոստիկանական ռասիզմը, կրճատել ոստիկանության ֆինանսավորումն ու զինաթափել այն։ «Defund the police» (Դադարեցնե՛լ ոստիկանության ֆինանսավորումը), վանկարկում են ցուցարարները։ Դեկորատիվ բարեփոխումները, նրանց կարծիքով, ճգնաժամը մեղմելու համար միջոց լինել չեն կարող։
«Իրավապահների ֆինանսավորման կրճատումը կենտրոնական հարց է դառնում։ Խնդիրը նրանց փողից կտրելը չէ պարզապես, այլ այդ գումարները սևական համայնքներին ուղղելը։ Համայնքներ, որոնք տարիներ շարունակ թերի միջոցներ են ունենցել։ Մենք պետք է պատժիչ ֆինանսավորումից անցնենք հոգատարությանն ուղղված ֆինանսավորմանը», – wbur ռադիոկայանին հայտնել է Black Lives Matter շարժման հիմնադիրներից Պատրիս Քուլորսը, ով նախաձեռնել է «Defund the police» ստորագրահավաքը։
Ոստիկանությանը ֆինանսավորումից զրկելու պահանջը ներառված է նաև «Գործողությունների շաբաթ» նախաձեռնության պահանջների ցանկում։
«Covid-19-ով պայմանավորված մահերն ու ոստիկանական տեռորից մահերը փոխկապակցված են և մեկը մյուսի հետևանք։ ԱՄՆ-ն չունի ազգային առողջապահություն։ Փոխարենը մենք ունենք ամենամեծ ռազմական բյուջեն և ամենառազմականացված ոստիկանական համակարգերից մեկն աշխարհում», – ասված է նաև քաղաքապետարաններին և նահանգներին ուղղված բաց նամակում։
Մի քանի քաղաքապետեր արդեն արձագանքել են։
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտին, մասնավորապես, հայտարարել է, որ 250 միլիոն դոլարով կրճատվելու է ոստիկանության ֆոնդը, գումարներն ուղվելու են առողջապահական, կրթական և այլ սոցիալական ծրագրերի՝ հատկապես քաղաքի սևական թաղամասերում։