Home / ԼԳԲՏ+ / Թբիլիսիում տրանսգենդեր կինն ինքնահրկիզման փորձ է արել

Թբիլիսիում տրանսգենդեր կինն ինքնահրկիզման փորձ է արել

Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ կորոնավիրուսի համավարակի պայմաններում կառավարության ցուցաբերած անտարբերության դեմ բողոքի ակցիայի ժամանակ տրանսգենդեր կինն ինքնահրկիզման փորձ է արել։

Հինգշաբթի երեկոյան կազմակերպված ոչ բազմամարդ հանրահավաքին մասնակցող կանանցից մեկը՝Մադոնա Կիպարոիձեն, ինքնահրկիզման փորձ է կատարել։ Ոստիկաններին հաջողվել է հանել նրա այրվող վերարկուն։

Oc-media-ի հաղորդմամբ, Կիպարոիձեն, կարծես, կյանքի համար վտանգավոր վնասվածքներ չի ստացել։ Նրան շտապ օգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել։

«Ես տրանսգենդեր կին եմ և այրում եմ ինձ, քանի որ վրացական պետությունը հոգ չի տանում իմ մասին», – ոստիկանների մոտենալուց առաջ գոռացել է Կիպարոիձեն։

«Անգամ բնակարանի վարձը չենք կարողանում վճարել։ Ի՞նչ անենք», – միջադեպից հետո «TV Pirveli»-ի հետ զրույցում ասել է մեկ այլ ցուցարար։

Տրանսգենդերների իրավունքներն ու COVID-19-ը

Թբիլիսիում տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներն ու իրենց աջակիցներն անհանգստացած են տրանսգենդեր անձանց համար Վրաստանում կորոնավիրուսի պայմաններում ցուցաբերվող բազային ծառայությունների և աջակցության սահմանափակումներից։

Քանի որ տրանս համայնքի շատ ներկայացուցիչներ ստիպված են սեքս-աշխատանքով զբաղվել (աշխատանքի շուկայի խտրական վերաբերմունքի և իրենց սեռի իրավական ճանաչման բացակայության պատճառով), արտակարգ իրավիճակի ընդունումն ու հասարակական հեռավորության պահպանման կոչերը հատկապես խանգարում են նրանց աշխատանքին։

Տրանս համայքնի անդամներն ու նրանց աջակիցները մարդկանց կոչ են անում հնարավորության սահմաններում նվիրատվություններ կատարել ու ֆինանսական աջակցություն ցուցաբերել համայնքին՝ բնակարանների  վարձերն ու կենսական անհրաժեշտության ապրանքներն ապահովելու համար

Մարտի 20-ին Կանանց նախաձեռնությունների աջակցության թբիլիսյան խումբը (WISG) դիմել էր Վրաստանի իշխանություններին, առաջարկելով վերանայել սեքս-աշխատանքով զբաղվող և «հատկապես տրանսգենդեր կանանց» կարիքները տանը մնալու և հասարակական հեռավորություն պահպանելու հրամայականի պայմաններում։

«Աշխատանքային առանձնահատկությունների պատճառով նրանցից շատերն արդեն գումար չունեն իրենց հիմնարար պահանջմունքների բավարարման համար», – ասվում է WISG հայտարարության մեջ։

Փետրվարի 5-ին «Շարժում հանուն հավասարության» կազմակերպությունը հայտարարել էր «Spar» սուպերմարկետում գիշերային հերթափոխի ժամանակ աշխատակից տրանսգենդեր կնոջ վրա հարձակման մասին։ Տուժածը նշում էր, որ իր վրա հարձակված տղամարդը տրանսֆոբ վիրավորանքներ է գոռացել հարձակման ընթացքում։