Երևան քաղաքի ավագանին մայիսի 26-ի նիստում որոշել է Երկրապահ կամավորականների միությանը (ԵԿՄ) 5 տարի ժամկետով անհատույց տրամադրել համայնքին պատկանող 8 տարածքներ (ընդհանուր մոտ 2 հազար քառակուսի մետր մակերեսով), որոնցից 4-ը չգործող և գործող մանկապարտեզներ էին։
Համայնքային այդ տարածքները ԵԿՄ-ն տնօրինում է վաղուց․ ավագանու այս որոշումը փաստացի երկարաձգում է հասարակական կազմակերպությանը տրամադրված՝ անհատույց օգտագործման իրավունքը։
Նիստը լարված մթնոլորտում էր ընթանում․ անդամներից որոշները, օրինակ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, հիշատակելով ԵԿՄ-ի կապերը Պաշտպանության նախարարության հետ, ներդրումը կամավորներ և պայմանագրային զինծառայողներ զինվորագրելու, ազատամարտիկներին աջակցելու գործում, ջանքերն՝ ուղղված պատանիների և դեռահասների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, պնդում էր՝ Երկրապահի գրասենյակներին, թանգարաններին և փառքի սրահներին տարածքներ տրամադրելը պատվի հարց է և բարոյական արժեք:
Իմքայլականներից որոշները համաձայն չէին․ ավագանու անդամ Աննա Ջավախյանն, օրինակ, առաջարկում էր հարցի քննարկումն առհասարակ հանել օրակարգից։
Ըստ Ջավախյանի, Երևանում մանկապարտեզ է հաճախում 30 649 երեխա: Երկու տարեկանը լրացած 9 317 երեխա հերթի մեջ է, նրանցից 6 845-ի 3 տարեկանն արդեն լրացել է․ «Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ ներկայիս տարածքներով այս հերթի հարցը մենք երբևէ չենք լուծելու։ Այս երեխաները մեծանում են, նրանք անշունչ առարկաներ չեն, որ պատի տակ կանգնեն ու սպասեն, երբ է մանկապարտեզը տեղ ունենալու, որ իրենք ստանան նախադպրոցական կրթություն, իրացնեն նախադպրոցական կրթության իրենց իրավունքը: Այսօր մենք մեր հույսը կապում ենք նրա հետ, որ ծնողը գումար կունենա և երեխային կտանի մասնավոր մանկապարտեզ: Իսկ այն ծնողը, ով գումար չունի՞», – նշել է ավագանու անդամը։
Ըստ Ջավախյանի, պետությունը՝ երեխաներին նախադպրոցական կրթության իրավունքից զրկելով, դատապարտում է նրանց ընտանիքներին աղքատացման, քանի դեռ նրանց ծնողներից առնվազն մեկը ստիպված է զբաղվել երեխայի խնամքով և զրկված է աշխատելու հնարավորությունից։
Էրեբունի վարչական շրջանն, օրինակ, ունի 126 հազար 300 բնակչություն, շարունակել է ավագանու անդամը, և ընդհամենը 13 գործող մանկապարտեզ՝ 72 խումբ։ Այս 13 մանկապարտեզների հերթերի մեջ սպասում է 1 143 երեխա․ «Էրեբունի վարչական շրջանի հերթի մեջ սպասող 1 143 երեխաների կեսը, թեկուզ կեսից քիչը, թող մոռանան, որ երբևէ մանկապարտեզի երես են տեսնելու։ Մենք չենք կարող լուծել այդ երեխաների մանկապարտեզ հաճախելու հարցը, եթե այսօր մենք 402․3 քառակուսի մետր գործող մանկապարտեզի տարածք տալիս ենք որևէ կազմակերպության»։
Ջավախյանի կարծիքով, փաստարկը, թե այս տարածքները միևնույն է չեն օգտագործվում, քանի որ համայնքը բավարար գումար չունի դրանք վերանորոգելու և վերագործարկելու համար, ընդունելի համարվել չի կարող․ «Երեխայի շահը պետք է լինի համայնքի գերակա շահը։ Այս տարածքները երեխաներին վերադարձնելու համար գումար ճարելը պետք է լինի առաջնային։ Սրանք եղել են տարածքներ, որոնք նախորդ իշխանությունների օրոք խլվել են երեխաներից։ Եվ մենք պետք է ունենանք այդ կամքը՝ վերադարձնելու դրանք», – եզրափակել է ավագանու անդամը՝ նշելով, որ չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ անարդար է համարում «երկրապահների և երեխաների» միջև ընտրությունը, որի առջև իրեն կանգնեցրել են։
