Քրիստոնյա դեմոկրատը շատ բան է արել, բայց մարիխուանան դեռ չի քննարկել
Լևոն Շիրինյանը ընտրություններին մասնակցում է քրիստոնեա-դեմոկրատական «պարամետրեր» բերելու և իբրև երրորդ ուժ խորհրդարան մտնելու հույսով։ «Վարչապետի հարցը հանրային գիտակցության մեջ արդեն լուծված է, և դա Նիկոլ Փաշինյանն է», — ասում է նա։ Ինքն այստեղ «անհրաժեշտ է զուտ պառլամենտարիզմի կայացման համար»։
«Լինելու ենք ընդդիմություն, իսկ եթե ճգնաժամ լինի կամ կառավարություն կազմելու խնդիր լինի՝ ձեռք կմեկնենք և կփրկենք վիճակը, այսինքն կխաղանք հրշեջի դեր երկու պարագայում էլ», — ասել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» առաջին համարը։
.jpg)
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մանկավարժականի դասախոս Լևոն Շիրինյանը կոմունիստների օրոք եղել է կոմունիստ և դասավանդել է մարքսիզմ-լենինիզմ։ «Նկատելով աշխարհակարգի փոփոխությունը»՝ դարձել է դաշնակցական և լծվել ազգային շահի, քրիստոնեական բարոյականության պաշտպանությանը։ Եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի արտաքին հարցերով գլխավոր մասնագետ, Երուսաղեմի ճեմարանի դասախոս։ Սերժ Սարգսյանի թվերին աշխատել է իշխանամետ քաղաքական մեկնաբան։ Նիկոլ Փաշինյանի օրոք որոշել է դառնալ «ընդդիմադիր» և ստեղծել է իշխանությանը լոյալ նոր կուսակցություն։
Շիրինյանը սիրում է հարցազրույցներ տալ, և ԳԱԱ Փիլիսոփայության ինստիտուտից ստանում է ամիսը կես միլիոն դրամ աշխատավարձ։
.jpg)
Նրա կուսակցության հայտարարագիրը դատարկ է, թեկնածուների 52 տոկոսը՝ գործազուրկ։ Շիրինյանն անգամ նախընտրական ծրագիր չի ներկայացրել ԿԸՀ-ին։ Նա բանավոր խոստանում է, որ իրենց ընտրվելու դեպքում «Հայաստանը կլինի քչից-շատից ինքնաբավ»։
Նպատակն է՝ «տեխնոլոգիական ճեղքում» ապահոված պետականություն, որը կհենվի «աջ կենտրոնի պահպանողական կուսակցության արժեհամակարգի վրա», որի հիմքում «այսպես ասած, առաջագոյության փիլիսոփայությունն է»։ Իսկ դրա համար «պետք է ունենալ նյութատեխնիկական բազա», կրթություն և գիտություն։
«Մեր ցանկում ես ունեմ ընդգրկած չորս կամ հինգ ֆիզիկայի հայտնի գիտնականներ և մաթեմատիկոսներ, շա՜տ հայտնի, որ եթե մենք անցնենք, կարողանանք հանձնաժողովներում փորձագիտական աշխատանք անել», — ասել է Շիրինյանը։
Քրիստոնեա-ժողովրդավարների ընտրվելու դեպքում «Հայաստանը կունենա միջուկային և քվանտային ֆիզիկա, ինչպես նաև լավագույն քաղաքագիտություն»։
.jpg)
Շիրինյանը կողմ է Եվրոպային, բայց դեմ է աբորտներին և գեյ պարադներին, «քանի որ քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություններն այդպիսին են»։ Մարիխուանայի օրինականացման մասին նա դեռ հստակ դիրքորոշում չունի։
2018-ի ընտրություններում նրա կուսակցությունը կես տոկոս է հավաքել, 2021-ի արտահերթին մասնակցել են «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքով և հավաքել 1,5 տոկոս: Այս անգամ ակնկալում են ստանալ առնվազն չորս տոկոս։ Անհաջողություններից Շիրինյանը չի հուսահատվել․
«Այն Կորեան, որն այսօր կա, հիմնադրել է նախագահ Կիմ Դե Չժունը, ով 7 ընտրություններում 0 ձայն է ստացել, բայց հետո ստացել է այն ձայները, որոնք ծնել են այսօրվա Հարավային Կորեան։ Ժողովուրդը պետք է իմանա, որ մենք պայքարում ենք պառլամենտարիզմի համար, որ ունենանք խորհրդարան, որ խորհրդարանը ունենա ընդդիմություն, որ ընդդիմությունը լինի պետականաշեն, որ ռսահատվածը չանցնի և չծառայի օտար պետությանը»։
