Home / Ոստիկանություն / Black lives matter. ԱՄՆ-ում վերսկսվել է պետական ռասիզմի դեմ պայքարը

Black lives matter. ԱՄՆ-ում վերսկսվել է պետական ռասիզմի դեմ պայքարը

ԱՄՆ տարբեր քաղաքներում 6-րդ օրն է՝ շարունակվում են սևերի նկատմամբ Ոստիկանության բռնության դեմ ցույցերը։ Ցուցարարները պահանջում են պատժել  չորս ոստիկաններին, ովքեր սպանել են անզեն սև քաղաքացու Մինեապոլիս քաղաքում։ Սա պանդեմիայի ընթացքում ամենամեծ փողոցային բողոքն է, որը շարունակում է թափ առնել՝ չնայած նրան, որ ոստիկանությունը նռնակներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ է կիրառում:

Մայիսի 25-ին ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում չորս սպիտակ ոստիկանների կողմից սպանվել  է աֆրոամերիկացի, 46-ամյա Ջորջ Ֆլոյդը։ Ոստիկաններից մեկը՝ Դերեկ Շովինը, ծունկը դրել էր Ֆլոյդի կոկորդին և սեղմել գետնին 8 րոպե 46 վայրկյան, վերջին 2 րոպե 53 վայրկանում Ֆլոյդը կորցրել է գիտակցությունը։ Գետնին պառկեցված աֆրոամերիկացու մոտ զենք չէր հայտնաբերվել։ Դեպքը տեսանկարահանել են ականատես անցորդները, որոնց սթափվելու կոչերին ոստիկանները շարունակել են մնալ անհաղորդ։ 

Ոստիկաններին կանչել է արաբական հրուշակեղենի խանութի աշխատակիցը, կասկածելով, որ Ֆլոյդը փորձում է գնում կատարել կեղծ թղթադրամով։ Ոստիկանների պնդումներին հակառակ, տեսանյութերում երևում է, որ Ֆլոյդը դիմադրություն ցույց չի տվել, իսկ գետնին գամված կրկնել է միայն «ես խեղդվում եմ»։

Դեպքի հաջորդ օրը՝ մայիսի 26-ին, Մինեսոտայում խաղաղ ցույցեր են սկսվել։ Զանգվածային ցույցեր են բռնկվել նաև ԱՄՆ այլ քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Չիկագոյում, Ատլանտայում, Վաշինգտոնում, Լուիզիանայում։ Միայն դրանցից հետո՝ մայիսի 29-ին, ոստիկան Դերեկ Շովինին մեղադրանք է առաջադրվել ոչ կանխամտածված սպանության հոդվածով (պատժվում է մինչև 25 տարի ազատազրկմամբ)։ Քրեական գործի ընթացքում բացահայտվել է, որ  նախկինում ոստիկանը անմասն չի եղել պաշտոնի չարաշահումից․ նրա դեմ 19 դեպքերով բողոքներ են բերվել, որոնցից մեկը ևս ավարտվել էր սպանությամբ,   ինչևէ, նա չէր հեռացվել ոստիկանությունից։ Ցույցերը շարունակվում են՝ Ֆլոյդին սպանած մյուս երեք ոստիկանների կալանավորման մասին պահանջով։ 

Ցույցեր

Ֆլոյդի սպանությունը դիտվում է որպես ամերիկյան ռասիզմի հերթական դրսևորում։ Այն համեմատվում է հարյուրավոր այլ դեպքերի հետ, երբ ոստիկանը սպանել է անզեն սև քաղաքացու: Տարբեր քաղաքներում երթի դուրս եկած  ցուցարաները վանկարկում են «Արդարադատություն Ջորջ Ֆլոյդի համար», «Սև կյանքերը կարևոր են», «Fuck the Police» և Ֆլոյդի վերջին խոսքերը «Ես խեղդվում եմ»։ Ցուցարարների մեծ մասը բժշկական դիմակներ է կրում, հաճախ նույնաբովանդակ տեքստերով։ 