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հակադարձել է՝ մանկապարտեզների խմբասենյակներն ավելացնելու հարցը չի կարելի դիտարկել միայն տարածքի վերադարձի կամ դրա վերանորոգման համար անհրաժեշտ միջոցների կոնտեքստում։ Հավելյալ 6 հազար մանկապարտեզային տեղ ստեղծելը բյուջեի համար հավելյալ մի քանի միլիարդի ծախս է․ «Բյուջեն մի քանի միլիարդ դրամ հավելյալ բեռ վերցնելու հնարավորություն ունի՞, թե՞ ոչ»։ Ցանկացած փուլում, երբ քաղաքը հնարավորություն և ֆինանս ունենա, որպեսզի այդ տարածքները վերադարձվեն և դառնան գործող մանկապարտեզներ, տարածքները կվերադարձվեն, հավաստաիացրել է փոխքաղաքապետը։
Քաղաքապետարանի համապատասխան վարչության պետ Գարեգին Խաչատրյանն էլ հավելել է՝ գործող օրենսդրությունը թույլ է տալիս ցանկացած պահի խզել պայմանագիրը․ «Անհատույց օգտագործման պայմանագրի կողմերից յուրաքանչյուրը՝ անկախ կնքվող պայմանագրի ժամկետից, ցանկացած ժամանակ կարող է միակողմանի խզել այն՝ մյուս կողմին մեկ ամիս շուտ այդ մասին տեղեկացնելով։ Եթե, օրինակ, որոշում կայացվի, որ վաղը որևէ նախադպրոցական ուսումնական հաստատություն պետք է վերագործարկվի, մեկ ամիս շուտ ծանուցելով՝ մենք կարող ենք հրաժարվել այս պայմանագրերից», – ասել է Վիրաբյանը՝ ըստ էության, առաջարկելով չգործող մանկապարտեզների վերագործարկման հարցը տարանջատել դրանց տարածքները Երկապահին տրամադրել/չտրամադրելու խնդրից։
Երկար քննարկումը ավարտվեց ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Մարկոս Հարությունյանի ճառով, ով հիշատակեց և որոշեց «հնչեցնել» իր գործընկերոջ՝ Արմեն Ներսիսյանի, «փայլուն բառը»․ «Էտ մարդիկ կիլոմետրերով տարածք են մեզ համար գրավել, էսօր քաղաքի կենտրոնում 200 քառակուսի մետրը հարմար չե՞ք գտնում այս մարդկանց տրամադրելու համար», – ասաց Հարությունյանն՝ ինքն իրեն ուղղելով՝ ոչ թե «գրավել», այլ «ազատագրել, հա»։
Ավագանին 8 տարածքները Երկրապահին փոխանցելու որոշմանն, ի վերջո, կողմ քվեարկեց։ 5 տարի ժամկետով և անհատույց ԵԿՄ-ին փոխանցվեցին․
— «Երևանի 119 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող՝ Վիլնյուսի 43/2 հասցեում գտնվող՝ 302․5 քմ֊ը
— «Երևանի 73 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող՝ Խաղաղ Դոնի 1 հասցեում գտնվող 402.3 քմ֊ը
— «Երևանի 87 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող՝ Անդրանիկի 125/5 հասցեում գտնվող 152.24 քմ֊ը
— «Երևանի 58 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող՝ Դավթաշեն 1-ին թաղ. 27/2 հասցեում գտվող շենքի առաջին հարկի շուրջ 172.88 քմ֊ը
— Նախկին հ.7 մսուր մանկապարտեզի՝ Ավան-Առինջ 1-ին մ/շ-ում գտնվող 128.1 քմ տարածքը
— Ազատության 12 հասցեում գտնվող 30.7 քմ տարածքը
— Եղ. Թադևոսյան 11/1 հասցեում գտնվող 309.3 քմ մարզասրահը
— Պարոնյան 20/4 հասցեում գտնվող 408.7 քմ գրասենյակը։ [Այս տարածքում ժամանակին նույնպես մանկապարտեզ է եղել։ Մանկապարտեզը փակվել է, տարածքը մինչև 2017 թվականը Երևանի քաղաքապետարանը անհատույց տրամադրել է ԵԿՄ-ին, որը դրա մի մասը վարձակալության էր տվել։ Վարձակալված տարածքը ծառայել է որպես մերսման սրահ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել]։