Նախկին ոստիկան Դերեկ Շովինին նոր մեղադրանք է առաջադրվել․ երկրորդ աստիճանի սպանություն։
Մայիսի 25-ին ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում չորս սպիտակ ոստիկանների կողմից սպանվել է աֆրոամերիկացի, 46-ամյա Ջորջ Ֆլոյդը։ Ոստիկաններից մեկը՝ Դերեկ Շովինը, ծունկը դրել էր Ֆլոյդի կոկորդին և սեղմել գետնին 8 րոպե 46 վայրկյան, վերջին 2 րոպե 53 վայրկանում Ֆլոյդը կորցրել է գիտակցությունը։
Ավելի վաղ աշխատանքից ազատված ոստիկանին Ջորջ Ֆլոյդի սպանության գործով լուրջ մեղադրանք կառաջադրվի, մյուս երեք ոստիկանները՝ Թոմաս Լեյնը, Ջեյ Ալեքսանդր Քուենգը և Տոու Տաոն, կմեղադրվեն հանցագործության օժանդակության և սպանության դրդման մեջ։
Նոր մեղադրանքով Շովինը կարող է դատապարտվել մինչև 40 տարվա ազատազրկման։
Չնայած համաճարակային սահմանափակումներին, Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում օրեր շարունակ բազմահազարանոց ցույցեր են։ Մարդիկ բողոքում են ոստիկանական ամենաթողությունների և ուժային մարմինների ռասիստական պահվածքի դեմ։ Բողոքի ակցիաները հիմնականում ավարտվում են ոստիկանության հետ դաժան բախումներով։ ԱՄՆ ավելի քան 40 քաղաքներում, նաև մայրաքաղաք Վաշինգտոնում և երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Լոս Անջելեսում, պարետային ժամ է հայտարարված, 15 նահանգներում փողոց են դուրս բերվել Ազգային գվարդիայի ստորաբաժանումները:
Ռասիզմի և ոստիկանական բռնության դեմ ակցիաներին միացել են նաև Եվրոպական մի շարք քաղաքներ։