Ցույցերի ընթացքում նաև բռնի ըմբոստության դեպքեր են եղել, ինչը շահարկվում է մամուլում։ Մայիսի 28-ին ցուցարարները վառել են Մինեսոտայի ոստիկանության երրորդ մասնաշենքը, ոստիկանությունը ներգրավել է նաև Ազգային գվարդիան և ձերբակալել հարյուրավոր մարդկանց, այդ թվում՝ խանութներ ջարդելու և թալանելու մեղադրանքով։ 

https://twitter.com/BuyMore_Condoms/status/1266609113133391872

Նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում ցուցարարներին «գլխակերներ» է անվանել և հայտարարել․ «Երբ սկսվում է թալանը, սկսվում են կրակոցները»՝ ըստ էության, թույլատրելով ոստիկանությանը կրակել։

«Այս երկիրը իբր ազատության երկիր է։ Այն ազատ չէ սևերի համար։ Մի՛ ասեք մեզ թալանի մասին։ Ամերիկան է կողոպտել սևերի աշխատանքը, Ամերիկան է գողացել բնիկ ժողովուրդների հողը։ Մենք բռնությունը ձեզանից ենք սովորել», – Մինեսոտայում ցույցի ժամանակ մեղադրանքներին պատասխանել է սև ֆեմինիստ, ակտիվիստ Տամիկա Մալորին։

Տասնյակ քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել, կան հարյուրավոր ձերբակալվածներ։

Ձերբակալությունները, սակայն, չեն ճնշել շարժումը։ Հարյուրավոր ձերբակալվածներին գրավով ազատելու համար  դրամահավաք է սկսվել, ջարդված խանութների տերերը հրաժարվել են բողոքել, հանրային տրանսպորտը բոյկոտում է ցուցարարներին բաժիններ տանելու ոստիկանների պահանջը։ 

Հակառասիստական ցույցերը վերաբացում են սև դիմադրության երկու հայտնի ռազմավարությունների թեման՝ բռնի, թե՞՝ ոչ բռնի դիմադրություն՝ հիշելով 60-ականների քաղաքացիական ազատության շարժումները։

https://twitter.com/akshitomkapoor/status/1266613708593090561

BostonReview-ն հիշեցնում է, որ անգամ Մարտին Լյութեր Քինգը՝ ոչ բռնի դիմադրության առաջնորդը, ով հաճախ շահարկվում է ցույցերը ճնշելու համար, կյանքի ավարտին հայտարարել էր․ «Սոցիալական արդարությունը և առաջընթացը բռնի ցույցերը կանխելու  միակ երաշխիքն են։ Կառուցողական սոցիալական փոփոխությունը կբերի հանդարտություն, իսկ այդ փոփոխությունից խուսափելը՝ միայն նոր անկարգություններ»։ 

Դեպքերը մեկնաբանել է նաև ամերիկացի փիլիսոփա Քորնել Ուեսթը՝ CNN-ի հետ հարցազրույցում։ «Եղբայր Ջորջի սպանությունը կատարյալ լինչինգ էր, ոչ ոք չի կարող դա հերքել։ Եվ Փառք Աստծո, որ մարդիկ փողոցում են։ Պատկերացնո՞ւմ եք, եթե մարդիկ լինեին անտարբեր։ Ես հիշում եմ Ռեյգանի տարիներին շատ քչերն էին ցույցի դուրս գալիս, վաթսունականներին շարժումը մասսայական էր։ Տեսնում ենք, որ համակարգը չի կարող ինքն իրեն բարեփոխել։ Փորձեցին «սև դեմքեր՝ բարձր  դիրքեր» մոդելը, բայց դա չստացվեց․․․«Սևերի կյանքը կարևոր է» (BlackLivesMatter) շարժումը սկսվեց սև նախագահի, սև դատախազի, սև ներքին գործերի նախարարի օրով։ Նրանք ոչինչ չկարողացան անել ռասիզմի դեմ։ Ուստի մենք բարձրաստիճան սևերի մասին չենք խոսում, մենք սև և այլ գույների մաշկ ունեցող, աղքատ, աշխատող մեծամասնության մասին ենք խոսում։ Նրա՛նք ենք խաղից դուրս մնացել, նրա՛նք են իրենց անօգնական զգում, նրա՛նք են ըմբոստանում»։

Դեպքերի ընդհանուր զարգացումն՝ ըստ վիքիպեդիայի