Home / Բանտ / Մալաթիայի ոստիկանները ծեծելուց ու ստորացնելուց հետո սպառնացել են «մտցնել զուգարան»

Մալաթիայի ոստիկանները ծեծելուց ու ստորացնելուց հետո սպառնացել են «մտցնել զուգարան»

Մարտի 27-ի գիշերը Տիգրան Կարապետյանը ընկերոջ հետ, ըստ ոստիկանության՝ «սրընթաց երթևեկելով», մոտեցել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի սուպերմարկետներից մեկին։ Մեքենայից իջնելուն պես նրան են մոտեցել քաղաքացիական հագուստով ոստիկանները, հարցեր տվել, վիրավորել։ Վիրավորանքներին Տիգրանը պատասխանել է, սկսել են հայհոյել, վիճաբանություն է ծագել, քաղաքացիականով ոստիկանները ոլորել են նրա և նրա ընկերոջ ձեռքերը, տշելով և քարշ տալով՝ անցկացրել փողոցը, նստացրել մեքենա, Տիգրանին՝ պառկեցրել հետևի նստարանին, ոտքով սեղմել կորորդն ու կրծքավանդակը և ծեծելով տարել բաժին։

Բռնությունները շարունակվել են նաև բաժնում․ Epress.am-ի հետ զրույցում Տիգրանի փաստաբանը՝ Գուրգեն Հովհաննիսյանը նշել է, որ Մալաթիայի ոստիկանության օպեր-լիազորները նվաստացրել և ծեծել են Տիգրանին, ստորացումներին մասնակցել են նաև Քրեականի պետն ու Բաժնի պետը։ Փաստաբանի խոսքերով՝ հերթով ապտակել են, տշել, ծեծել, թքել երեսին, սպիրտ լցրել դեմքին, հայհոյել։ Օպեր լիազորներից մեկը առաջարկել է «սրան չծեծել», այլ «մտցնել զուգարան»․ ոստիկանները փորձել են նրան քարշ տալ «կոտրելու»։ Բռնությունները հատվածաբար նկարահանվել են․ Տիգրանն ասում է՝ «սիլլում էին, հենց սկսում էի հայհոյել՝ միանգամից կամերան միացնում էին»:

Խոշտանգումները ավարտվել են քրեական գործով՝ հարուցված, ճիշտ է, ընդդեմ Տիգրանի։ Ոստիկանությունը նրան մեղադրանք է առաջադրել ՔՕ 316-րդ հոդվածի ծանր՝ երկրորդ մասով․ իշխանության ներկայացուցչի նկատմամբ  կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար: «Տուժողը»  սուպերմարկետի մոտից նրան բռնությամբ բաժին հասցրած օպերներից մեկն է, որի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության միակ «վկայությունը» աչքի տաքի քերծվածքն է։ Տիգրանի խոսքերով, օպեր լիազորի դեմքը քերծելու հատուկ դիտավորություն ինքը չի ունենցել․ «կյանքը վտնագած» քերծվածքն առաջացել է ծեծվելու ժամանակ ձեռքերն անկանոն շարժելու արդյունքում։

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որից հետո կիրառվել է գրավ․ Կարապետյանի ընտանիքը գրավի համար անհրաժեշտ 1․9 միլիոն դրամը անմիջապես հավաքել չի կարողացել, արդյունքում՝ Տիգրանը մի ամիս՝ մինչև ապրիլի 30-ը մնացել է կալանավայրում։ Ապրիլի 30-ին՝ գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո, նրան ազատ են արձակել։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան՝ գրավը վերացնելու և Կարապետյանին կրկին կալանավորելու վերաբերյալ։

Դեպքից անմիջապես հետո Տիգրանի պաշտպանը բարձրաձայնել է ոստիկանության բաժնում նրան խոշտանգելու մասին։ Պաշտպանի ահազանգին հաջորդել է ոստիկանության «պաշտոնական հաղորդագրությունը» (հրապարակված մարտի 29-ին)՝ կից տեսանյութով, որում երևում է, ինչպես է Տիգրանը հայհոյում ոստիկաններին, բայց չի երեւում՝ ինչպես են ոստիկանները հայհոյում և ծեծում նրան։ Փաստաբան Հովհաննիսյանի խոսքերով, տեսանյութը ներկայացվել է մոնտաժված, նույնիսկ իրենց հասանելի դարձած «ամբողջական» տարբերակից երևում է, ինչպես են ոստիկանները հայհոյում, իսկ Տիգրանը՝ պատասխամում նրանց հայհոյանքներին։ Բռնությունների մի զգալի մասն էլ տեսաձայնագրությունից դուրս է մնացել։

Ավելի ուշ քրեական գործ է հարուցվել նաև Հատուկ Քննչական ծառայությունում՝ խոշտանգման հոդվածով։ Տիգրան Կարապետյանը ճանաչվել է տուժող։

Օրերս հայտնի են դարձել դատաբժշկական փորձաքննության արդյունքները․ այտոսկրի կոտրվածք, փափուկ սալջարդներ, տարբեր մարմնական վնասվածքներ՝ միջին ծանրության։ Փաստաբանը նշել է, որ իրենք փորձաքննության արդյունքների հետ համաձայն չեն, դիմելու են կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննության։