Home / Դատարան / Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրինագիծն ընդունվեց

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրինագիծն ընդունվեց

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագիծը, որը թույլ կտա իրականացնել նախկին և ներկա պաշտոնյաների և/կամ կոռուպցիոն հանցագործություններում կասկածվող անձանց ակտիվների ուսումնասիրություն, իսկ դատարանի վճռի առկայության դեպքում՝ հօգուտ պետության բռնագանձել օրինական եկամուտներով չհիմնավորվող հարստությունը։

Նախագիծն ընդունվեց 99 կողմ, 1 դեմ և 15 ձեռնպահ ձայներով: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ձեռնպահ մնաց։

Օրենքը հնարավորություն է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը օրինական եկամտի աղբյուրներով չի հիմնավորվում: Նման գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է հերքվել միայն գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցների ներկայացմամբ:

Ազգային ժողովում քննարկումների արդյունքում ընդդիմադիրների առաջարկով բարձրացվել է նաև բռնագանձման ենթակա ապօրինի ծագում ունեցող գույքի նվազագույն շեմը՝ 25 մլն դրամից հասնելով 50 մլն դրամի։ Սա նշանակում է, որ 50 մլն դրամը չգերազանցող, բայց օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքը բռնագանձման ենթակա չէ։ Օրենքը տարածվելու է ավելի թանկարժեք կապիտալի վրա։

Դատախազությունը, հիշեցնենք, չի կարող կամայականորեն ուսումնասիրել քաղաքացու եկամուտների և ունեցվածքի տարբերությունը։ Դա կարող է արվել մի քանի նախապայմանների առկայության պարագայում միայն․ քաղաքացիների դեպքում՝ եթե անձը անցնում է կոռուպցիոն գործերով,  նախկին և ներկայիս պաշտոնյաների դեպքում կոռուպցիոն գործով անցնելու նախապայմանը պարտադիր չէ, քննություն կարող է սկսվել նաև համապատասխան օպերատիվ հետախուզական տվյալների առկայության հիմքով: Ուսումնասիրվող ժամանակահատվածը որոշում է իրավասու մարմինը։ Օրենքը տարածվում է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածըի վրա։ Այն քրեաիրավական միջոց չէ, այլ` քաղաքացիական հայց ներկայացնելու ինստիտուտ: