Քոչարի. եթե ցանկանում եք, որ հայերի փոխարեն բուդդիստները զոհվեն
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը խոստանում է պարի դասեր և վարձկաններ Աֆրիկայից։ Կուսակցության հիմնադիր Արտակ Սարգսյանը Քենիայում հայտնի «Արթուր եղբայրներից» մեկն է։
90-ականներին նրանք էքսպորտ-իմպորտի բիզնես են հիմնել Ռուսաստանում։ Հետո բիզնեսը ծավալվել է դեպի Աֆրիկա և Էմիրաթներ։ 2005-ին եղբայրները մտել են մեծ քաղաքականություն Քենիայում։ Արտակ Սարգսյանը պնդում է, որ ինքը Քենիան դարձրել է ցիվիլ երկիր, Աֆրիկայի Դուբայ։

Ըստ հետագայում հարուցված քրեական գործերի՝ Արթուր եղբայրներ անունով հայտնի երկու հայերին հրավիրել էին Քենիա հարցեր լուծելու համար: 2004-ին սահմանին բռնվել էր Ակաշա կարտելի մոտ 1.1 տոննա կոլումբիական կոկաինը, որը պետք է հասցվեր Եվրոպա։ Հետո նրանք օգնել են նախագահ Մվայ Կիբակիին այլ հարցերում ևս. 2006-ին, օրինակ, դիմակավորված ռեյդ են արել ընդդիմադիր «Ստանդարտ» օրաթերթի խմբագրությունում և վառել թերթի ողջ տպաքանակը, մտել են հանրային հեռուստակայան և անջատել ուղիղ եթերը։
Արթուր եղբայրները հայտնի են դարձել Նայրոբիում իրենց ցոփ ու շվայտ կյանքով, լիմուզիններով և շռայլ խնջույքներով, որոնց հրավիրում էին շոու-բիզնեսի աստղերին։ Մի հետաքննող լրագրող պատմում է, որ փորձել է պարզել՝ ինչ է թաքնված այս խնջույքների հետևում, և եկել է եզրակացության, որ նրանք ուղղակի տժժալ են սիրում։
.jpg)
Արտակ և Արթուր Սարգսյաններին Քենիայից արտաքսել են 2006 թվականի հունիսի 6-ին՝ օդանավակայանի սահմանապահների վրա զենք բարձրացնելու համար։ Հանրային դժգոհությունը մեծանում էր, եղբայրներն արդեն խանգարում էին Կիբակիի կառավարությանը։
Քենիայից հետո բարդ էր բիզնես անել այլ երկրներում։ 2013-ին Արթուր եղբայրները փորձել են «ներդրումներ» անել Մալդիվներում, բայց տեղի իշխանությունները խնդրել են նրանց հեռանալ։ Դրանից առաջ արտաքսվել են Էմիրաթներից։ 2020-ին վերադարձել են Հայաստան՝ «տեսնելով, որ վտանգված է հայրենիքը»։

2024 թվականին նրանք միացել են արքեպիսկոպոս Գալստանյանի և վարչապետի մի այլ թեկնածու Սուրեն Պետրոսյանի սկսած «Սրբազան պայքարին», որի ժամանակ ձերբակալվել են ԱԱԾ-ի կողմից ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Հետո մեղադրանքը փոխվել է փողերի լվացման և սահմանը ապօրինի հատելուն։ Արտակ Սարգսյանը «դիստանցավորվել է» պայքարի նախկին ընկերներից։

Արտակ Սարգսյանի «Քոչարի» կուսակցությունը խոստանում է Հայաստանի խնդիրները լուծել մասնավոր բանակներ բերելով։ Պատմում է, որ դեռ 2020 թվականին ժամանել է Հայաստան և առաջարկել վարձկաններ բերել Ղարաբաղ, որ «պատերազմում չմահանան հայ զինվորները»։ Առաջարկը մերժվել է։
Նա քննադատում է ներկա Կառավարությանը նաև 2023-ի սեպտեմբերին Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը չփակելու համար։ Ըստ նրա, «պետք չէր բնակչությանը դարձնել փախստական», քանի որ դա «նույն բանն է, ինչ ստրուկը՝ մարդ առանց սեփականության»։
Սարգսյանը խոստանում է հրահրել միջէթնիկ բախումներ Ադրբեջանում։ Ըստ նրա՝ խաղաղության այլ տարբերակ չկա, քան Ադրբեջանի վերացումը։ Թուրքիան ու Ռուսաստանը, նրա տեղեկություններով, արդեն փլվելու եզրին են։

Սարգսյանը ընդհանրապես լուրջ չի վերաբերվում ՄԱԿ-ի հաստատած պետական սահմաններին և միջազգային իրավունքի սկզբունքներին։ Օրինակ՝ ՄԱԿ-ը ապօրինի է համարում վարձկանների բանակը, եթե կռվող զինվորի միակ մոտիվացիան փողն է։ Այս նորմը շրջացնելու համար Արտակ Սարգսյանը Հայաստան կբերի միայն քրիստոնյա վարձկանների կամ գոնե բուդդիստ։
«Որպեսզի ցույց չտան, որ իրենք ռազմական գործողություններ են անում ուրիշ երկրներում, գերտերությունները ուղարկում են մասնավոր ընկերություններ։ Դրանք կոչվում են defense contractor, օրինակ` Blackwater-ը, որը ԱՄՆ-ի կողմից կռվում էր Իրաքի պատերազմում: Կան նաև soldier of fortune՝ солдат удачи, դրանք արդեն ուղղակի հավաքագրված մարդիկ են․․․», — պատմել է Սարգսյանը վարձկանության շուկայի մասին։
Ազատ տնտեսական գոտին և Կարեն Դեմիրճյանը
«Քոչարի» կուսակցության քարոզարշավը միանձնյա անում է Արտակ Սարգսյանը հարցազրույցներով։ Նրան միացել է նաև հնաբնակ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը։ Նրանց անսպասելի դուոն հիմնված է լուսահոգի Կարեն Սերոբի Դեմիրճյանի հանդեպ մեծ սիրո և ակնածանքի վրա։
Տնտեսական խոստումների մեջ «Քոչարի» կուսակցությունը ավելի շռայլ է և սոցիալիստ. տրանսպորտը կդարձնեն ձրի, գույքահարկը կզրոյացնեն, 90-ականների վաուչերային սեփականաշնորհումը կվերանայեն, ստրատեգիական գործարանները կվերադարձնեն պետությանը, Հայաստանը կդարձնեն ազատ տնտեսական գոտի՝ Կովկասի Դուբայը։
Նրանք դեմ են և՛ ներկաներին, և՛ նախկիններին, բայց հատկապես նախկիններին։
«Հարստությունը նրանք հավաքել են այլանդակ վաուչերային սեփականաշնորհմամբ։ Նրանց հարստությունը ազգային հարստությունն է։ Պետությունը թալանվեց և չկարողացավ խնայողական ավանդները վերադարձնել։ Տաշիր Սամոն անշարժ գույքի սպեկուլյանտ է, նա չի կարող արտադրություններ զարգացնել։ Արտադրություն կարող էր զարգացնել Կարեն Դեմիրճյանը», — ասել է Հմայակ Հովհաննիսյանը։

Արտակ Սարգսյանը խոստացել է ընտրվելու դեպքում այնպես բարեփոխել Հայաստանը, ինչպես բարեփոխել է Քենիան և Սուդանը։ Բայց թե՛ Քենիայում, թե՛ Սուդանում հայ վարձկանները որևէ բարեփոխում չեն բերել։ Զինված գրոհայինները տիրապետում են այդ երկրներին, իսկ բնակչությունը պատանդի վիճակում է։
Քենիայում ներքաղաքական զինված բախումների ընթացքում սպանվել է մոտ հազար մարդ և տեղահանվել 600 հազարը 2007-2008 թվականի ճգնաժամում։ Քենիան չի դարձել Դուբայ, այն շարունակում է մնալ աղքատ երկիր, որտեղից Ռուսաստանը խաբեությամբ միգրանտներ է հավաքագրում և ուղարկում Ուկրաինայի պատերազմին։ Իսկ Սուդանը պառամիլիտարիստ գրոհայինների մարտադաշտ է 2011 թվականի Հարավային Սուդանի անջատումից սկսած։ Վարձկաններով բանակները բաժանել են երկիրը և շահագործում են իրենց իշխանության տակ գտնող բնակչությանը ոսկու հանքավայրերում։ 2023-ից վիճակը ավելի է վատացել։ Զոնավորված Սուդանում մոդեռն պատմության ամենամեծ տեղահանումներն են՝ մոտ 12 միլիոն մարդ։ Մարդասիրական կազմակերպությունների գնահատականով, սովի եզրին է մոտ 25 միլիոնը, քանի որ գրոհայինները կողոպտում են հումանիտար օգնությունը։ ՄԱԿ-ը Քենիայի դեպքերը որակում է որպես «ճգնաժամ», իսկ Սուդանի դեպքերը՝ «քաղաքացիական պատերազմ»։ Բայց քաղաքական հարցերը շուտվանից որոշիչ չեն այնտեղ, քանի որ իշխում է վարձկանների պայքարը՝ տասնյակ շահագրգիռ երկրներից ուղարկված զենքով։