«Օտար պետության» հանդեպ նրա վերաբերմունքը փոխվել է վերջին տարիներին։ Հիմա Շիրինյանը արևմտամետների կոալիցիայով պահանջում է ԵՄ ինտեգրացիա, իսկ 2013-ին կողմ էր ԵԱՏՄ մտնելուն։ Այն ժամանակ նա համոզում էր լսարանին, որ ռուսական միջուկային հովանոցը Հայաստանին կփրկի շատուշատ բաներից։
«Ռուսաստանը քրիստոնեական արժեքների կրող է, ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը պահպանողական է և սիրում է մեծ ճակատամարտեր», — ասում էր Շիրինյանը 2016-ին: Հիմա նա ցանկանում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց ոչ անմիջապես, այլ «երբ Հայաստանի համար խիստ նպաստավոր կլինի, իսկ Ռուսաստանի համար՝ ոչ այդքան»։
Վերջերս նա մտափոխվել է նաև Կաթողիկոսի հարցում։ 2018 թվականին, երբ նոր էր կուսակցություն հիմնել, ակնկալում էր հոգևոր դասի աջակցությունը, իսկ հիմա Գարեգին Բ-ին ուզուրպատոր է համարում։
.jpg)

Եթե Ազգային-ժողովրդավարական բևեռը պայքարում է 1918 թիվ վերադառնալու համար, ապա Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը ձգտում է մ.թ.ա. 189–160 թվականներ՝ Կուր-Արաքսյան Հայաստան։
«Ես դրա մասին մի զորահրամանատարի հետ եմ զրուցել, երբ եղել եմ դիրքերում։ Ասել եմ, որ մենք տարբերակ չունենք՝ կամ Կուր-Արաքսյան Հայաստան պետք է շարժվենք՝ Սաբիրաբադ, կամ Եվլախին պետք է խփենք։ Երկուսն էլ չարեցինք», — ասել է Շիրինյանը։
Արդյո՞ք բանակը կարող է գրավել Կուր գետի աջ ափը։ Պատասխանելով այս հարցին՝ նա հորդորել է մարքսիզմի գիրկը չընկնել․ «Ժողովուրդն ու պետությունը որևէ տարբերակ չի ունենում, քան գնալ մի ճանապարհով, որը վտանգավոր է, բայց հուսատու։ Մենք գնացինք ամենավտանգավոր, բայց ոչ հուսատու ճանապարհով։ 2014 թվականին ադրբեջանցիները խոցեցին ՊԲ ուղղաթիռը, և մեր երեք օդաչուները զոհվեցին չեզոք գոտում։ Այդ ժամանակ չորս հոգով հարցազրույց ենք տվել՝ երջանկահիշատակ Կոմանդոսը, Վաղարշակ Հարությունյանը, Շիրխանյան Վահանը և ես։ Ըստ էության՝ երեք գեներալ և մեկ քաղաքագիտության դոկտոր։ Իրենք խաղաղության թեզն էին բռնել։ Ես ասել եմ, որ Արցախյան հարցի լուծման խաղաղ էտապը վերջացած է։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը ինձ հարցրեց՝ դուք պատերա՞զմ եք ուզում, ես ասացի՝ այո։ Եվ ես ճիշտ էի, որովհետև էսկալացիան գնաց, և գործը հասավ պատերազմին»։
.jpg)
Շիրինյանը չի սիրում իրեն գովել, բայց և չի կարող չնշել, որ ունի գերազանդ գիտական և բանակցային հմտություններ։ Օրինակ,
— ճշգրիտ վերլուծելով ապացուցել է, թե երբ են ռուսները մտնելու Սիրիա։ Սիրիայի դեսպանի մակարդակով շնորհակալություն են հայտնել իրեն և հետաքրքրվել, թե ինչ մեթոդ է նա կիրառել նման եզրակացության գալու համար;
— խորացրել է հարաբերությունները Հնդկաստանի հետ՝ Փաշինյանին հուշելով, որ այնտեղից կարելի է զենք գնել;
— 2025-ի հունիսի 4-ին եղել է Թեհրանում, հինգ օր շարունակ հանդիպել է Իրանի տարբեր վերլուծական ծառայությունների պաշտոնյաների հետ և ապացուցել, որ Չաբահարի նավահանգիստը պետք է աշխատի, քանի որ Բանդարաբասը այդքան էլ լավ տարբերակ չէ;
— Հայաստանի եզակի քաղաքական գործիչն է, որին ուզեցել է հանդիպել անձամբ Ղազվինի այաթոլլան՝ «իրենց ասելով, հինգ որոշում կայացնողներից մեկը»։
.jpg)
Շիրինյանը խորացրել է նաև հայ-ամերիկյան հարաբերությունները։ «Իմ մասին ուրիշները կպատմեն, եթե ասեմ՝ ես եմ արել, կասեք գլուխ է գովում», — ասել է նա։