«Ռուսականներից» «ամենաեվրոպականը»
«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավն ավարտվեց Խոր վիրապում, երբ Ռուսաստանի հայերի միության Ուլյանովսկի մարզային կառույցի ղեկավար Արսեն Աբրահամյանը միամիտ բացահայտեց, որ հրահանգված է Արման Թաթոյանին օգնել թաքուն։ Անցած շաբաթ Թաթոյանն արդեն հերքել էր, որ 900 միլիոն դրամի ֆինանսավորում է ստացել Վլադիմիր Պուտինի ադմինիստրացիային ենթակա փորձագիտական կենտրոնից։
.webp)
Մի քանի օր առաջ Թաթոյանը ինքնակենսագրական ֆիլմ էր հրապարակել այն մասին, որ դպրոցում եղել է գերազանցիկ և, ապրելով Ուկրաինայում, նույնականացել է հայ ազգի հետ, սիրել է շախմատ և սովորել է Փենսիլվանիայի համալսարանում, որն ավարտել են ԱՄՆ նախագահներ Ուիլիամ Հարիսոնը և Դոնալդ Թրամփը, իսկ երբ դարձել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան՝ պայքարել է Ադրբեջանի դեմ։ «Արմանը հայկական Քենեդին է», — ասել է ֆիլմի հերոս Մարկուս Յեյգերը: Լարիսա Ալավերդյանը նրան համարել է լավագույն ՄԻՊ։
.webp)
Լավագույն ՄԻՊ-ից վարչապետի թեկնածու անցումը սկսվել է 2022 թվականին։ Թաթոյանը հասարակական շարժում է հիմնել, պայքարել է Արևմտյան Ադրբեջանի դեմ, իսկ 2025-ին օգոստոսին որոշել է մասնակցել ընտրություններին։ Անցած տարվանից նախընտրական շտաբեր ունի Հայաստանի տարբեր մարզերում։
Օրենքն արգելում է կուսակցություններին ֆինանսավորվել իրավաբանական անձանց, օտար պետությունների և օտարերկրացիների կողմից։ Հայաստանի քաղաքացիները կուսակցություններին կարող են նվիրաբերել տարեկան առավելագույնը 10 միլիոն։
Քանի որ նման սահմանափակումներ շարժումների համար չկան, Թաթոյանը չէր շտապում «Միասնության թևերը» գրանցվել որպես կուսակցություն։
.webp)
2026 թվականի ապրիլին ԿԸՀ դիմելու վերջնաժամկետն էր։ Հենց այս ժամանակ «Օրինաց երկրի» նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանի «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը անվանափոխվեց «Միասնության թևերի», և քաղաքացիական նախաձեռնության անդամից Թաթոյանը դարձավ կուսակցության ղեկավար։

Ապրիլին նա մասնակցել է Ռեֆորում 2026-ի հավաքին, որ պատասխանի երիտասարդների հարցերին։
հարց Թաթոյանին․ — Բավարարող չէր ֆինանսական հաշվետվության մասին ձեր պատասխանը։ Կարծում եմ, որ բարեկամների, հարազատների և ընկերների կողմից տրամադրվող միջոցները չէին կարող այդքան շատ լինել։ Մտնում ենք ինտերնետ՝ ամենուր ձեր ուժի գովազդն է։ Դուրս ենք գալիս Երևանի փողոցներ, գնում ենք մարզեր՝ ամեն տեղ ձեր նկարներն են։ Մարզերում, տարբեր քաղաքներում ձեր գրասենյակներն են՝ շատ կոկիկ, գեղեցիկ սարքած։ Մեծ գումարներ են ծախսվել, իմ պատկերացմամբ՝ հարյուր հազարավոր դոլարներ։ Միայն ֆեյսբուքում երեք ամսվա մեջ ծախսել եք 10 հազար դոլար։ Կխնդրեի կոնկրետ թիվ ասել՝ ինչքան գումար եք ծախսել 2025 թվականից սկսած, «Միասնության թևերի» համագումարից հետո։
պատասխան․ — Իմ աշխատավարձը ամսական ձեր նշած 10 հազար դոլարից էլ ավել է։ Մենք ունեցել ենք նաև աջակիցներ։ Դրանք բազմաղբյուր են։ Ընդհանուրը պետք է հաշվարկել, նոր ասել, բայց ձեր նշած թվի սահմաններում է մոտավորապես՝ 100 հազար դոլար կամ մոտավորապես այդ սահմաններում։ Ամեն ինչ պարզ է, բաց է, պետությունը, վստահ եմ, այդ ինֆորմացիային տիրապետում է, և հասարակության հետ էլ պարզ, բաց այս հարցով միշտ էլ պատրաստ ենք կոմունիկացվել։
