Home / Հայաստան / Կառավարությունը մտադիր է բռնագանձել ապօրինի ծագմամբ գույքը

Կառավարությունը մտադիր է բռնագանձել ապօրինի ծագմամբ գույքը

Կառավարությունն այսօր հավանություն տվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագծին, որը թույլ կտա իրականացնել պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված կամ կոռուպցիոն հանցագործություններում կասկածվող անձանց ակտիվների ուսումնասիրություն, իսկ դատարանի վճռի առկայության դեպքում՝ հօգուտ պետության բռնագանձել օրինական եկամուտներով չհիմնավորվող հարստությունը։

Ըստ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, օրենքով նախատեսված գործընթացը կարելի է պայմանականորեն բաժանել երեք փուլի։

Առաջին փուլում դատախազության կազմում ստեղծված իրավասու մարմինը հավաքում է գույքի և դրա ձեռքբերման օրինականությանը վերաբերող տեղեկություններ։

Եթե գույքը գերազանցում է օրենքով նախատեսված շեմը (երկար ժամանակ, ըստ նախարարի, այդ շեմը 50 մլն դրամն էր, բայց ԵԽ փորձագետների կարծիքի համաձայն՝ միջին աշխատավարձի համեմատ այդ շեմը չափազանց բարձր է և անհրաժեշտ է իջեցնել) և օրինական եկամուտներով չի հիմնավորվում, իրավասու մարմինը երկրորդ փուլում դիմում է դատարան, նաև՝ հրավիրում բոլոր շահագրգիռ անձանց՝ ծանոթանալու հավաքված նյութերին և ներկայացնելու պարզաբանումներ և դիրքորոշումներ։

Երրորդ փուլում գործը քննվում է դատարանում։ Բադասյանի խոսքով, օրենքի նախագիծով առաջարկվում է որդեգրել գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը գործում է, եթե անձը, ում պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույքը, չի ապացուցում գույքի ձեռքբերման օրինականությունը։

Գույքը բռնագանձվում է, եթե հայցվորը՝ պետությունը ապացուցում է, որ պատասխանողին՝ սեփականատիրոջը պատկանող գույքը օրենքով նախատեսված ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Սա պետության ապացուցման բեռն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց Բադասյանին՝ օրինագիծը վերաբերում է պաշտոնյաների՞ն, թե՞ ընդհանրապես բոլորին։

Արդարադատության նախարարը պատասխանեց՝ ակտիվների ուսումնասիրության գործընթացի մեկնարկը տրվում է, եթե կա կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, կան համապատասխան ազդակներ։

«Դա նշանակում է, որ պարտադիր ինչ-որ թեմայով պետք է հարուցված քրեական գո՞րծ լինի»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը։

«Կա հոդվածների շրջանակ, որոնք ազդակ են հանդիսանում ուսումնասիրություններ սկսելու համար։ Հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են։ Վեց հիմք ունենք։ Առաջին հիմքը, եթե կա օրինական ուժի մեջ մտած մեդադրական դատավճիռ, և կան ապօրինի ծագման գույքի մասին տվյալներ։ Երկրորդ՝ կա հարուցված քրեական գործ, և անձը մեղադրյալ է ներգրավվել նախագծով սահմանված հանցագործություններից մեկով։ Երրորդ՝ առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, բայց քրեական հետապնդումն անհնար է։ Չորրորդ՝ առկա են բավարար հիմքեր կասկածելու, առկա է ապօրինի ծագման գույք, բայց քրեական գործը կասեցվել է։ Հինգերորդ՝ օպերատիվ-հետախուզական տվյալներով՝ առկա են բավարար հիմքեր, որ բացառապես պաշտոնատար անձինք ունեն ապօրինի ծագման գույք, այս դրույթը բացառապես պաշտոնյաներին է վերաբերում, մնացածներն ավելի լայն են, և վերջին հիմքը՝ միջազգային հարցումներին պատասխանելու միջոցով»,- ասաց Բադասյանը։

Նախագծի համար ի սկզբանե սահմանվել էր տասը տարվա վաղեմության ժամկետ, սակայն քննարկամն ընթացքում՝ վարչապետի պնդմամբ, վաղեմության ժամկետը փոխվեց և սահմանվեց 1991 թվականը։