2019 թ.-ի ապրիլի 8-ին հետհեղափոխական Հայաստանի ոստիկանների կողմից խոշտանգվելու, այնուհետև՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում պատշաճ բուժօգնություն չստանալու հետևանքով մահացել էր Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ծատինյանը: Ծատինյանի մահվան հանգամանքները մինչ օրս չեն բացահայտվել։ Փաստաբանների փոխանցմամբ՝ գործի քննությունն առաջ չի շարժվում, իսկ տուժող կողմի բողոքները շարունակաբար անտեսվում են։ Գործի վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունների եվրոպական դատարան՝ կայնքի իրավունքի և դատավարական իրավունքի խախտման հիմքով։
Նոր Նորքի բաժնի ոստիկանները Ծատինյանին բերման էին ենթարկել սպանություն կատարելու կասկածանքով։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբանների և Էդգարի հարազատների փոխանցմամբ՝ «հարցաքննության» ընթացքում Ծատինյանը դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանատան աշխատակիցների կողմից, որոնք ցուցմունք կորզելու համար սպառնացել են թմրանյութ («Կրիստալ») գցել նրա գրպանն ու «փակել» թմրամիջոցների շրջանառության հոդվածքով: Ծատինյանը, գիտակցելով դրա հնարավոր հետևանքները, պոլիէթիլենային տոպրակով թմրանյութը (մոտ 3 գրամ) ոստիկանական բաժանմունքում կուլ է տվել, ինչից հետո տեղափոխվել է, նախ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց (որտեղ նրան հրաժարվել են ընդունել), հետո՝ «Արմենիա» ԲԿ։ Բշկական կենտրոնում պատշաճ բուժօգնություն նրան չի ցուցաբերվել։ Էդգար Ծատինյանը մահացել է հիվանդանոցում։
Խոշտանգման դեպքի առիթով 2019 թ. ապրիլի 15-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն ընթացքի մեջ է: Մեկ ամիս անց հայտնի է դարձել երկրորդ քրեական գործի մասին՝ հարուցված Քննչական կոմիտեում ոչ պատշաճ բժշկական օգնության տրամադրման հիմքով։
Ծատինյանի մոր՝ Լարիսա Եթարյանի շահերի ներկայացուցիչ, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը անմիջապես դիմել է Գլխավոր դատախազություն՝ երկրորդ քրեական գործը ողջ ծավալով տուժող կողմին տրամադրելու և Հատուկ քննչական ծառայություն փոխանցելու խնդրանքով։ Գլխավոր դատախազությունը, սակայն, քրեական գործերը միացնելու և Հատուկ քննչական ծառայությունում քննելու «անհրաժեշտություն չէր տեսել»:
ՀՔԱՎ գրասենյակի փոխանցմամբ, Ծատինյանին ոչ պատշաճ բուժօգնություն տրամադրելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակում մինչ օրս ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Մեկ տարուց ավելի ընթացող քննությունը սահմանափակվել է ընդամենն առկա դատաբժշկական փորձաքննական եզրակացությամբ ու նշանակված դատաբժշկական համալիր փորձաքննությամբ, որը մինչ այժ ավարտված չէ, արդյունքները դեռևս չկան:
«Նախաքննության մարմինը ջանասիրություն չի ցուցաբերում այս գործը լիարժեք քննելու հարցում: Եթե գործն արդեն 2 տարի քննում են ու ոչինչ չեն արել, սպասում են փորձագետի եզրակացությանը, որ նոր քննություն սկսեն, ոչ մի արդյունավետություն չի կարող լինել։ Փորձաքննությունը պայմանավորված չէ քննչական գործողություններով», – պնդում է փաստաբան Արայիկ Զալյանը:
Քննություն իրականացնող մարմնի անաչառության մասին նրա բազմաթիվ բացարկները, բողոքներն ու անվստահությունը, ըստ ՀՔԱՎ-ի, շարունակաբար մերժվել ու անտեսվել են:
Զալյանը՝ արձագանքելով պետության անգործությանը, գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պետության կողմից Եթարյանի որդու կյանքի իրավունքի երաշխավորման պարտավորությունը չկատարելու հիմքով: Ըստ նրա՝ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված մի շարք իրավունքներ:
Պետությունը, մասնավորապես, խախտել է իր պոզիտիվ պարտավորությունը՝ սահմանված Կոնվենցիայի 2-րդ հոդվածով (կյանի իրավունքը), որով երաշխավորվում է, որ պաշտոնատար անձինք և պետական մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն անձանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու ուղղությամբ՝ անկախ նրանից, թե ում կողմից է եղել դրանց հանդեպ ոտնձգությունը:
Իր գանգատում Զալյանն անդրադարձել է նաև նրան, որ պետությունը՝ խախտելով Կոնվենցիայով սահմանված դատավարական իրավունքը, այդպես էլ չի իրականացրել Ծատինյանի մահվան հանգամանքների ամբողջական քննություն: Հարցերին՝ ինչ հանգամանքներում է պետության հսկողության տակ հայտնված անձի մոտ հայտնվել թմրանյութը և ինչու բուժհաստատությունը՝ տեղյակ լինելով, որ պացիենետը թմրանյութ է կուլ տվել, չի տրամադրել պատշաճ բուժօգնություն, մինչ օրս պատշաճ պատասխաններ և բացատրություններ չեն տրվել: Ավելին՝ հարուցված քրեական գործի մասին տուժողի հարազատներն իմացել են փաստաբան Արայիկ Զալյանի՝ Գլխավոր դատախազին դիմելուց հետո միայն:
«Արդյունքում՝ պետությունը չի կարողացել ապահովել Էդգար Ծատինյանի կյանքի բավարար ու ողջամիտ պաշտպանությունը, ինչն ամրագրված էր Կոնվենցիայի 2-րդ հոդվածով»,- գանգատը եզրափակել է փաստաբանը: