հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ոստիկանություն / «Թուրք գերիների հետ սենց չենք վարվել»․ հայ ոստիկանների հերթական դաժանությունը

«Թուրք գերիների հետ սենց չենք վարվել»․ հայ ոստիկանների հերթական դաժանությունը

Մարտի 27-ի գիշերը Տիգրան Կարապետյանը ընկերոջ հետ, ըստ իրավապահների՝ «սրընթաց երթևեկելով», մոտեցել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի «Երևան Սիթի» սուպերմարկետներից մեկին։ Կարապետյանը պատմում է, որ մեքենայից իջնելուն պես իրեն են մոտեցել քաղաքացիական հագուստով ոստիկանները, առանց ներկայանալու՝ հարցեր են տվել, վիրավորել։ Վիրավորանքներին Տիգրանը պատասխանել է, ասում է՝ սկսել են հայհոյել, վիճաբանություն է ծագել, քաղաքացիականով ոստիկանները ոլորել են իր և ընկերոջ ձեռքերը, տշելով և քարշ տալով՝ անցկացրել փողոցը, նստացրել մեքենա, Տիգրանին՝ պարկեցրել հետևի նստարանին, ոտքով սեղմել կորորդն ու կրծքավանդակը և ծեծելով տարել բաժին։

«Սպիտակ մեքենա է մոտիկացել ինձ, ավտոյի մեջից, թե բա՝ խի՞ ես արագ քշում, արա։ Ասել եմ՝ դու ո՞վ ես, որ ինձ ասես։ Մտածել եմ, որ փողոցային տղերք են, մոտեցել են, ինքնահաստատվում են։ Տենց իրար չհասկացանք։ Ավտոյի մեջից իջան չորս հոգի, բայց չեն ներկայանում, որ իրենք ոստիկան են, ու ձեռքերիցս քաշում են, որ նստացնեն ավտոն։ Ես էլ, բնականաբար, չեմ թողնում, ձեռքս եմ քաշում։ Տենց քաշելով, ծեծելով տարան, մտցրին ավտոն։

Տարել են ոստիկանության շենքի մոտ, հենց դեմը մազերիցս քաշել՝ գցել գետնին ու ծեծել։ Ուշքս գնացել է, աչքերս բացել եմ, էտ վախտ նոր հասկացել եմ, որ ոստիկանության շենքի մոտ եմ», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է Կարապետյանը։

Տիգրանի հայրը պնդում է, որ ոստիկաններին պետք է դատել առևանգման համար։ Եթե նա մեղավոր է, թող, ասում է հայրը, տույժի ենթարկեին։ Որդին էլ խոստովանում է՝ խմած էր։ Ամեն դեպքում նրան ծեծի ենթարկելու իրավունք ոստիկանները չունեն՝ հավելում է տղայի հայրը․ «Կարող էին մեկուսացնել, եթե անգամ հարվածել է՝ դատել համապատասխան հոդվածով»։

Բռնությունները, ըստ Տիգրանի, շարունակվել են նաև Ոստիկանության բաժնում։ Նրա փաստաբանը՝ Գուրգեն Հովհաննիսյանը, ավելի վաղ պատմել էր, որ Մալաթիայի ոստիկանության օպեր-լիազորները բերման ենթարկելուց հետո նվաստացրել և ծեծել են նրան, ստորացումներին մասնակցել են նաև Քրեականի պետն ու Բաժնի պետը։ Ոստիկանները հերթով ապտակել են, տշել, ծեծել, թքել երեսին, սպիրտ լցրել դեմքին, հայհոյել։ Օպեր լիազորներից մեկը առաջարկել է «սրան չծեծել», այլ «մտցնել զուգարան»։

Բռնությունները հատվածաբար նկարահանվել են։

Տիգրանն ասում է՝ «ծեծում էին, դադար էին տալիս, ես քֆրտում էի, միանգամից սկսում էին նկարել»․

«Հա, խփել են, ծեծել են, ես էլ քֆուր եմ տվել։ Չեմ կարացել էլ ոչ մի բան անեմ՝ քֆուր եմ տվել։․․․ [Օպերները] դեմքով շարժումներ էին անում, ձեռքով՝ յանի լավ ա էլի, ախպեր, էն ա հունից հանել ենք։ Ու էտ վախտ նկարում էին։ ․․․Տենց էլի ծեծել են, էլի ուշքս գնացել է։ Կանդալներս նենց էին սեղմել էին, որ ցավում էր, ասում էի՝ թուլացրեք, չէին թուլցնում։ Հա, ես էլ քֆուր էի տալիս։ Քրեականի պետը կեսլիտրանոց սպիրտը լցնում էր վրաս։ Ասում էր՝ ախտահանեք էս կեղտին, զզվում եմ սրանից։ Սպիրտը լցնում էր գլխիս, խեղդվում էի, ասում էի՝ էս ինչ ես անում, արա, հո դու թուրք չես։ Իրա հեչ վեջը չէր, սպիրտը մինչև վերջ դատարկեց գլխիս»։

