Home / Մարզեր / Հոնկոնգցիները Չինաստանը հարգելու առիթ չունեն

Հոնկոնգցիները Չինաստանը հարգելու առիթ չունեն

Հոնկոնգի ոստիկանությունը պղպեղային փամփուշտներ է կիրառել Օրենսդիր խորհրդի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստների նկատմամբ։ Ցուցարարները բողոքում էին Չինաստանի օրհներգի նկատմամբ հարգանքը իրավական դաշտ տեղափոխելու դեմ։ 240 քաղաքացի բերման է ենթարկվել։

Նոր օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է խիստ պատիժ սահմանել Չինաստանի օրհներգի անարգման համար։ Խնդիրը, սակայն, միայն հիմնը չէ․ բողոքի ակցիաներն անց են կացվում Հոնկոնգում պաշտոնական Պեկինի ենթակայության տակ գտնվող և մեծ լիազորություններ ունեցող հատուկ ծառայությունների հիմնման փորձի ֆոնին։

Բացի այդ, Պեկինը Հոնկոնգի համար նախապատրաստում է օրինագծերի ամբողջական փաթեթ, որը վերաբերում է ազգային անվտանգությանը, օտարերկրյա միջամտություններին և անջատականության ու խռովությունների համար սահմանվող խիստ պատասխանատվության միջոցներին։

Օրենսդրական այսպիսի փոփոխությունների հակառակորդները Օրենսդիր խորհրդի շենքից ոչ հեռու մի քանի ակցիա են իրականացրել, որոնք բոլորն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով։

https://twitter.com/studioincendo/status/1265522930303320069

Սոցիալական ցանցերում տեսանյութեր են հայտնվել, որոնցում ոստիկանները գազապղպեղի փամփուշտներով կրակում են անձրևանոցներով փախչող ցուցարարների ուղղությամբ։ Ցուցարարներից մեկը դեղին անձրևանոցով էր, որն արդեն Հոնկոնգի ցույցերի խորհրդանիշն է դարձել։

Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, բերման է ենթարկվել 240 քաղաքացի։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ ցուցարարների մի մասին ձերբակալել են զենք կրելու համար։

Հոնկոնգի Օրենսդիր խորհրդի շենքը, որը նախորդ տարվա հուլիսին ցուցարարներին հաջողվել էր գրավել, այս անգամ ամրացված էր հատուկ բարիկադներով։ Ցուցարարները փորձում էին արգելափակել դեպի շինություն բերող փողոցները, ինչի պատճառով էլ տեղի էին ունենում բախումները ոստիկանության հետ։

Մեկ շաբաթ առաջ Չինաստանի անարգման քրեականացման օրենքի շուրջ քննարկումն ավարտվեց պատգամավորների միջև վիճաբանությամբ։ Այսօր երկրորդ ընթերցումն էր։

Օրինագծի ընդունման դեպքում Չինաստանի հիմնի մասին վիրավորական արտահայտվելը կհամարվի հանցագործություն, որի համար կսահմանվի շուրջ 6.5 հազար դոլար տուգանք և մինչև երեք տարի ազատազրկում։ Պեկինը պատրաստվում է ևս մեկ օրենք ընդունել Հոնկոնգի ցույցերի կանխման համար․ «խռովությունների մասին» օրենք։

Այն Չինաստանին հնարավորություն կտա Հոնկոնգում ազգային անվտանգության գործակալություն ստեղծել, որը կենթարկվի պաշտոնական Պեկինին և կկարողանա սահմանափակել հոնկոնգցիների՝ օտարերկրյա ՀԿ֊ների կամ կառավարությունների հետ հաղորդակցումը։

Ընդդիմությունն ԱՄՆ֊ին կոչ է անում օրենքի ընդունման դեպքում պատժամիջոցներ կիրառել Չինաստանի նկատմամբ։ Միացյալ նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն արդեն Պեկինին սպառնացել է պատասխան միջոցներով՝ նման օրինագծի հաստատման դեպքում։