Երեկ՝ ապրիլի 19-ին, Հունական Քիոս կղզու փախստականների ճամբարներից մեկում անկարգություններ են սկսվել։ Աֆրիկայից և Կենտրոնական Ասիայի երկրներից Հունաստան տեղափոխված մի խումբ փախստականներ սկսել են այրել վրաններն ու տեղի ճաշարանը։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններին դիմավորել են քարերով ու շշերով։
Ստացված հաղորդագրությունների համաձայն, դժգոհության պատճառը ճամբարում բնակվող 47-ամյա իրաքցի փախստական կնոջ մահն էր։ Նա մի քանի օր բարձր ջերմություն և չոր հազ է ունեցել։ Շշուկներ են սկսել տարածվել, որ կնոջ մոտ կորոնավիրուս է եղել, իսկ ճամբարը խիստ մարդաշատ է, հիգիենայի միջոցները չեն բավարարում բոլորին։
Խռովությունը զսպելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։ Ավելի ուշ կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ կորոնավիրուսի թեստի պատասխանը կնոջ մոտ բացասական է եղել։
Հունական կղզիներում տեղակայված ճամբարներում այս պահին շուրջ 40 հազար փախստականներ են բնակվում՝ չնայած տարածքն ի սկզբանե նախատեսված չի եղել նման քանակության մարդկանց համար։ ճամբարներում անկարգություններ հաճախ են լինում, իսկ կորոնավիրուսի համավարակի պատճառով նման դեպքերի հաճախությունը կտրուկ մեծացել է։
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Թուրքիայում։ Խիտ բնակեցված, հիգիենայի պահմանման համար անհրաժեշտ միջոցների բացակայության և անբավարար առողջապահական աջակցության պայմաններում գոյատևող ճամբարներում կտրուկ մեծացել է խռովությունների և ինքնասպանության դեպքերի թիվը։
Այս պահի դրությամբ թուրքական ճամբարներում բնակվում են ռեկորդային թվով սիրիացի փախստականներ։ 2011 թվականից սկսած Թուրքիան կենտրոնական բանկից ավելի քան 40 միլիարդ դոլար գումար է ստացել շուրջ 3.6 միլիոն սիրիացի փախստականների համար բավարար բնակության պայմաններ ապահովելու համար։
3,6 միլիոն փախստականներից, սակայն, միայն 64,000-ն են հատուկ ճամբարներում գտնվում։ Ներգաղթյալների ճնշող մեծամասնությունն անհասկանալի կարգավիճակով բնակեցվել է Թուրքիայի 81 մարզերում։
Կորոնավիրուսային համավարակի տարածման սկզբում կառավարությունը հայտարարեց, որ ստեղծված միջազգային ճգնաժամի պայմաններում փոքր կամ միջին եկամուտ ունեցողներին աջակցելու համար 100 միլիարդ թուրքական լիրա (15 միլիարդ դոլար) կտրամադրի։ Այս օգնությունից մարզերում բնակեցված փախստականները իհարկե չեն օգտվի․ նրանց մեծ մասն անգամ բավարար փաստաթղթեր չունի։
Այս պահի դրությամբ Թուրքիայում կորոնավիրուսային հիվանդության 86,306 դեպք է գրանցվել, որոնցից 11,976-ը բուժվել է, 2,017-ը մահացել։ Հունաստանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 2,235 է, բուժվել է 269 հոգի, ևս 113-ը մահացել է։