Home / Առողջապահություն / Անհապաղ չեղարկել միջին և ցածր եկամուտով երկրների արտաքին պարտքը․ JDC

Անհապաղ չեղարկել միջին և ցածր եկամուտով երկրների արտաքին պարտքը․ JDC

Հարյուրավոր կազմակերպություններ և հարյուր հազարավոր անհատներ ամբողջ աշխարհով մեկ միացել են Jubilee Debt Campaign շարժմանը՝ պահանջելով միջին և ցածր եկամուտ ունեցող պետությունների արտաքին պարտքի անհապաղ չեղարկում:

Ամբողջ աշխարհում պետություններն առողջապահական և սոցիալական ծախսերն ավելացնելու հրատապ կարիք ունեն, սակայն աղքատ երկրները, փոխանակ իրենց առանց այդ էլ սահմանափակ միջոցներն այս ոլորտներ ուղղելու, ստիպված են $40 միլիարդ արտաքին պարտք մարել՝ սա միայն 2020 թվականին:

Որոշ երկրներում արտաքին պարտքի այս տարվա վճարներն ավելին են, քան առողջապահությանը հատկացված ծախսերը. գումարներ, որոնք կարող էին կյանքեր փրկել (ոչ միայն այսօր, բայց հատկապես հիմա՝ համավարակի օրերին), աշխարհի ամենահարուստ պարտատու-վաշխառուների գրպանը հոսելու փոխարեն: Հայտնի փաստ է, որ Գլոբալ Հարավի երկրներն արտաքին պարտքի ծուղակում են ու տասնամյակներ շարունակ ստիպված են վճարել իրենց ստացած մայր գումարը բազմակի անգամներ գերազանող վարկային տոկոսները, և այս լավ մտածված վաշխառուական սխեման վերջ չունի:

Գլոբալ Հարավի երկրների մեծ մասում տնտեսական շոկը համաճարակի շոկից ավելի շուտ վրա հասավ: Օրերի ընթացքում շուկաներից դուրս բերվեցին ավելի քան $83 միլիարդի ներդրումներ, արտերկրում աշխատողներից եկող փոխանցումները գրեթե դադարեցին: Միևնույն ժամանակ, նրանք (որի մեջ մտնում ենք նաև մենք՝ Հայաստանում ապրողներս) ստիպված են նոր պարտքեր ու վարկեր վերցնել՝ առաջացած հրատապ կարիքները հոգալու համար: ՄԱԿ-ն ասում է, որ զարգացող պետությունները կարիք ունեն $2.5 տրիլիոն պարտքի չեղարկման, հրատապ արտակարգ ֆինանսավորման և օժանդակության:

Jubilee Debt Campaign կոալիցիան, որն այս քարոզարշավի առաջամարտիկն է, 1900-ական և 2000-ական թվականներին կարողացել է հասնել Համաշխարհային Բանկի (WB) և Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) կողմից միլիարդավոր դոլար պարտքերի չեղարկմանը, ինչը հնարավորություն է տվել Գլոբալ Հարավում այս գումարներն ուղղել առողջապահության և կրթության ոլորտներին: Ճգնաժամային իրավիճակներում արտաքին պարտքի ներումն ամենաարագ միջոցն է կառավարություններին գումար հասցնելու համար:

Շարժումը թափ է հավաքում, և մի քանի օր առաջ IMF-ը հայտարարեց ամենաաղքատ 20 երկրների այս տարվա արտաքին պարտքը ներելու մասին: Այս ընթացքում նույն WB-ը և IMF-ը հայտարարեցին նաև Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին, որը, սակայն, ամենայն հավանականությամբ նոր արտաքին պարտք է, ինչն էլ մենք կփորձենք պարզել առաջիկա օրերին:

աղբյուրը՝ Սև բիբարի ֆեյսբուքի էջ