Ոստիկանական խոշտանգումներն ավարտվել են քրեական գործով՝ հարուցված հենց Տիգրանի դեմ։ Ոստիկանությունը նրան մեղադրանք է առաջադրել ՔՕ 316-րդ հոդվածի ծանր՝ երկրորդ մասով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ  կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար:

«Տուժողը»  սուպերմարկետի մոտից նրան բռնությամբ բաժին հասցրած օպերներից մեկն է, որի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության միակ «վկայությունը» աչքի տաքի քերծվածքն է։ Տիգրանի խոսքերով, օպեր լիազորի դեմքը քերծելու հատուկ դիտավորություն ինքը չի ունենցել՝ «կյանքը վտնագած» քերծվածքը առաջացել է ծեծվելու ժամանակ անկանոն շարժումների արդյունքում։

«[Ոստիկանի վրա] մի հատ քերծվածք է եղել։ >ի հատ քերծվածք։ Ոստիկաններից մեկը ավտոյի մեջ նստել էր բգիս, մի հոգի էլ նստել էր ոտքերիս [ու ծեծում էին]։ Ասում եմ՝ վեր կաց վզիս վրայից, խեղդվում եմ։ Գոռում եմ, ասում եմ՝ խեղդվում եմ, ախպեր, հելեք։ Ո՞ւր էլ տանում եք։ Իրա հեչ վեջը չէր, խեղդում էր ինձ ուղղակի։ Էտ պահին ոտքերս քաշել եմ, հանել եմ, զգացի, որ ծունկս կպավ բգիս վրա նստողին, բայց կոնկրետ չջոկեցի՝ ուր կպավ։ Ես ուզեցել եմ տակից հելնեմ, բա հո չէի մեռնելու, հո չէր խեղդելու՝ մեռնեի։ Հելել եմ, միամիտ կպել է աչքին։ Եթե դա իհարկե իմ արածն է։ Նույն հաջողությամբ նրա աչքի տակը կարող էր  ուրիշ տեղ կպնել։ Ավտոյի դռանը կամ չգիտեմ։ Զոռով ինձ մտցրել են ավտոն, ընթացքում կարող է մի տեղ աչքը կպել է։

Ես Ոստիկանությունում էլ [խոշտանգումներից հետո] ասացի՝ էղավ-էղավ, թողեք գնամ տուն։ Էս ինչ էլ կար՝ մոռանանք, թող անցնի։ Թե բա՝ չէ, դու էսա նստում ես, ախպեր, դու գնացիր, 5-ից 10 տարի գնացել ես, վսյո»։

Տիգրանի նկատմամբ հոջորդ օրը խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որից հետո կիրառվել է գրավ․ Կարապետյանի ընտանիքը գրավի համար անհրաժեշտ 1․5 միլիոն դրամը անմիջապես հավաքել չի կարողացել, արդյունքում՝ երիտասարդը մի ամիս, մինչև ապրիլի 30-ը, մնացել է կալանավայրում։

Ընտանիքը վաճառել է տնամերձ հողատարածքը, ապրիլի 30-ին՝ գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո, նրան ազատ են արձակել։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան՝ գրավը վերացնելու և Կարապետյանին կրկին կալանավորելու վերաբերյալ։

Դեպքից անմիջապես հետո Տիգրանի պաշտպանը բարձրաձայնել է ոստիկանության բաժնում նրան խոշտանգելու մասին։ Պաշտպանի ահազանգին հաջորդել է ոստիկանության «պաշտոնական հաղորդագրությունը» (հրապարակված մարտի 29-ին)՝ կից տեսանյութով, որում երևում է, ինչպես է Տիգրանը հայհոյում ոստիկաններին, բայց չի երեւում՝ ինչպես են ոստիկանները հայհոյում և ծեծում նրան։ Տեսանյութը ներկայացվել է մոնտաժված (և տարածվել ԶԼՄ-ներով՝ առանց «երկրորդ կողմի» մեկնաբանության)։ Տիգրանի փաստաբանն ասում է՝ նույնիսկ վարույթն իրականացնող մարմնում իրենց հասանելի դարձած «ամբողջական» տարբերակից է երևում, ինչպես են ոստիկանները հայհոյում, իսկ Տիգրանը՝ պատասխամում նրանց հայհոյանքներին։ Բռնությունները տեսաձայնագրությունից դուրս են մնացել․ ոստիկանները դրանք, իհարկե, չեն նկարահանել։

Ավելի ուշ քրեական գործ է հարուցվել նաև Հատուկ Քննչական ծառայությունում՝ խոշտանգման հոդվածով։ Տիգրան Կարապետյանը ճանաչվել է տուժող։ Օրերս հայտնի են դարձել դատաբժշկական փորձաքննության արդյունքները․ այտոսկրի կոտրվածք, փափուկ սալջարդներ, տարբեր մարմնական վնասվածքներ՝ միջին ծանրության։ Փաստաբանը նշել է, որ իրենք փորձաքննության արդյունքների հետ համաձայն չեն, դիմելու են կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննության։

Զառա Հարությունյան