.webp)
Մայիսին Досье պարբերականի հետաքննող լրագրողները հրապարակել են ՌԴ նախագահի ադմինիստրացիային կից Փորձագիտական ինստիտուտից (ЭИСИ) «արտահոսած փաստաթղթեր»։ Ըստ հրապարակման, անցած տարի Վլադիմիր Պուտինի անձնակազմին առաջարկվել է դիտարկել Թաթոյանին որպես պահուստային թեկնածու Հայաստանի ընտրությունների համար։ Նախատեսվում էր, որ մինչև 2026-ի մարտը նա կունենա 10 տոկոս վարկանիշ՝ ներկայանալով որպես գեոպոլիտիկ կենտրոններից անկախ, արդար և ազնիվ, հայամետ թեկնածու։
ЭИСИ քաղտեխնոլոգները, ըստ Досье-ի, ռազմավարություն, ծրագրային առաջարկություններ և ուղերձներ են մտածել Թաթոյանի քարոզարշավի համար՝ 2025-ից սկսած համակարգելով նաև գովազդային ուղղությունը։ Արտահոսած նամակներից երևում է, որ պլանը պայմանավորվածից անարդյունավետ է ընթացել։
Досье-ն հրապարակել է նաև ֆինանսական նախահաշվարկներ․ իբրև թե կուսակցության երկրորդ համար, նախկին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը 927 միլիոն դրամի ֆինանսավորում է հայցել 2026 թվականի հուլիս-հունիս ամիսների համար։
«Անկախ դիտորդ» դաշինքը հետաքննության հիմքով հաղորդում է ներկայացրել Դատախազությանը։ Միայն ապրիլ ամսին «Միասնության թևերի» կողմից արված մոտ 100 միլիոն դրամի ծախս ենք հաշվել՝ գրել է դաշինքի մամուլի խոսնակ Դանիել Իոաննիսյանը և խնդրել բացահայտել ֆինանսավորման աղբյուրները։
Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում հերքել է՝ [Досье-ի] հետաքննությունն ամբողջությամբ կեղծ է, «շատ պարզ տեսնում ենք ականջներ ստահոդ հոդվածում», «դեպքերի զարգացումը ցույց կտա, թե ում ականջներն են»: Ըստ նրա, «Միասնության թևերը» նշված 920 միլիոն դրամի կեսն էլ չի ծախսել այս ընթացքում, «ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկությունները ընդհանրապես սուտ են», կուսակցությունը «չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս՝ Ռուսաստանից»։
.webp)
Հունիսի սկզբին FIP կայքի լրագրողները զանգահարել են Ռուսաստանում հայերի միության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին և, ներկայանալով ФСБ-ի աշխատակից, հարցեր տվել հայկական ընտրություններում ներգրավվածության մասին։
Ուլյանովսկի միության ղեկավար Արսեն Աբրահամյանը զեկուցել է, որ համայնքի անդամները հրահանգավորված են քվեարկել «ռուսական թիմի» օգտին։ Թիմում չորս խաղացող կա։ Թաթոյանը չորրորդն է։ Աբրահամյանը հատուկ նշել է․ «Աջակցում ենք «Միասնության թևեր» կուսակցությանը, բայց դա ցույց չենք տալիս, որպեսզի նրանց համար եվրոպամետության ֆոն պահենք»։
.webp)
Հունիսի 7-ի ընտրություններին նախկին օմբուդսմենը մասնակցում է իր պաշտոնավարման տարիներին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահենի կուսակցության հետ միասին։
Ըստ Թաթոյանի, իրենք ընտրվելու են նախկիններից ու ներկաներից հոգնած քաղաքացիների շնորհիվ։ Նախկին ՄԻՊ-ն իրեն «նախկին» չի համարում. «Ես քաղաքական պաշտոն չեմ զբաղեցրել, այլ մասնագիտական աշխատանք եմ կատարել»։
2013-2016 թվականներին նա եղել է նաև Արդարադատության փոխնախարար։
.webp)
«Միասնության թևերը» պատրաստ է կոալիցիաների, բայց ունի «կարմիր գծեր»։ Մասնավորապես.
— Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել վարչապետ,
— Ռոբերտ Քոչարյանը չի կարող լինել վարչապետ,
— Սամվել կարապետյանը չի կարող լինել վարչապետ,
— մնացածը կերևա ընտրություններից հետո։
Գործող իշխանություններից Թաթոյանը հիասթափված է. «Վամպիրի պես սնվում են նախկինների սխալներով»։
Նիկոլ Փաշինյանին նա մեղադրում է քարոզարշավն ատելության խոսքով հեղհեղելու և վարչական ռեսուրս չարաշահելու մեջ։ «Միասնության թևերի» նախընտրական թեժ գիծը «հարյուրավոր ահազանգեր է ստանում այդ մասին», բայց ոստիկանությունը ընթացք չի տալիս։ Անանուն հաղորդումները հրապարակվում են նաև կուսակցության ֆեյսբուքի էջում։
Թաթոյանը ՄԻՊ է նշանակվել Սերժ Սարգսյանի կողմից և պաշտոնավարել Նիկոլ Փաշինյանի օրոք։
.webp)
«Միասնության թևեր» կուսակցության երկրորդ համար, տնտեսագետ Դավիթ Անանյանն է պաշտոնավարել և՛ նախորդ, և՛ ներկա իշխանությունների կազմում։ 2016-2018 թվականներին եղել է ֆինանսների փոխնախարար, իսկ 2018-ին նշանակվել է ՊԵԿ նախագահ Նիկոլ Փաշինյանի հրամանով։
Կուսակցության ցուցակներում է նաև Լիպարիտ Դրմեյանը, որը մինչև 2025 թվականի օգոստոս զբաղեցնում էր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Դրմեյանը պահանջում էր կատարել Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը և դադարեցնել Սամվել Կարապետյանից ՀԷՑ-ի բռնագրավման հետագա գործողությունները։ Փաշինյանը ջղայնացել էր. «Կառավարությունում չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Կառավարությունը ես եմ: Եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան: Եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ»։ Դրմեյանին հանել էին։
.webp)
Նախաստորագրված Խաղաղության պայմանագրին Արման Թաթոյանը չի հավատում, թեպետ ընտրվելու դեպքում պատրաստ է այն ստորագրել, քանի որ վստահ է, որ չի ստորագրի Ադրբեջանը. «Ալիևն ասում է՝ չկա միջազգային իրավունք, կա ուժ։ Այդպիսի բաներ ասող մարդու հետ ի՞նչ միջազգային պայմանագրի մասին կարող ենք խոսել»։
Նա աջակցում է Թրամփի ուղուն, բայց ունի նախապայմաններ, այն է՝ Հայաստանի ամբողջական ապաշրջափակում, ադրբեջանական զորքերի հեռացում և գերիների վերադարձ։
TRIPP-ի հանդեպ սիմպատիան Թաթոյանին բաժանել է քաղաքակրթական հետազոտող Ավետիք Չալաբյանից, որի «Հայաքվեի» հետ «Միասնության թևերը» հասցրել էր դաշնակցության հուշագիր ստորագրել։
.webp)
Վերջերս Թաթոյանը բաց նամակով դիմել էր Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին. «Ինչպես Թրամփն էր Բայդենին տխուր, թույլ ու անխելք համարում, այնպես էլ ես եմ վերաբերվում վարչապետ Փաշինյանին։ Նա չափազանց տխուր, թույլ և անխելք է այս կարևոր հարցերը բարձրացնելու համար»։
Ընտրվելու դեպքում նա խոստանում է կրկնապատկել ռազմական բյուջեն և վերականգնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժային հավասարակշռությունը․ «Նայեք, օրինակ, Իրանն ու ԱՄՆ-ն, կամ Իրանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները, կամ Իրանն ու Սաուդյան Արաբիան…», «կարևորը ճիշտ ռազմավարությունն է», «ՀՆԱ-ի առնվազն 8 տոկոսը պետք է ծախսվի բանակի վրա»։
Թաթոյանը խոստանում է նվազեցնել նաև կախվածությունը Ռուսաստանից։
«Միասնության թևերին» միացած Շահեն Հարությունյանը, սակայն, մտադիր է վերանայել անգամ Կարսի պայմանագիրը, որով Ադրբեջանին է անցել Նախիջևանը, իսկ Թուրքիային՝ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Թաթոյանի մեկնաբանությամբ, սա չի նշանակում է, որ վերդարձնելու են այդ տարածքները, այլ նշանակում է, որ քննարկումներ են կազմակերպելու Հայաստանի շահերի մասին։
Լուսանկարներում Արման Թաթոյանը քարոզարշավ է անում Վանաձորի «Լաչինի միջանցքում»